Հայերեն   English   Русский  

​Գյումրեցի հերոսը վերածնվել ու ապրում է


  
դիտումներ: 1133

- Իր ծննդյան օրը միշտ միասին էինք նշում, նա սիրում էր այն ընտանիքի անդամների հետ անցկացնել, - ասում է Մանիկը՝ Մերուժան Ստեփանյանի քույրը:

Մերուժան Ստեփանյան

Ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանը ծնվել է Գյումրիում 1993 թվականին: Հայրը՝ Արթուր Ստեփանյանը, զինվորական է, մայրը՝ Նունե Ստեփանյանը, մանկավարժ: Մերուժանը դպրոցում լավ էր սովորում, նաև շատ րավեստասեր էր, երգում էր, նվագում, բանաստեղծություններ գրում: Հաճախ էր հոր հետ գնում զորամաս, շփվում զինվորների ու սպայական կազմի հետ: Հաստատ որոշել էր՝ զինվորական է դառնալու:

Դպրոցն ավարտելուց հետո Մերուժանն ընդունվում է Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Ավարտելուց հետո ծառայության է անցնում Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի զորամասում որպես մոտոհրաձգային դասակի հրամանատար: Երկու տարի անց հմտանում է հետախուզական գործում, դառնում՝ հետախուզության դասակի հրամանատար, հետախուզության պետ:
- Երբ տեղափոխվեց Արցախ՝ իր զինվորների հետ էր նշում ծննդյան օրը, տղաները նույնիսկ իր համար տորթ էին պատրաստում: Սիրում էին նրան, ինքն էլ անչափ բարի ու հոգատար էր, - պատմում է քույրը:
Մերուժանը հոգատար ու զինվորի կողքին էր նաև 2016-ի ապրիլյան դեպքերի ժամանակ: Ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը ջերմադիտակով դիտարկում կատարելիս մոտ տարածության վրա հայտնաբերում է հակառակորդին:
Առանց խուճապի մատնվելու կազմակերպում է շրջանաձև պաշտպանություն և դիրքի անձնակազմին հաջողվում է կասեցնել հակառակորդի գրոհը: Մարտական գործողություններին մասնակից տղաներն են նշում՝ ժամեր շարունակ տարբեր տրամաչափի տասնյակ արկերի տեղատարափ է եղել իրենց ուղղությամբ: Նահանջած հակառակորդը երեկոյան ավելի մեծաքանակ ուժերով է սկսել գրոհը: Ավագ լեյտենանտը իր 9 հոգանոց դասակով մարտի է բռնվում դեպի հայկական խրամատը լցվող հակառակորդի ուժերի հետ:
Դիրքը բնակավայրից հեռու էր ու մեկուսացած, զինամթերքն ու օգնող ուժերը ուշանում են: Տղաների մոտ վերջանում են փամփուշտները, Մերուժանը հրամայում է շարունակել պայքարը ձեռնամարտով: Անհավասար կռվում զոհվում է հրամանատարը, նաև երեք զինվոր: Մյուս հինգ տղաները վիրավորում են ստանում, բայց կարողանում են նահանջել ու հրաշքով փրկվել:
Մերուժան Ստեփանյանն իր վերջին ծննդյան օրը նշել էր 2016-ին՝ 23-ամյակը:
Արդեն երկու տարի է հունվարի 17-ին հարազատները, մարտական ընկերներն ու զոհված տղաների ծնողները,
Մերուժանին շնորհավորելու են գալիս ազատամարտիկների ''Շիրակ'' պանթեոն:
Ավագ լեյտենանտը զոհվեց, բայց նրա կյանքն այսօր շարունակվում է. Ստեփանյանների ընտանիքում Մերուժանը վերածնվեց նույն տարում: Նրան մեկ ու կես տարի առաջ լույս աշխարհ բերեց Մերուժանի քույրը՝ Մանիկ Ստեփանյանը: Ասում է, երբ իմացել է նորից որդի է ունենալու, ցանկություն է ծնվել նրան անվանակնքել եղբոր անունով, բայց այդ մասին ոչ մեկին չի ասել:

Մերուժան Ստեփանյան

- Երեխայի ծնվելուց հետո ամուսինս ինձ տեսակցության եկավ փոքրիկի ծննդականը ձեռքին. նա մեր բալիկին անվանակոչել էր Մերուժան, - ասում է Մանիկը:
Նրա ամուսինն էլ է զինվորական, Մերուժանի ընկերն էր: Ապրիլյան դեպքերի ժամանակ վիրավորում է ստացել, նրան տեղափոխել են Երևան: Մանիկը Երևանում է իմանում զոհվելու մասին լուրը:

Մերուժանի մայրն էլ հիշում է, ապրիլյան իրադարձություններից հետո, մի օր երազում որդուն է տեսնում, որն ասում է՝ դա ես չեմ եղել, ուրիշին են բերել, ես կամ: Եվ ահա Մերուժանը ընտանիք է վերադարձել փոքրիկի միջոցով:
Փոքրիկ Մերուժանը ժառանգել է անվանակից մորեղբոր բնավորության գծերն ու շարժուձևը:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: