Հայերեն   English   Русский  

​Եթե անգամ չհաջողվի համաշխարհային առաջատար դառնալ, ապա գոնե ոչ ոք ու ոչինչ չի կարող խանգարել ձգտել դրան. հայկական բրենդի հաջողության գաղտնիքը


  
դիտումներ: 4259

Միշտ էլ ուրախալի է, երբ միջազգային հեղինակավոր բրենդների կողքին տեսնում ես նրանց հետ հաջողությամբ մրցակցող որակյալ հայկական բրենդ:

Հայկական այդպիսի եզակի բրենդներից է երիտասարդական ոճային հագուստի «Լայթ Աֆֆեկտը», որը հիմնականում երիտասարդներին է առաջարկում բավականին բարձր որակով ու բավականին հասանելի գներով հագուստ: Այս բիզնեսը սկսել է երիտասարդ դիզայներ Լևոն Ալաջալյանը 2 տարի առաջ՝ 2016 թ.: Այն ժամանակ երիտասարդ ձեռներեցը դեռ խանութի, սեփական վաճառասրահի մասին չէր էլ մտածում:

«Մի քանի շապիկի գաղափար ունեի: Ես մասնագիտությամբ դիզայներ եմ, ու այդ շապիկների գաղափարն արտահայտվելու ինչ-որ ձև էր: Արեցի, ինձ թվում էր՝ մարդիկ կհավանեն, և չսխալվեցի»,- «Անկախի» հետ զրույցում հիշում է «Լայթ Աֆեկտ» ընկերության հիմնադիր տնօրեն Լևոն Ալաջալյանը:

Առաջին քայլն էլ հենց դա եղավ. փոքր քանակությամբ՝ 15-20 հատ շապիկ արտադրեց, ինչը միանգամից մեծ արձագանք գտավ ու անմիջապես վաճառվեց: Եվ այդպես էլ սկսվեց «Լայթ Աֆֆեկտի» մեծ ուղին: Այդ շապիկները կարելուց ու շատ արագ վաճառելուց հետո արդեն պարզ դարձավ, որ կարելի է զարգացնել գաղափարը, առաջ գնալ, մրցել Հայաստանում ներկայացված արտասահմանյան բրենդների հետ, որոնք նույն սեգմենտում են աշխատում:

«Սկսելու համար պետք էր ուղղակի տարբերվող՝ կրեատիվ գաղափար, որը կար: Դեռ շատ գործիք չկար, դեռ պատկերացում չունեինք, թե ինչ է պետք շուկային, ինչը կարող էր վաճառվել, ինչը՝ ոչ, ուղղակի իմ ճաշակով ստեղծեցի շապիկներն ու մատուցեցի, և ընդունվեց: Ներքուստ համոզված էի, որ հաջողվելու է: Հետո շատացրինք տեսականին, սկսեցինք պայուսակներ էլ արտադրել, որոնք նույնպես մեծ արձագանք գտան, դրանց վաճառքն ու առաքումն անձամբ ես էի անում, հիմնականում՝ ֆեյսբուքի միջոցով»,- պատմում է Լևոն Ալաջալյանը:

Դրանից հետո ընկերությունը որոշում է ներկայանալ նաև «Տաշիր» առևտրի կենտրոնում «Արմենիան բրենդս» նախագծի շրջանակներում ու վաճառասրահ է բացում այնտեղ: Ընթացքում ավելի մեծ մասշտաբների ձգտելով՝ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում էլ բացում է անհամեմատ ավելի մեծ ու ավելի շատ տեսականի ներկայացնող խանութ-սրահը:

«Ստեղծում ենք այն ամենը, ինչ կա եվրոպական բրենդների մեջ, ժամանակակից նորաձևության թրենդներից հետ չենք մնում, այն ամենը, ինչ արվում է, փորձում ենք մենք էլ անել՝ դրան հայկական դիզայն տալով»,- շեշտում է մեր զրուցակիցը:

Լայթ Աֆեկտ

Հիմա արդեն հաճախորդին են ներկայացնում կեդեր, ջինսեր, տաբատներ, տարբեր վերնազգեստներ, բաճկոններ, սվիտերներ, վերնաշապիկներ, մի խոսքով՝ ամեն ինչ՝ առօրյա հագնելու համար ու փորձում են այդ ամենը հաճախորդին ներկայացնել շուկայում ներկայացված արտասահմանյան համանման բրենդներից ավելի բարձր որակով, բայց և ավելի էժան գնով:

Հիմա արդեն ավելի մեծ՝ երրորդ խանութն են ուզում բացել, իսկ ապրանքների տեսականին օրըստօրե ավելանում է, դիզայներական լուծումներն էլ ամեն օր թարմանում են: «Լայթ Աֆֆեկտում» օրական երկու-երեք նոր մոդելներ կարող են ստեղծվել ու կիրառվել: Երրորդ խանութը բացելուն պես էլ աշխատելու են սեփական արտադրամասը բացելու ուղղությամբ, որպեսզի արտադրության բոլոր փուլերն իրենց վերահսկողության տակ լինի: Հիմա արդեն կարողանում են ամսական մոտ 1000 կտոր արտադրանք թողարկել:

Արդեն ձևավորվել է նաև հավատարիմ հաճախորդների բազա, շատ մարդիկ կան, ովքեր հենց «Լայթ Աֆեկտում» են հագնվում, ինչն այս կարճ ժամանակահատվածում բավականին տպավորիչ արդյունք է:

Մեծ բան պետք չեղավ սկսելու համար. բոլոր ծախսերն իրար հետ, ներառյալ գովազդային արշավները, սկսեցին մոտավորապես 300 դոլարին համարժեք գումարով: Ինչպես նշում է Լևոն Ալաջալյանը, այս ամենին հասնելը որոշ առումներով դժվար էր, որոշ առումներով՝ հեշտ: Դժվար էր այն առումով, որ առաջինն էին ու փորձում էին ներկայանալ մի սեգմենտում, որտեղ պետք է մրցակցեին արտասահմանյան հայտնի ու հաջողակ բերնդների հետ: Ոչ ոք չէր հավատում, որ կստացվի: Իսկ հեշտ էր այն առումով, որ շատ մեծ մոտիվացիա ունեին՝ ապացուցել, որ Հայաստանում էլ կարող է լինել մի այսպիսի բրենդ, որը կարող է մատչելի գներով ամբողջական «լուք»-եր ապահովել:

«Բոլորը սպասում էին, որ ուր որ է կկոտրվենք, կհանձնվենք ու կփակվենք, բայց հենց դա խթան դարձավ, որովհետև որոշել էինք, որ հանձնվելու տարբերակ պարզապես չկա, պետք է դիմանանք ու զարգանանք: Ու այդպես էլ եղավ: Իհարկե, սկզբում շատ սխալներ արեցինք, բայց դրանցից ավելի շատ բան սովորեցինք, ավելի ուժեղ դարձանք այդ սխալների հետևանքները հաղթահարելու արդյունքում»,- ասում է Լևոն Ալաջալյանն ու հավելում՝ իր կարծիքով սխալներից խուսափել հնարավոր չէ, առավել ևս, երբ նոր ես մտնում մի ոլորտ, որում քո երկրում մեկ այլ փորձ, մեկ այլ օրինակ չի եղել, որի փորձից դասեր քաղելով՝ հնարավոր լիներ սխալներից խուսափել: Իհարկե, Հայաստանում կան հագուստ արտադրող շատ ընկերություններ, արտադրամասեր, բրենդներ, բայց այս սեգմենտում՝ երիտասարդական ոճային ամենօրյա հագուստի սեգմենտում խոշոր ներկայացուցիչներ չենք ունեցել:

Նպատակն այն է, որ «Լայթ Աֆեկտը» դառնա աշխարհում առաջնային բրենդներից մեկը: Այլ կերպ՝ բրենդի հիմնադրի կարծիքով, պարզապես անհետաքրքիր կլիներ, քանի որ այս ամենը չի արվում, որպեսզի սոսկ մեկ-երկու խանութ բացվի ու եկամուտը ստանալով՝ ապրեն, այլ ամեն ինչ անում են միջազգային շուկայում առաջնային դիրքեր գրավելու համար:

Ամենակարևոր հանգամանքներից մեկը, որը բնորոշ է գրեթե բոլոր հետաքրքիր բիզնես նախաձեռնություններին, այն է, որ դրանց իրագործմանը ոչ ոք չի հավատում, բոլորը սպասում են շուտափույթ ձախողման. փոխանակ օգնեն ու սատարեն, հիասթափեցնում են: Նույնը եղել է «Լայթ Աֆֆեկտի» դեպքում: Ուստի Լևոն Ալաջալյանը շեշտում է՝ որպեսզի մարդ սկսի ու հաջողության հասնի այդ պայմաններում, առաջին հերթին անհրաժեշտ է մոտիվացիա և սեր այն ամենի հանդեպ, ինչ անում է: Իսկ հմտությունները, գիտելիքները ընթացքում էլ կարելի է ձեռք բերել: Որպեսզի չնահանջես, պետք է անկեղծ սիրով ու նվիրումով վերաբերվես գործիդ, այլապես հիասթափությունը քեզ ասպարեզից կհանի:

«Ես ամեն մի անհաջողությունից, մրցակցությունից, դժվարությունից շատ եմ ոգևորվում, դա ինձ նոր խթան է տալիս: Ինձ առաջ է տանում պայքարը, ես միշտ բախում եմ փնտրում ու գտնում ամեն ինչի մեջ, ապացուցելու, հաղթելու մեծ ցանկությունն է ինձ միշտ մոտիվացիա ապահովում և ստիպում առաջ շարժվել ու հաջողել»,- նշում է «Լայթ Աֆֆեկտի» տնօրենը:

Բացի այդ, մեր զրուցակցի համոզմամբ, մարդ չպետք է սկսի այնպիսի գործ, որից ընդհանրապես գաղափար չունի, որը չի սիրում: Իսկ մեկ օրում կազմվող բիզնես պլանները, որպես կանոն, հաջողություն չեն ունենում: Բիզնեսմենը պետք է ունենա տեսլական, թե հաջորդ օրն ինչ է անելու, ինչ է անելու մեկ տարի հետո, ուր է ուզում հասնել:

«Իմ կարծիքով՝ հաջողակ բիզնեսմեն լինելու համար չպետք է ունենաս սահմանափակումներ ու սահմաններ: Ինչքան ուսումնասիրել եմ, կարդացել, հետաքրքրվել կամ հանդիպել հաջողակ մարդկանց, նրանցից ոչ ոք սահմանափակումներին չի տրվում: Այսինքն՝ այդ մարդիկ իրենց հնարավորություններն անսահման են համարում, նրանց երևակայությունն անսահման է: Կարծում եմ՝ հենց դա է, որ տարրբերում է հաջողակ բիզնեսմենին սովորական մարդուց: Օրինակ՝ ես մտածում եմ, որ անգամ ապրելով ու աշխատելով տնտեսական լուրջ խնդիրներ ունեցող մեր երկրում, չունենալով լուրջ նյութական բազա ու միջոցներ, միևնույն է, չեմ կասկածում, որ կարողանալու եմ անգամ այս պայմաններում ստեղծել մի բրենդ, որը կգրավի աշխարհը: Ես հավատում եմ դրան: Միգուցե դա լիովին չստացվի, բայց ոչ ոք ու ոչինչ չի խանգարում, որ ես ձգտեմ դրան,- ժպտալով ասում է Լևոն Ալաջալյանը, բայց և շեշտում:- Բիզնեսմենն իրավունք չունի ինքն իրեն, իր հնարավորությունները, կարողությունները թերագնահատել կամ գերագնահատել. բիզնեսմենը պետք է հստակ իմանա, թե իրենից ինչ է ներկայացնում»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: