Հայերեն   English   Русский  

Ե​րեք տարի անցավ, չգրված նամակներ Ձմեռ պապին


  
դիտումներ: 2384

Ուղիղ 3 տարի առաջ հունվարի 12-ի լուսաբացը ահասարսուռ էր Գյումրիում: Բոթը շատ արագ տարածվեց՝ լուսադեմին իրենց իսկ տանը սպանված էր հայտնաբերվել Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը, այդ թվում՝ երկու մանկահասակ երեխա:

Դեպքի առնչությամբ հարուցվեց քրեական գործ ու որպես մեղադրյալ գործում ներգրավվեց Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Վալերի Պերմյակով: Նա դեպքին նախորդող գիշերը փախուստի էր դիմել զորամասից՝ իրեն ամրակցված զենքով, ըստ քրեական գործի:

Դասալքության համար ռուսական կայազորային դատարանը, ապա սպանության դեպքով հայկական դատարանը մոտ մեկ տարում անցկացրեց դատավարություն, վերջն արդյունքում՝ Վալերի Պերմյակով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով, ազատազրկման դատապարտվեց ցմահ:
Հետագայում, արդարադատության նախարարության հայտարարությամբ պարզ դարձավ՝ Պերմյակովը պատիժը կրելու է իր երկրում, և նրան արտահանձնեցին ՌԴ-ին:
Այսքանով ավարտվեց այն բոլոր դեպքերն ու իրադարձությունները, որ կապված էին Ավետիսյանների դաժան սպանության հետ:
Ավետիսյանների հարազատները մինչև վերջ չհավատացին, որ մեկ զինծառայողը կարող էր մեկ հրազենով այնպես սպանել հինգ հասուն մարդու, որ շուրջբոլորը ոչ մեկը չիմանա: Առավել դաժան էր երեխաների սպանության հանգամանքը, բայց նրանք արդարությունը վերականգնելու, իրական ճշմարտությունը բացահայտելու հույս չունեն, նրանք ասում են՝ զգում են միայն անտարբերություն:
Սպանությունից 3 տարի անց Ավետիսյանների տան դուռը նորից բացվեց, այստեղ ամեն ինչ նորից նույնն էր, բնակարանի տոնական զարդարանքը, հատակին մնացած ու արդեն բորբոսնած արյունը, փլվող տունը:
՛՛Էս ընտանիքը, կարծես, ծնված լիներ մահանալու համար: Ոչ կային, ոչ ծնվել էին, ոչ էլ մի հատ հուշաղբյուր, մի հուշաքար, որ ժողովուրդն իմանար էդ անմեղ փոքրիկները ինչի զոհ դարձան... Նրանք դեռ ինչքան բան պիտի տեսնեին, ինչքան նամակ պիտի գրեին ձմեռ պապին՛՛, - ասում է սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ջուլիետան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: