Հայերեն   English   Русский  

​Youtube-ի ներկայացուցիչը ներողություն է խնդրել ադրբեջանական անկախ Meydan TV լրատվական կայքից


  
դիտումներ: 947

«Youtube»-ի ներկայացուցիչը ներողություն է խնդրել առանց որևէ հիմնավորման ադրբեանական անկախ «Meydan TV» լրատվական կայքի մի քանի տեսանյութեր արգելափակելու համար: Այս մասին գրում է վերոնշյալ կայքը:

«Youtube, Muse Network»-ի թուրքական ներկայացուցչությունից ուղարկված նամակում նշված է, որ դա եղել է Ադրբեջանում գործընկեր ընկերության աշխատակցի անպատասխանատվության հետևանք: «Հինգ տարվա մեր գործունեության ընթացքում առաջին անգամ ենք բախվում նման անպատասխանատվության: Անհարմարության համար ներողություն ենք խնդրում»,- նշված է նամակում` հավելելով, որ փորձ է արվել Muse Network ընկերության պանելից ջնջել «Meydan TV»-ի տեսանյութերը, և այդ փորձն արած աշխատակցի նկատմամբ իրավական միջոցներ կկիրառվեն:

Նամակում ընդգծել են, որ իրենք մտադիր են փակել իրենց գրասենյակն ու դադարեցնել փաստացի գործունեությունն Ադրբեջանում: «Meydan TV»-ի տնօրեն Էմին Միլլին հայտարարել է, որ Muse Network-ից ներողությունը չի ընդունում` ստեղծված իրավիճակը անթույլատրելի անվանելով: «Youtube-ի ալիքից հեռացվել են ոչ ավել, ոչ պակաս մեր չորս տեսանյութերը: Բացի այդ, մենք նախազգուշացում ենք ստացել: Նման մի քանի նախազգուշացումներից հետո ալիքը փակվելու էր: Ես ներողությունը չեմ ընդունում: Ընկերությունը պետք է պատասխանատվություն կրի: Նրանք չպետք է հանդուրժեն անկախ մեդիայի նկատմամբ նման անարդարությունը»,- նշել է Էմին Միլլին:

Վերջինս պնդում է, որ ալիքի էջի միջամտությունը սկսվել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավար Ռովնագ Աբդուլլաևի մասին հետաքննչական հրապարակումից հետո: «Տեսնայութում խոսվում է Ռովնագ Աբդուլլաևի գործունեության մասին: Այն ունեցել է ավելի քան 50 հազար դիտում: Հեռացվել են նաև Իլհամ Ալիևի (Ադրբեջանի նախագահ) և նրա ընտանիքի, ոստիկանության դաժանությունների մասին պատմող տեսանյութեր»,- հավելել է «Meydan TV»-ի տնօրենը` ընդգծելով, որ Ադրբեջանի գրասենյակի փակումն ու նրա ղեկավար Շախրիար Թագիևի նկատմամբ քրեական գործի հարուցումը բավարար չեն:

Վերջինս կարծում է, որ պատասխանատվություն պետք է կրի ոչ թե առանձին անհատը, այլ ընկերությունը, որպեսզի դա դաս լինի բոլոր նրանց համար, ովքեր համաձայնության են գալիս Ադրբեջանի պետական նավթային ընկերության և այլ խոշոր ընկերությունների հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: