Հայերեն   English   Русский  

​Ընտրական կրքեր Չեխիայում. նախագահի աթոռի համար թեժ պայքար է ընթանում


  
դիտումներ: 2651

Չեխիայում պատրաստվում են նախագահական ընտրությունների երկրորդ փուլին, որը տեղի կունենա հունվարի 26-27-ը։ Օրեր առաջ տեղի ունեցավ ընտրությունների առաջին փուլը։ Նախագահի աթոռի համար պայքարում էր 9 թեկնածու։ Երկրորդ փուլ են անցել երկուսը՝ ներկայիս նախագահ, 73-ամյա Միլոշ Զեմանը և Չեխիայի գիտությունների ակադեմիայի նախկին ղեկավար, 68-ամյա Իրժի Դրագոշը։

Փաստորեն երկրորդ համապետական նախագահական ընտրություններն են Չեխիայում։ Քանի որ խորհրդարանական հանրապետությունում նախագահի պաշտոնն ավելի շատ խորհրդանշական բնույթ ունի՝ սահմանափակ իրավասություններով ու հնարավորություններով, նախկինում հենց խորհրդարանն էր ընտրում նախագահին։ Սակայն 2013-ից գործում է նախագահի ուղիղ ընտրության կարգը։ Ընտրություններին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցողների շուրջ 62 տոկոսը։ Քվեների քանակով առաջին հորիզոնականում է Միլոշ Զեմանը։ Սակայն ընտրապայքարից դուրս մնացած մյուս յոթ թեկնածուները սատարում են Իրժի Դրագոշին՝ իրենց ընտրազանգվածին կոչ անելով քվեարկել հենց նրա օգտին։

Նախագահական ընտրությունները Չեխիայում այս անգամ նման աժիոտաժ են առաջացրել այն պատճառով, որ խորհրդարանը միասնական չէ։ Ընտրությունների արդյունքներով խորհրդարան է անցել 9 կուսակցություն: Գործող վարչապետ Անդրեյ Բաբիշը խորհրդարանում մեծ աջակցություն չունի, նրա կազմած առաջին կառավարությունը խորհրդարանի վստահության քվեն չստացավ, և այժմ նա կառավարություն ձևավորելու երկրորդ փորձը պետք է ձեռնարկի։ Այս ամենի պատճառով նա առավել հակված է ընթանալու հասարակական տրամադրությունների հունով։ Եվ այս պայմաններում նախագահի խոսքը, որը մեծ դեր ունի հասարակական կարծիք ձևավորելու գործում, ավելի ծանրակշիռ է դառնում։

Որքան էլ տարօրինակ է, նախագահի պաշտոնի համար պայքարող թեկնածուների հիմնական հակասություններն արտաքին քաղաքականությանն են վերաբերում, չնայած Չեխիայում նախագահը որևէ իրավասություն չունի արտաքին քաղաքականության հարցում։

Իրժի Դրագոշ

Եթե Զեմանը դեմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին՝ կարծելով, որ դրանցից ավելի շատ հենց Եվրոպան է տուժում, քան Ռուսաստանը, ապա Դրագոշը՝ հակառակը։

Զեմանը Եվրահոռետես է, կողմ է ԵՄ-ից դուրս գալու հանրաքվե անցկացնելուն, մինչդեռ Դրագոշը ոչ միայն ԵՄ կազմում մնալու կողմնակից է, այլև կողմ է ազգային արժույթը եվրոյով փոխարինելուն։

Եթե Զեմանը դեմ է միգրանտներ ընդունելուն, ապա Դրագոշը կողմ է։ Եվ այսպես մի շարք այլ հարցերում։ Ու չնայած վերը թվարկված և տարաձայնության առարկա այլ հարցերում նախագահն իրավասություններ չունի, այս կամ այն հայացքների տեր մարդու ընտրությունը կվկայի չեխ հասարակությունում գերակշռող տրամադրությունների մասին։ Առաջին փուլի արդյունքներով դեռևս հաղթանակող է Զեմանը, նա ստացել է քվեների 38,5 տոկոսը։ Եթե ընտրապայքարից դուրս մնացած թեկնածուների ընտրազանգվածը չմիավորվի Դրագոշի շուրջ, Զեմանը հաղթելու հնարավորություն կունենա նաև երկրորդ փուլում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: