Հայերեն   English   Русский  

Լեռնագոգում Նեոլիթի շրջանի ճարտարապետություն է հայտնաբերվել


  
դիտումներ: 1689

Հնագիտության ասպարեզում 2017 թվականի փայլուն արդյունք ենք արձանագրել:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:

Տարածաշրջանում առաջին անգամ հայտնաբերվել է ստացիոնար բնակատեղի, որի ստորին շերտերը թվագրվում են Ք.ա 8-րդ հազարամյակի վերջով- 7-րդ հազարամյակի սկզբով: Պեղումները կատարվել են Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում:

Մինչ այդ Հայաստանում ամենահին բնակատեղին թվագրվում էր առավելագույնը Ք.ա.6-րդ հազարամյակի առաջին քառորդով: Սա, ըստ հնագետի, 2017թ. ամենաերևելի փաստագրումն է:

«Միջազգային գիտության մեջ տեսակետ կա, որ միջուկային գոտիներից հմտությունները տարածվում էին Փոքր Ասիայով դեպի Եվրոպա: Ըստ էության, մենք այսօր փաստագրել ենք ժամանակակից Հայաստանի տարածքում հուշարձան, որն այդ ժամանակների է, այսինքն՝ միջուկային գոտիներին բնորոշ չափանիշներով հուշարձան ենք արձանագրել»,- ասաց նա:

Ավելին ՝ հայտնաբերվել է, որ բնակատեղիում ապրող հասարակությունը տիրապետել է որոշակի ճարտարապետության:

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Արթուր Պետրոսյանի խոսքով՝ Լեռնագոգի կարևորությունն այն է, որ ոչ միայն հայտնմաբերվել են 7-րդ դարաշրջանի բնակատեղիներ, այլև կավից շինության հետքեր են գտնվել:

«Մարդիկ տիրապետել էին կավի ճարտարապետությանը: Դեռևս 2015 թ. հետախուզական աշխատանքներ կատարելուց Լեռնագոգում գտել էինք 10-րդ հազարամյակին բնորոշ գործիքներ, որոնք քարից ճարտարապետության հետ կապ ունեին: Իսկ 2017 թ. արդեն ավելի մեծ մասշտաբով սկսեցինք պեղել և գտանք անխաթար շերտեր, ոսկրաբանական նյութեր, որոնք թույլ տվեցին ավելի հստակ պատկերացում կազմել»,- ասաց Արթուր Պետրոսյանը:

Հատկանշական է, որ հայաստանցի գիտնականների հետ միասին աշխատել են նաև ճապոնացի մասնագետներ:

Ճապոնիայի Տոկայի համալսարանի դոկտոր Մակոտո Արիմուրան և նրա ուսանողներն արդեն հինգ տարի աշխատում է այս հնավայրում.«Կովկասը Նոիլիթի համար կարևոր տարածք է: Ես պեղումների եմ մասնակցել և Թուրքիայի և Սիրիայում, որտեղ նշված շրջանի շատ հուշարձաններ կան, բայց Կովկասի մասին դեռևս տվյալներ չունեինք: Այս հետազոտությունների շնորհիվ պարզ դարձավ, որ Հայաստանի տարածքում այս շրջանում եղել է բնակատեղի, որտեղ մարդիկ ապրել են: Ինձ համար անակնկալ էր, որ ճարտարապետություն հայտնաբերվեց: Կովկասում այդ ժամանակաշրջանում առաջին անգամ է ճարտարապետություն հայտնաբերվում»,- նշեց ճապոնացի գիտնականը:

Մյուս տարի նույն տարածքում ուսումնասիրությունները կշարունակվեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: