Հայերեն   English   Русский  

​Մասնագիտություն ընտրելիս դժվարությունների մասին չէի մտածում, հիմա չեմ էլ ափսոսում․ Սիրանույշ Գալստյան


  
դիտումներ: 10036

«Հաջողությունը միանգամից չի գալիս։ Գոնե մեր ոլորտում հաջողության ուղին աղյուս առ աղյուս պետք է կառուցել։

Շատ կարևոր է, որ մարդ հստակ պատկերացնի, թե ինչ է ուզում, ինչն է իրեն հետաքրքրում և ինչի վրա է ուզում ծախսել իր ժամանակը։ Չէ՞ որ աշխատանքը մեր կյանքում բավականին մեծ ծավալ է զբաղեցնում, իսկ հատկապես կինոգետի պարագայում անընդհատ պրոցես է»,- ասում է արվեստագիտության թեկնածու, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դոցենտ, Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի (FIPRESCI) անդամ, «Հայացք մեր կինոյին․ պատմությունը և ներկան» մենագրության հեղինակ, կինոգետ Սիրանույշ Գալստյանը։

Թեև դպրոցական տարիներին հետաքրքրված էր կինոյով ու երազում էր կինոգետ դառնալու մասին, դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվեց պոլիտեխնիկական ինստիտուտի (ԵրՊԻ) կիբեռնետիկայի ֆակուլտետ: Գիտեր, որ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո, առանց առաջին մասնագիտության, դժվար է ընդունվել Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ։

1991-ին, երբ ավարտում է ԵրՊԻ-ն, Խորհրդային Միության փլուզման գործընթացն արդեն սկսվել էր, խարխլվել էր նաև երբեմնի հզոր տնտեսությունը, և կիբեռնետիկի մասնագիտությունը, ինչպես և բազմաթիվ այլ մասնագիտություններ, պահանջված չէր։

Հետագայի մասին մտածմունքների ժամանակ պատահաբար տեղեկանում է, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (այն ժամանակ` Երևանի թատերական արվեստի պետական ինստիտուտ) կինոգիտության բաժին է բացվել։ Առանց երկար-բարակ մտածելու՝ անմիջապես դիմում է ու ընդունվում։

«Խենթություն էր որոշումս, բայց կինոյի մասին անընդհատ երազել էի։ Ո՛չ հետագայի, ո՛չ մասնագիտությամբ գումար վաստակելու հնարավորության մասին չէի մտածում»,- ասում է նա՝ հավելելով, որ ինժեներական կրթությունը և դրանով ձևավորված մտածողությունն իրեն շատ են օգնել և մինչ օրս էլ այդպես է։

Հիշում է, որ երկրորդ բարձրագույն հնգամյա կրթությունը բավականին բարդ պայմաններում է ստացել։ «Ցուրտ, չջեռուցվող լսարանում սրճեփով եռացրած ջրով բաժակներ էինք բռնում, որ ցուրտը չզգանք, ու խոսում էինք վեհ բաներից՝ այդպիսով տաքանալով»,- հիշում է Գալստյանը։

Պատմում է, որ ֆիլմեր դիտելը ևս բավականին բարդ էր։ Բարեբախտաբար կինոյի հարյուրամյակի առթիվ հեռուստատեսությամբ պարբերաբար արժեքավոր ֆիլմեր էին ցուցադրում։ «Երբ լույս ունեինք, ես վայելում էի համաշխարհային կինոյի որևէ գլուխգործոց»,- ասում է նա։

Անդրադառնալով կինոգետի աշխատանքին՝ Գալստյանն ասում է, որ ինքն այն երջանիկներից է, որոնք կարողացել են իրենց այդ մասնագիտությունն ընտրելու շռայլությունը թույլ տալ։

«Շատ մեծ շռայլություն է, որ կարողանաս քեզ թույլ տալ զբաղվել մի բանով, որը քեզ ապահովություն, եկամուտներ չի խոստանում գոնե քո երկրում։ Եթե չես կարողանում ըստ արժանվույն վաստակել ընտանիքիդ և քո բարեկեցությունն ապահովելու համար, նման ընտրությունը նաև անձնական էգոիզմ է պարունակում, որովհետև քո գործունեությունն ինչ-որ իմաստով դառնում է բարեգործություն ընտանիքիդ հաշվին։ Բայց իմ ընտանիքն ինձ նման հնարավորություն տվել է»,- ասում է նա։

Հակառակ իրողությանը, Գալստյանի խոսքով, կինոգետի աշխատանքը և կյանքը հաճախ դիտարկվում է որպես գլամուրային․ մարդիկ կարծում են, թե կինոգետն ամբողջ օրը ֆիլմեր է դիտում, քննադատում և դրա համար հրավերներ ստանում տարբեր կինոփառատոներից. «Դա շատ ծիծաղելի է։ Իրականում բավական անշնորհակալ մասնագիտություն է։ Բայց ես ընտրելիս դժվարությունների մասին չէի մտածում, հիմա էլ չեմ ափսոսում»։

Հաջողությունը, սակայն, Գալստյանի խոսքով, իր գինն ունի։ Իսկ գինը կյանքն է, որ նվիրվում է այդ գործին։

«Կինոգիտության ոլորտում արածդ գործից ներքին բավարարություն ես զգում։ Բայց դրա հետ մեկտեղ պարբերաբար բախվում ես իրականությանը, օրինակ՝ կոմունալ վճարների»,- ասում է նա։

Նշում է, որ շատ շատերի, այդ թվում և իր ներքին երկրորդ ձայնի տեսանկյունից անհասկանալի է, թե ինչու է գիրք գրում, եթե դրա դիմաց ոչինչ չի ստանալու, ինչու է գիտական ատենախոսության վրա աշխատում, եթե պաշտպանելուց հետո աշխատավարձն ընդամենը 5-6 հազար դրամով է ավելանում, կամ ինչու է ղեկավարում ասպիրանտների ատենախոսությունները, եթե դրա դիմաց տարեկան շուրջ 29 հազար դրամ գումար է ստանում։

Չնայած ընդվզմանը՝ գերակշռում է գիտակցությունը, որ «պետք է անես այն, ինչ անում ես, քանի որ հիմա է դա անելու պահը, և դու ես այդ ճանապարհին հայտնվել»։

«Եվ չնայած իրականության հարուցած խոչընդոտներին՝ անտեսանելի մի ուժ կարծես հոգ է տանում քո մասին ու օգնում, որ անես այն, ինչ անում ես, որ դրա դիմաց մեկ-մեկ այնպիսի բաներ ստանաս, որ անգամ մեծ գումարներ վաստակելու դեպքում չէիր կարող ունենալ»,- ասում է Գալստյանը՝ հավելելով, որ նորից ընտրության հնարավորություն ունենալու պարագայում կրկին նույն ուղին կընտրեր, քանի որ իր կյանքն այլ կերպ, իր առօրյան այլ բովանդակությամբ պատկերացնել պարզապես չի կարող։ Գիտելիքները, խորհրդածությունները հանդիսատեսի և ուսանողների հետ կիսելը ներքին անհրաժեշտություն է նրա համար, իսկ «գրելը` ոչ դյուրին վայելք»:

Ասում է, որ հեշտ ոչինչ չի տրվում, վերջին 12 տարիներին օրական 3, լավագույն դեպքում 5 ժամ է քնում՝ ինքն իր համար բացահայտելով մարդու օրգանիզմի անսահման հնարավորությունները։ Բայց դրա հետ մեկտեղ կարողանում է օրական վեց ժամ առույգ դասախոսություն կարդալ այնպես, որ ուսանողներն են անգամ հոգնում, բայց ինքը՝ ոչ։

Իսկ մոտիվացված լինելու գաղտնիքը սիրելի գործով զբաղվելն է՝ ինքդ քո վրա աշխատելով ու կատարելագործման ձգտելով։

Անդրադառնալով կինոգետի մասնագիտության առանձնահատկություններին՝ Գալստյանն ասում է, որ կինոգետը պետք է անկեղծ լինի հանդիսատեսի, ֆիլմի հեղինակի և ինքն իր հետ։

«Կինոգետ լինել Հայաստանում շատ տարօրինակ է, որովհետև մեզ մոտ կինոգետի կարծիքը որևէ կերպ չի ազդում թե՛ կինոարտադրության վրա, որը համարյա չկա, թե՛ հեղինակների մեծ մասի վրա»,- ասում է նա՝ բացատրելով, որ կինոգետի առաքելությունն է իր մեկնաբանություններով, առաջարկություններով ու դիտողություններով նպաստել կինոն լավացնելուն։- Բայց հայ իրականության մեջ այն հեղինակները, որոնք կարդում են կինոգետի գրածը, կարդում են գովեստի ակնկալիքով։ Իսկ եթե քննադատական որևէ բան տեսնեն՝ այդպիսով հիմնականում վերջակետ կդրվի մարդկային փոխհարաբերություններին։ Փոքր երկիր է, բոլորս իրար գիտենք։ Բայց մտածում եմ, որ այլ երկրներում էլ իրար գիտեն, մտածում եմ, որ ամերիկյան իրականությունում էլ քննադատներն ու ռեժիսորներն իրար ճանաչում են, գուցե երբեմն իրար հետ բրենդի են խմում։ Չգիտեմ՝ ինչով է պայմանավորված օբյեկտիվ լինելու դժվարությունը մեզ մոտ, բայց դա կա։ Երևի դա է պատճառը, որ մեր կինոգետների մեծ մասը լռում է»։

Ասում է, որ չնայած իրավիճակին, գոնե իր ուսանողների հետ աշխատում է լինել նրբանկատ, բայց հնարավորինս անկեղծ՝ զգալով պատասխանատվությունը։

Խոսելով հայ կինոյի մասին՝ ասում է, որ բարդ վիճակում է մեր կինոն։ «Ելքերի մասին շատ եմ մտածել։ Ու ինքս ելք չեմ տեսնում։ Հասկանում եմ, որ այսպես չի կարող շարունակվել, ինչ-որ ուրիշ, շատ ճկուն մեխանիզմներ, այլ ճանապարհներ պետք է գտնենք այս իրավիճակից դուրս գալու համար,- ասում է Գալստյանը և հավելում։- Եթե կան շնորհալի երիտասարդներ՝ պետք է հնարավորություն գտնվի, որ նրանց մտահղացումներն իրականանան։ Բայց միայն միջոցների սղությունը չի խնդիրը։ Պետք է լինի մթնոլորտ, որը կնպաստի երիտասարդ արվեստագետի կայացմանը»։

Նա երկու առաջնահերթ խնդիր է վեր հանում. շնորհալի երիտասարդները Հայաստանում կայանալու հնարավորություն պետք է ունենան, և երկրորդ՝ արդեն կայացած մասնագետները երբեմն իրենց արածին կողքից պետք է նայեն, որպեսզի կարողանան դիտվող և որակյալ ֆիլմեր նկարել։

«Ուզում եմ, որ մենք ունենանք պրոֆեսիոնալ, իր մեջ գեղարվեստական ճաշակ կրող և տարածող, մարդկայինի մասին չմոռացող կինո։ Դրա համար պետք է, որ կինո նկարող մարդիկ ունենան բարձր շեմ, որին ուզում են ձգտել, կարողանան կողքից տեսնել իրենց ու իրենց նկարածը և իրենց վրա աշխատեն»,- եզրափակում է Գալստյանը։

Լուսանկարը` Նելլի Շիշմանյանի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: