Հայերեն   English   Русский  

​Առևանգված լրագրող Աֆղան Մուխթարլըն Ադրբեջանում դատապարտվել է ազատազրկման


  
դիտումներ: 912

Ադրբեջանի Բալաքենի շրջանային դատարանում կայացել է լրագրող Աֆղան Մուխթարլըի գործով դատական նիստը:

Վերջինիս դատապարտել են 6 տարվա ազատազրկման: Այս մասին ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությանը հայտնել է կալանավորված լրագրողի փաստաբան Նեմաթ Քերիմլին: Ըստ նրա` լրագրողի` դատարանի դահլիճում գտնվող կողմնակիցները, ի նշան դատարանի որոշման դեմ բողոքի, Ադրբեջանի հիմն են երգել: Դատարանի որոշումը բողոքարկվելու է:

Լրագրող Աֆղան Մուխթարլըն հայտարարել է, որ իր դեմ հարուցված գործը շինծու է, և իրեն հետապնդում են Ադրբեջանի իշխող էլիտայի կոռուպցիոն գործունեության հետաքննման համար: Նիստի ընթացքում դատավորը լրագրողին վերջին խոսքի իրավունք է տվել, ինչին վերջինս պատասխանել է. «Դուք չեք կարող ինձ վերջին խոսք տրամադրել, ես մինչև մահ խոսելու եմ: Այս բոլոր ձերբակալություններն անտեղին են: Մենք ճաղերի հետևում էլ ենք գրելու: Մենք գրում ենք ոչ թե Ալիևին (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև) գահընկեց անելու, այլ մարդկանց հույս տալու համար: Դուք չեք կարող մեզ զրկել այդ հույսից: Մեզ կդատեք, ուրիշները կգրեն»:

Հիշեցնենք, որ վերջին մի քանի տարիներին Վրաստանում բնակվող Աֆղան Մուխթարլըն 2017 թ-ի մայիսի 29-ին Թբիլիսիից անհետացել էր: Ավելի ուշ պարզվել է, որ վերջինս ձերբակալվել է, գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում` մեղադրվելով սահմանի ապօրինի հատման, մաքսանենգության և ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու մեջ: Լրագրողի ընտանիքը պնդում է, որ նրան առևանգել են և գաղտնի տարել Ադրբեջան: Մուխթարլըի հարազատները վստահ են նաև, որ նրա առևանգման մեջ ներգրավված են նաև Վրաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչները:

Մայիսի 30-ին Աֆղան Մուխթարլըի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի «սահմանի ապօրինի հատում», «մաքսանենգություն», «առողջության և կյանքի համար վտանգավոր բռնության կիրառմամբ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ դիմադրություն» հոդվածներով: Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է 3 ամիս ժամկետով կալանքը: Աֆղան Մուխթարլըն հերքել է բոլոր մեղադրանքները: Տեղի և միջազգային իրավապաշտպանները նրան ճանաչել են քաղբանտարկյալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: