Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն պետք է հրաժարվի Սիրիայի գծով իր ծրագրերից. Թուրքիայի վարչապետ


  
դիտումներ: 293

Սիրիայի հյուսիսում «սահմանային անվտանգության ուժեր» ստեղծելու ծրագիրն ուղղված է Թուրքիայի դեմ: Ամերիկայի իշխանությունները պետք է հրաժարվեն դրանից: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

«ՆԱՏՕ-ի սահմանները պաշտպանելու փոխարեն դաշինքի գծով մեր դաշնակիցը գործում է ահաբեկիչների հետ համագործակցաբար: Դա Թուրքիայի նկատմամբ թշնամանք է: Միացյալ Նահանգները պետք է հրաժարվեն այդ սխալից»,- հայտարարել է Յըլդըրըմը Անկարայում ելույթ ունենալիս:

Ըստ Թուրքիայի վարչապետի՝ «սահմանային անվտանգության ուժերի» ստեղծումն ուղղված է Թուրքիայում կայունության վերացմանը՝ նպատակ ունենալով դանդաղեցնել նրա զարգացումն ու թույլ չտալ Թուրքիային ներդրում ունենալ տարածաշրջանային խնդիրների լուծման գործում:

Ավելի վաղ հաղորդվել է, որ միջազգային կոալիցիան, որը ղեկավարում են Ամերիկայի Միացյալ Նահանգները, սկսել է Սիրիայում ստեղծել «սահմանային անվտանգության ուժեր»: Այդ նոր սահմանային ծառայությունը ներառվելու են պաշտոնական Դամասկոսին հակընդդեմ «Սիրիական ժողովրդավարական ուժերի» զինյալները: Ըստ ծրագրի՝ նրանց թիվը կազմելու է մոտ 30 հազար: Պաշտոնական Անկարան Միացյալ Նահանգներին մեղադրում է YPG-ի (քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի») հետ համագործակցել շարունակելու մեջ:

Անկարան YPG-ն համարում է ահաբեկչական կազմակերպություն, որը, ըստ Անկարայի, կապեր ունի երկրում ահաբեկչական հայտարարված Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ: Պաշտոնական Անկարայի և Թուրքիայում ահաբեկչական հայտարարված Քրդական բանվորական կուսակցության միջև զինված համակարտությունը սրվել է 2015 թ-ի ամռանը՝ Սուրուչ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Այդ ժամանակ զոհվել էր 32 մարդ, հիմնականում՝ քրդեր: Քրդական բանվորական կուսակցության մարտիկները, որոնց Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն, թուրքական իշխանությանը մեղադրել են իսլամիստներին աջակցելու մեջ՝ վերսկսելով թուրքական ուժայինների դեմ պարտիզանական պայքար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: