Հայերեն   English   Русский  

​Սաուդյան Արաբիայում կանանց իրավունքներն ազատականացվում են


  
դիտումներ: 2271

Սաուդցի կանանց համար 2018-ը կարծես լինելու է իրավունքների հաղթարշավի տարի։ Միայն վերջին մի քանի օրերին այս երկրում կանանց իրավունքների առումով մի քանի պատմական իրադարձություններ են տեղի ունեցել. կանայք ֆուտբոլային խաղին հետևել են մարզադաշտից, բացվել է ավտոմեքենաների ցուցահանդես-վաճառք միայն կանանց համար, ինչպես նաև կանանց տաքսի վարելու թույլտվություն է տրվել։

«Եթե ինձ հարցնեն՝ որ երկրում են ամենից արագ տեմպերով ընդլայնվում կանանց իրավունքները, առանց վարանելու կպատասխանեմ՝ Սաուդյան Արաբիայում: Դատեք ինքներդ, ընդամենը 2017 թ. սեպտեմբերին ավտոմեքենա վարելու իրավունք ձեռք բերած սաուդցի կանանց հետևողականորեն թույլատրվեց, բացի թեթև մարդատար մեքենաներից, վարել նաև բեռնատարներ, տրակտորներ: Սաուդցի կանանց ամենավերջին «ձեռքբերումը», սակայն, տաքսի վարելու իրավունքն է, որը թագավորության իշխանություններն արտոնել են արդեն ընթացիկ տարվա մարտից: …Հարկ է նշել, որ նման գործելաոճով սաուդյան իշխանությունները ոչ միայն երկրի և հասարակության ազատականացման տպավորություն են փորձում ստեղծել, այլև սոցիալական խնդիր են լուծում՝ ստեղծելով կանանց համար շուրջ 10 հազար հավելյալ աշխատատեղ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Ավտոսրահ՝ միայն կանանց համար

Այս տարվա հունիսից ուժի մեջ կմտնի կանանց վարելու իրավունք տվող որոշումը։ Եվ մինչ որոշումն ուժի մեջ կմտնի, շուկան արդեն պատրաստվում է փոփոխություններին, իսկ ակտիվիստները, որոնք տարիներ շարունակ պայքարել են վարելու իրավունքի համար, ընտրում են, թե ինչ մեքենա գնեն։

Սաուդյան Արաբիա

Հաշվի առնելով հասարակության մենթալիտետը, գործող կարգերը և տեղի ունեցող փոփոխությունները՝ Ջիդդա քաղաքում ավտոսրահ է բացվել, որը նախատեսված է միայն կանանց համար։ Այստեղ բոլոր աշխատակիցները կանայք են։ Ուշագրավ է, որ ավտոսրահը տեղակայված է առևտրի կենտրոնում, որը նույնպես նախատեսված է միայն կանանց համար և ղեկավարվում է կանանց կողմից։

Ավտոսրահում ցուցադրված մեքենաների ցանկը դեռևս հայտնի չէ, սակայն հայտարարվել է, որ ներկայացված են խնայող և էկոլոգիական, այսինքն՝ կանաչ համարում ունեցող ավտոմեքենաներ։

Ակնկալվում է, որ կանանց վարելու իրավունք տվող որոշման ուժի մեջ մտնելուց մի քանի տարի անց շուկան կհամալրվի 9 մլն նոր վարորդներով։

Առաջին կին տաքսիստները

Երկրի իշխանությունները հայտնել են, որ այս տարվանից Սաուդյան Արաբիայում կանայք նաև տաքսի վարելու թույլտվություն կստանան։ Լուրը մեծ ոգևորությամբ են ընդունել երկրում գործող օն-լայն տաքսի ծառայությունները՝ Uber-ը և Careem-ը։ Այս ընկերություններն արդեն հայտարարել են կին վարորդների աշխատանքի ընդունելու մտադրության մասին։ Ավելին, Careem-ը կանանց համար Էր Ռիյադում 90 րոպե տևողությամբ ավտովարման դասընթացներ է կազմակերպել՝ հույս ունենալով, որ նրանց մի մասը կկարողանա վարորդական վկայական ստանալ ու աշխատանքի անցնել որպես տաքսիստ։

Նշենք, որ կանայք կկարողանան աշխատել թե՛ ցերեկային, թե՛ գիշերային ժամերին, ոչ ավելի, քան օրական ութ ժամ։ Նրանց ծառայություններից կկարողանան օգտվել միայն կանայք և ընտանիքներ։ Այսպիսով, կանայք կկարողանան տաքսի ծառայությունից օգտվել առանց արական սեռի հարազատի ուղեկցության։

Ակնկալվում է, որ այսպիսով կանանց համար շուրջ 10 հազար աշխատատեղ կստեղծվի։

Ֆուտբոլը՝ մարզադաշտից

Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի առաջնության շրջանակներում կանայք առաջին անգամ կարողացել են հետևել սպորտային խաղին մարզադաշտից։ Երեք խոշոր քաղաքներում՝ Էր Ռիյադում, Էդ Դամամում և Ջիդդայում մարզադաշտերը վերափոխվել են։ Կին երկրպագուների համար առանձին հարկաբաժին է ստեղծվել։ Կանայք ունեն նաև առանձին տոմսային համակարգ և մուտք դեպի տրիբունա։

Ուշագրավ է, որ ուսումնական հաստատություններում էլ աղջիկներին թույլատրվել է սպորտով զբաղվել։

Միայնակ կանանց մուտքը երկիր կթույլատրվի

Ազատականացման մեկ այլ դրսևորում է միայնակ զբոսաշրջիկ կանանց մուտքը երկիր թույլատրելը։ Նախկինում կանայք Սաուդյան Արաբիա կարող էին այցելել միայն արական սեռի հարազատի կամ ամուսնու ուղեկցությամբ։ Այսուհետ, սակայն, 25 տարեկանից մեծ կանայք կկարողանան որպես զբոսաշրջիկ Սաուդյան Արաբիա այցելել։ Նրանց երկիր այցելելու մեկանգամյա վիզա կտրամադրվի 30-օրյա ժամկետով։ Տուրիստական վիզայով երկիր այցելողներին, սակայն, կարգելվի սրբազան համարվող Մեքքա և Մեդինա քաղաքներ այցելել։

Իշխանությունները պլանավորում են զարկ տալ զբոսաշրջությանը և այդ նպատակով արդեն իսկ սկսել են ծովափնյա հանգստյան գոտու շինարարական աշխատանքները։

Կատարվող բոլոր փոփոխությունները տեղի են ունենում «Տեսլական 2030» ծրագրի շրջանակներում, որը նախաձեռնել է արքայազն Մուհամեդ բեն Սալմանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: