Հայերեն   English   Русский  

Բոլոր համայնքները պետք է ունենան ջրահեռացման և մաքրման անհրաժեշտ ենթակառուցվածքներ. Արծվիկ Մինասյան


  
դիտումներ: 570

ՀՀ բնապահպանության նախարարությունը առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ ջրային օրենսգրքում:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Ըստ նրա ՝ նպատակն է ջրամատակարարման համակարգում ջրահեռացման և ջրամաքրման աշխատանքներ իրականացնելը, որը կնպաստի ավելի բարեկեցիկ միջավայրում ապրելուն:

«Սրանով մենք մեր ջրային ռեսուրսների պաշարներն ավելի ընդունելի համակարգեր ենք տեղափոխում: Սա կօգնի մաքուր շրջակա միջավայր ունենալ: Ջրահեռացման համար հստակ կանոններ կգործեն և արտադրական կեղտաջրերը չեն խառնվի ընդհանուր կոյուղաջրերի հետ: Այսօր էլ մենք բավական վատ վիճակ ենք տեսնում, օրինակ` Շենգավիթի հատվածում, երբ արտադրական ջրերը խառնվում են ընդհանուր կոյուղաջրերի հետ և համակարգը խաթարվում է»,- նշեց նախարարը:

Բոլոր համայնքները պետք է ունենան ջրահեռացման և մաքրման անհրաժեշտ ենթակառուցվածքներ և դրանք պետք է հասանելի դարձնել հասարակությանը:

«Նկատի ունենալով, որ սա մեծ բեռ է՝ ներդնելու գործողությունը հետաձգվել է մի դեպքում 2025, մյուս դեպքում՝ 2030 թ-ը, ինչը հնարավորություն է տալիս մասնավոր սեկտորին և պետությանը՝ ի դեմս կառավարության որդեգրած քաղաքականության, դրամաշնորհներ ներգրավել այս ծրագրերը թեկուզ մասնակի իրականացնելու համար», - նշեց նախարարը:

Նախագծով արտոնություններ կսահմանվեն ջրի կրկնակի օգտագործման դեպքում. «Այս կարգավորումները բացում են դաշտ: Մասնավոր սեկտորը կտեսնի, որ ջրամաքրման միջոցով կարող է բիզնես նախագծեր սկսել: Այն մարդիկ, ովքեր կվերցնեն և կմաքրեն ջուրը, պետք է իմանան, որ արտոնություններ կունենան՝ որոշ վճարումներ նրանց համար կնվազեցվեն, անգամ կզրոյացվեն», - ասաց նա:

Արծվիկ Մինասյանը գտնում է, որ այս օրենքների փաթեթը բացում է հնարավորություն, որպեսզի մի կողմից մասնավոր սեկտորը տեսնի, որ ջրահեռացման, մաքրման համակարգեր որպես բիզնես պրոյկետներ իրացնի: Մյուս կողմից, կարագավորող մարմինը պետք է հստակ լիցենզավորում կատարի այն դեպքերում, երբ չկան մրցակիցներ:

Նախարարը հաղորդեց, որ այս պահին հանրապետությունում գործում են մաքրման 6 մեխանիկական կայաններ, մինչդեռ չկան ենթակառուցվածքներ, որոնք հնարավորություն կտան բոլոր համայնքներում կենսաբանական մաքրում իրականացնել: Ամբողջ Հայաստանում նման կայաններ ունենալու համար անհրաժեշտ է մոտ 2.5 մլրդ դոլարին համարժեք դրամի ներդրում :





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: