Հայերեն   English   Русский  

​Ազատությունները 2017-ին Հայաստանում և Արցախում՝ ըստ «Freedom House»-ի


  
դիտումներ: 534

Հունվարի 16-ին «Freedom House» հետազոտական և իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա «Ազատությունն աշխարհում» զեկույցը։ Այս տարի զեկույցը կրում է «Ազատությունն աշխարհում 2018․ ժողովրդավարությունը ճգնաժամի մեջ» վերնագիրը։

Ազատությունները 2017-ին Հայաստանում և Արցախում՝ ըստ «Freedom House»-ի

Հունվարի 16-ին «Freedom House» հետազոտական և իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա «Ազատությունն աշխարհում» զեկույցը։ Այս տարի զեկույցը կրում է «Ազատությունն աշխարհում 2018․ ժողովրդավարությունը ճգնաժամի մեջ» վերնագիրը։ «Ազատությունն աշխարհում»-ն ամենամյա համաշխարհային միտումները դիտարկող զեկույց է՝ քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների մասին: 2018թ. զեկույցի ուսումնասիրության առարկա են դարձել 195 երկրներ և 14 տարածքներ՝ 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում:

Քաղաքական ու քաղաքացիական ազատությունները Հայաստանում

Զեկույցն անդրադառնում է նաև քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների իրավիճակին Հայաստանում և Արցախում։ Հայաստանը այս տարի, ինչպես 2017-ին դասակարգվել է «մասամբ ազատ» երկրների շարքին։ 7 բալանոց համակարգով, որտեղ 7-ը բացասական ցուցանիշն է, իսկ 0-ն դրականը, Հայաստանն ունի 4․5 միավոր։ Ընդ որում՝ Հայաստանում քաղաքական ազատություններն ավելի վատ վիճակում են գտնվում, քան քաղաքացիական ազատությունները։ Մասնավորապես՝ նույն 7 բալանոց համակարգում Հայաստանի քաղաքացիական ազատությունները ստացել են 4 բալ, իսկ քաղաքականները՝ 5, այսինքն՝ մեկ միավորով ավելի ցածր։

2017-ի ընտրությունները՝ ժողովրդավարական անկում

Զեկույցում կա անդրադարձ Հայաստանի 2017թ․ ընտրություններին։ Ըստ այդմ՝ անբարեխիղճ ընտրությունները ի ցույց դրեցին ընտրությունների շուրջ ժողովրդավարական նորմերի շարունակական անկումը Հայաստանում։ Ըստ «Freedom House»-ի՝ իշխող կուսակցությունը իշխանությունը պահելու նպատակով դիմեց ընդդիմության նկատմամբ ոտնձգությունների, ընտրողներին ահաբեկելու միջոցների և վարչական ռեսուրսի չարաշահման։

Ավելին, ըստ զեկույցի՝ ՀՀ-ում աչք զարնող ընտրախախտումները հակասում են Հայաստանի ձգտմանը՝ սերտացնել հարաբերությունները Եվրամիության հետ, որի հետ 2017-ի նոյեմբերին ստորագրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր։

Լեռնային Ղարաբաղ

Զեկույցը «վիճելի տարածքներ» բաժնում անդրադառնում է նաև Լեռնային Ղարաբաղին: Այս դեպքում ևս ցուցանիշը մնացել է անփոփոխ. 7 բալանոց համակարգով Արցախն ունի 5 միավոր՝ հավասարապես վատ քաղաքական և քաղաքացիական ազատություններով և «մասամբ ազատ» կարգավիճակով։ Այսպիսով, ըստ իրավապաշտպան կազմակերպության՝ Լեռնային Ղարաբաղում ազատությունները ավելի քիչ են պաշտպանված, քան Հայաստանում, բայց ավելի շատ, քան Ադրբեջանում: Տարածաշրջանի մյուս չճանաչված հանրապետություններից Աբխազիան ևս «մասամբ ազատ» է, մինչդեռ Ղրիմը, Հարավային Օսիան և Մերձդնեստրը՝ «ոչ-ազատ»։

Ավելի ուշ «Freedom House»-ը կհրապարակի նաև մանրամասն զեկույց յուրաքանչյուր երկրի համար։ Այդուհանդերձ հրապարակված տվյալներից արդեն իսկ պարզ է, որ Հայաստանը առանձին զեկույցում ևս քննադատության է արժանանալու 2017թ․ խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրակեղծիքների պատճառով։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: