Հայերեն   English   Русский  

Նախադպրոցական տարիքի երեխա ունեցող ծնողների աշխատաժամերը չեն կրճատվի. Կառավարությունը մերժեց «Ելքի» առաջարկը


  
դիտումներ: 1180

Գործադիրն այսօրվա նիստում մերժեց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի` «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությունը:

Ըստ այդ նախաձեռնության ՝ առաջարկվում էր նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխա ունեցող աշխատողի պահանջով մինչև մինչև երեխայի նախադպրոցական տարիքի ավարտը աշխատանքային օրվա ավարտ սահմանել ժամը 17:00-ն: Նման պահանջ դնելու իրավունք կարող է ունենալ աշխատող ծնողներից միայն մեկը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն նշեց, որ ըստ Կառավարության օրենքի նախագիծը խնդրահարույց է. այն չի ծառայում հիմնավորման մեջ նշված նպատակին և առաջարկում է նախագծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով բերված հիմնավորումները:

Ըստ դրանց՝ այսօրվա դրությամբ պետական համակարգում աշխատաժամանակի սկիզբը ժամը 9:00-ն է, իսկ ավարտը` 18:00-ն: Հետևաբար, նախագծով առաջարկվող կարգավորումը և հիմնավորման մեջ նշված պնդումն առ այն, որ աշխատանքային օրվա ավարտը ժամը 17:00-ը սահմանելու պարագայում աշխատանքային ժամերը կկրճատվեն մեկ ժամով, վերաբերելի է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ենթակա կազմակերպությունների, ինչպես նաև այն կազմակերպությունների աշխատողներին, որտեղ գործատուի ներքին կարգապահական կանոններով աշխատանքային օրվա ավարտը սահմանված է ժամը 18:00-ը:

«Մինչդեռ, գործատուներն ազատ լինելով սահմանելու աշխատանքային օրվա սկզբի և ավարտի ցանկացած ժամ՝ կարող են աշխատանքային օրվա սկիզբը սահմանել, օրինակ, ժամը 13:00-ն, իսկ ավարտը` ժամը 21:00-ն, արդյունքում, նախագծի ընդունման դեպքում աշխատանքային օրվա տևողությունը կկրճատվի ոչ թե մեկ, այլ՝ չորս ժամով», - ասաց նախարարը:

Նախագծով առաջարկվող կարգավորմամբ աշխատանքային ժամերի կրճատումը որպես գործատուի պարտավորություն սահմանելը ոչ միայն չի համապատասխանում միջազգային դրական փորձին, այլ նաև չի լուծում երեխա խնամող ծնողների աշխատանքը երեխայի խնամքին զուգահեռ կազմակերպելու խնդիրը:

Եզրակացության մեջ նշվում է, որ Կառավարությունը չի կիսում նախագծի հիմնավորման մեջ նշված այն տեսակետը, որ նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխայի ծնողներից մեկի աշխատանքային օրվա ժամերի կրճատումը չի կարող բացասաբար ազդել աշխատողի աշխատանքի արդյունավետության վրա: Հակառակը, մեր գնահատմամբ, նման կոշտ կարգավորում ամրագրելը կարող է բացասաբար ազդել ինչպես աշխատանքի արդյունավետության վրա, այնպես էլ կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ գործատուները կփորձեն ազատվել նախադպրոցական տարիքի երեխա ունեցող աշխատողներից





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: