Հայերեն   English   Русский  

​Հույները, ասորիները եւ եզդիները. ԱԺ-ի հետեւողականությունը


  
դիտումներ: 4880

ՀՀ ԱԺ-ի հայտարարությունը եզդիների դեմ կատարված ցեղասպանությունը դատապարտող` բարոյական անհրաժեշտ դիրքորոշմանն առընթեր հստակորեն ունի քաղաքական այժմեական նշանակություն:

Այս դեպքում բարոյականը այն մղումն է, որ նույնինքն ցեղասպանության ենթարկված ազգի պետությունն է, որը պարտք է համարում իր հետապնդած ճանաչումների արշավի նման ճանաչել այլ ցեղասպանյալ ժողովրդի իրողությունը եւ դրանից ելնելով դատապարտել այն:

Այստեղ կա կարեւոր այլ հանգամանք եւս. եզդի ժողովուրդը ՀՀ-ում ունի իրավական կարգավիճակ իբրեւ ազգային փոքրամասնություն. ինչը նշանակում է, թե քաղաքացիությամբ հայաստանցի եւ ազգությամբ եզդի բնակչությունը ՀՀ ժողովրդի մաս է կազմում: Պատմական օրինակները մի պահ թողնելով, հիշենք միայն վերջերս ազգությամբ եզդի զինվորի նահատակությունը ապրիլյան պատերազմին:

Հիմա կենտրոնանանք քաղաքական ուղերձների վրա, որոնք տեղ են գտել ԱԺ-ի քվեարկած հայտարարությունում: Այնտեղ կա հղում Ցեղասպանության առնչությամբ ՄԱԿ-ի համապատասխան հոդվածներին, կանոնակարգային սահմանումներին, ցեղասպանական հանցագործությունները կանխարգելելու անհրաժեշտության, ինչպես նաեւ ազգային եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքները հարգելու միջազգային իրավունքով ամրագրված պետությունների պարտավորություններին: Ի դեպ, 2015-ին հույների եւ ասորիներ դեմ իրականացված ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման ԱԺ-ի քվեարկած բանաձեւը եւս այս մասով համահունչ էր եզդիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությանը: Այնտեղ բացակայում էր ներքեւում նշված բաժինը:

Հայտարարությունը ապա անցնում է ճանաչման եւ դատապարտման բաժիններին, որոնք միեւնույն տողերում համատեղվել են: Այստեղ արդեն ուղղակի ակնարկ կա ցեղասպանության տարբեր բնույթի հանցագործողությունների իրականացման փաստերին եւ ցեղասպանության իրականացման աշխարհագրական միջավայրին: Հայտարարությունը դատապարտում է ահաբեկչական դրսեւորումները, ծայրահեղական գաղափարախոսությունը եւ այդ բոլորի ներշնչանքների ներքո կատարված ցեղասպանական արարքները:

Այս բոլորից հետո ՀՀ ԱԺ-ն կոչ է անում միջազգային հանրությանը` միջազգային կառուցակարգերի միջոցով հետաքննել կատարված հանցագործությունները, հետապնդել եւ պատասխանատվության ենթարկել միջազգային հանցագործություններ կատարած անձանց, ձեռնարկելու միջոցներ եզդի բնակչությանն անվտանգությունն ու պաշտպանությունը ապահովելու, նրանց մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար, ինչպես նաեւ գործադրել բոլոր հնարավոր ջանքերը ապագայում մարդու իրավունքների ուղղությամբ նման խախտումները կանխելու, բացառելու եւ վերացնելու համար:

Մշակված բանաձեւ է նաեւ այս հայտարարությունում տեղ գտած այն հատվածը, որտեղ ԱԺ-ն այս առիթով իր համերաշխությունն է հայտնում Իրաքի պետությանը եւ ժողովրդին: Ներկա ռազմաքաղաքական պայմաններում միայն Իրաքի պետության կամ միայն Իրաքի ժողովրդին համերաշախություն հայտնելը կարող էր որոշ մեկնաբանության դուռ բացել. հատկապես եթե նկատի ունենանք, որ քուրդ ազգաբնակչությունը մաս կազմելով Իրաքի ժողովրդի կարեւոր հանգրվաններում տրամագծորեն հակոտնյա դիրքերի վրա է հայտնվում Իրաքի պետության ճշտորոշած մոտեցումների նկատմամբ:

Եզդիների նկատմամբ կատարված մարդկության դեմ ոճիրները, համաշխարհային լրատվամիջոցների, դրանց հաղորդումներին եւ քննարկումներին մասնակցող հասարակական դեմքերի թե վերլուծաբանների կողմից նկատվեցին իբրեւ էթնիկ զտումներ կամ ցեղասպանական արարքներ: Տեղահանություններն ու սպանությունները կայացան տեղեկատվական բաց համակարգով եւ բազմաարբանյակային հեռարձակումներով հատկանշված մթնոլորտում:

Մինչ այժմ սակայն, պաշտոնական Երեւանն է միայն, որ իր ԱԺ-ով ճանաչում է եւ դատապարտում եզդնիների ցեղասպանությունը եւ միջազգային հանրությունից պատժելիություն է պահանջում հանցագործների նկատմամբ:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: