Հայերեն   English   Русский  

​Որ՞ն է մարզական լրագրողների «մեղքը»


  
դիտումներ: 2140

Ավանդույթի համաձայն` Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան տարեվերջին հարցում է անցկացնում և որոշում 2014-ի մրցաշրջանի մեր երկրի 10 լավագույն մարզիկներին:

Այս անգամ հարցմանը մասնակցել են մարզական թեմաներով գրող երեք տասնյակ գրչի մշակներ: Ի վերջո, Հայաստանի թիվ մեկ մարզիկ է ճանաչվել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: Երկրորդ տեղում է այդ մրցաձևի ևս մեկ ներկայացուցիչ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը:

Ուշագրավն այն է, որ քվեարկության բոլոր մասնակիցներն էլ նախապատվությունը տվել և ցուցակում առաջինը նշել են գյումրեցի մարզիկի անունը: Եվ քանի որ 1-ին տեղի համար տրվում է 10 միավոր, նա ընդհանուր հաշվով ստացել է 300 միավոր:

Ի դեպ, բոլոր լրագրողներն էլ երկրորդը նշել են Ջուլֆալակյանին: Նա ստացել է 270 միավոր և, ինչպես նշվեց, զբաղեցրել 2-րդ տեղը: Ապա հաջորդում են` ծանրորդ, Եվրոպայի առաջնության երկամարտի արծաթե մեդալակիր, պոկում և հրում վարժությունների Եվրոպայի արծաթե մեդալակիր Ռուբեն Ալեքսանյանը (189 միավոր), ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Գրիգոր Գրիգորյանը (175), ծանրորդ, Եվրոպայի առաջնության երկամարտի և հրում վարժության արծաթե մեդալակիր Վանիկ Ավետիսյանը (125), ձյուդոյի Եվրոպայի առաջնության և գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր Հովհաննես Դավթյանը (106), սամբոյի Եվրոպայի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը (104), մարտական սամբոյի աշխարհի չեմպիոն Մավրիկ Նասիբյանը (97), մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում 4-րդը ճանաչված, աշխարհի գավաթի խաղարկության հենացատկերի հաղթող, Ռիգայում կայացած միջազգային մրցաշարի բացարձակ հաղթող Արթուր Դավթյանը (96), ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գարիկ Բարսեղյանը (74):

Լավագույն թիմ է ճանաչվել Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը, որը ոսկե մեդալների թվով առաջին տեղն է գրավել Տաշքենդում կայացած աշխարհի առաջնությունում:

Այդուհանդերձ, անցնող տարին մեդալների առումով բերքառատ չէ: Թեև ունենք ըմբշամարտի աշխարհի երկու չեմպիոն, մեր մյուս մարզիկների ցուցանիշներն անհամեմատ ցածր են: Մասնավորապես, 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Ալեքսանյանը 111 միավորով հետ է մնում տասնյակում 1-ին, 81 միավորով` 2-րդ տեղը գրաված մարզիկներից: Չի անտեսվել նաև այն հանգամանքը, որ գերծանրքաշային հայ ծանրորդն աշխարհի առաջնությունում չի բարձրացրել պատվիրված ծանրությունը և 0 է ստացել: Ի՞նչ կարելի է անել, սա է մեր ունեցածը:

Քվեարկելիս առաջին հերթին հաշվի են առնվում օլիմպիական, նաև Հայաստանում տարածում ունեցող մարզաձևերի ներկայացուցիչների` օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում ցույց տված արդյունքները, բայց այս անգամ թերևս մեծ բացառություն է արվել սամբոյի ներկայացուցիչներին, որոնցից երկուսը լավագույնների տասնյակում են: Ընդ որում, մի մարզիկ մարտական սամբոյի ներկայացուցիչ է:

Մինչդեռ, ինչպես հայտնի է, սամբոն օլիմպիական մարզաձև չէ: Այն հապավում է և ռուսերեն նշանակում է ինքնապաշտպանություն առանց զենքի: Այս մարզաձևը խորհրդային տարիներին արմատավորված էր հիմնականում Ռուսաստանի և խորհրդային հանրապետությունների ոստիկանական համակարգի մարզական կառույցներում: Հետագայում քանիցս սամբոյի ներկայացուցիչները դիմել էն Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարությանը, որպեսզի այն ևս օլիմպիական գրանցում ստանա, բայց ոչինչ չի ստացվել: Եվ ահա օրերս սամբոյի Ռուսաստանի և Եվրոպայի ֆեդերացիաների նախագահ Սերգեյ Ելիսեևը կրկին դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարությանը, որպեսզի սամբոն ընդգրկվի օլիմպիական խաղերի ծրագրում: Հերթական անգամ քայլեր են ձեռնարկվել, սակայն արդյունք չկա: Համենայն դեպս հույսը վերջինն է մեռնում:

Անկասկած, այս ամենին քաջատեղյակ է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեոնիդ (Լևոն) Հայրապետյանը, սակայն նա տրտնջում է, որ քվեարկության ժամանակ սամբոյի ներկայացուցիչների նկատմամբ խտրականություն է դրսևորվել, և նրանք չեն հայտնվել լավագույն տասնյակի ավելի բարձր հորիզոնականներում: Մինչդեռ, եթե մարզական լրագրողներն ավելի խստապահանջություն, անաչառություն դրսևորեին, ոչ օլիմպիական, ոչ էլ Հայաստանում մեծ մասսայականություն վայելող սամբո մարզաձևի ներկայացուցիչներն ընդհանրապես չպետք է ընդգրկվեին տասնյակում: Սահմանված կարգը դա է թելադրում: Իսկ անհարկի խոսակցություններից խուսափելու համար լրագրողները հետագայում հենց այդպես էլ պետք է վարվեն և անսկզբունքայնություն չդրսևորեն: Երբ սամբոն օլիմպիական մարզաձև դառնա, մոտեցումն էլ կվերանայվի, հակառակ պարագայում ստացվում է, որ սամբոն առավելություն ունի մի շարք գրավիչ մենապայքարային, նույնպես ոչ օլիմպիական մարզաձևերի նկատմամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: