Հայերեն   English   Русский  

​Մշակութային շաբաթ


  
դիտումներ: 3056

Հունվարի 19-ին Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում կներկայացվի Ջ.Պատրիկի ,Սիրելի Պամելաե պիեսը: Ամանորի հեքիաթ մեծահասակների համար:

Բեմադրությունը` Նարինե Մալյանի: Նկարչական ձևավորումը` Անդրանիկ Հարությունյանի: Դերերում` Սամվել Թոփալյան, Քրիստինա Հովակիմյան, Հայկ Սարգսյան, Աստղիկ Աբաջյան, Կարեն Խաչատրյան, Արա Սարգսյան, Լևոն Ղազարյան: Ներկայացումն այն մասին է, թե ինչն է օգնում մարդկանց չկորցնելու մարդկային էությունը, սիրելու միմյանց անկախ շահից` այդ կերպ արթնացնելով բոլորիս մեջ հետզհետե մարող հոգևոր հզոր ներուժը:

Հունվարի 20-ին «Բոհեմ» թատրոնում կներկայացվի «Ճտերն աշնանն են հաշվում» կատակերգությունը: Հեղինակներ՝ Նարեկ Դուրյան, Թելման Առաքելյան, Ռաֆի Թադևոսյան: Դերերում՝ Նարեկ Դուրյան, Վարուժան Մանուկյան, Գրիգորի Հակոբյան, Անդրանիկ Հարությունյան, Ռաֆայել Երանոսյան, Թամարա Պետրոսյան, Աշոտ Քարտաշյան, Թելման Առաքելյան և այլք:

Հունվարի 20-ին, ժամը 16:00-ին, «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը սիրով հրավիրում է բոլոր գրքասերներին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարան՝ սիրված գրողներից Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Գիշերային թռիչք» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսին: Թարգմանիչ՝ Շուշանիկ Թամրազյան: «Գիշերային թռիչք» վիպակն Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի երկրորդ արձակ ստեղծագործությունն է: Վիպակն առաջին անգամ լույս է տեսել 1931 թ., «Գալիմար» հրատարակչությունում, նույն թվականին այն արժանացել է «Femina» գրական մրցանակին՝ համընդհանուր ճանաչում բերելով հեղինակին: Այն երկու անգամ էկրանավորվել է: Մուտքն ազատ է:

Հունվարի 22-ին, ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա գեղանկարիչ Ռոբերտ Մանուկյանի «Արարատ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսի բացումը: Ռոբերտ Մանուկյանը ներկայացնում է Արարատը տարբեր տրամադրություններով, տարբեր եղանակներին, տարբեր հոգեվիճակներով, ինչի համար էլ նրան «Արարատի դիմանկարի» հեղինակ են կոչել: Նկարիչը ծնվել է 1929 թ., Երևանում, ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, ստեղծագործել է գեղանկարչության, գրաֆիկայի բնագավառներում: Ցուցահանդեսը բաց է մինչև փետրվարի 4-ը: Մուտքն ազատ է:

Հունվարի 23-ին և 24-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կներկայացվի «Սիրով ապագայից կամ Mea Culpa 2» տրագիկոմեդիան՝ 2 գործողությամբ: Հեղինակ՝ Վահրամ Սահակյան: Բեմադրող ռեժիսոր՝ Արթուր Սահակյան: Մտահղացման հեղինակ և պրոդյուսեր՝ Արմեն Համբարձումյան: Դերերում՝ Հրանտ Թոխատյան, Սամսոն Ստեփանյան, Լևոն Հարությունյան, Ջուլիետա Ստեփանյան, Արա Սարգսյան, Իրինա Դանիելյան և այլք:

Հունվարի 25-ին Հայաստանի երգի պետական թատրոնում տեղի կունենա Էմմա Ասատրյանի մենահամերգը: Կհնչեն հին ու նոր երգեր, պրեմիերաներ, զուգերգեր, ջազային ստեղծագործություններ, հայտնի հին և սիրված ստեղծագործություններ` նոր մատուցմամբ։ Համերգը կընթանա Հայաստանի լավագույն երաժիշտների մասնակցությամբ և կենդանի նվագակցությամբ, ինչպես նաև A-ERA art դպրոցի մասնակցությամբ։ Երաժիշտներ` Վահագն Հակոբյան, Տիգրան Սանոյան, Վարդան Առաքելյան, Արթուր Սողոյան, Լևոն Պուչչինյան: Հատուկ հյուրեր` Ֆորշ, Միքայել Ոսկանյան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: