Հայերեն   English   Русский  

​Ամերիկացի կամավորն ուզում է Արցախի շունչն աշխարհին հասցնել գեղանկարով


  
դիտումներ: 5724

Մինչև հունվարի վերջը Երևանի Աբովյան 20 հասցեում գտնվող «Արտ բրիջ» սրճարանը ողողված կլինի Արցախի շնչով. գեղանկարներ՝ արցախյան բնապատկերներով և բանաստեղծական մեկնաբանությամբ:

Նկարների հեղինակը ամերիկացի Դեյվիդ Սորենսենն է, որ մաթեմատիկայի ուսուցիչ է և Հայկական կամավորական կորպուսի միջոցով իբրև կամավոր Հայաստանում է արդեն մեկ տարի:

Նկարչությամբ տարիներ առաջ է սկսել զբաղվել, բայց խոստովանում է, որ Արցախը մի նոր շնչառությամբ ձիրքն արտահայտելու հնարավորություն տվեց:

Inline imageԱյս մեկ տարվա ընթացքում ամերիկացի կամավորը 5 անգամ այցելել է Արցախ: Առաջին այցի տպավորություններն այնքան խորն էին, որ այլևս չէր կարողանում զսպել ցանկությունը կրկին ու կրկին զգալու անզուգական բնաշխարհի ու չտեսնված ժողովուրդ ունեցող գողտրիկ երկրի հմայքը:

Ամեն այցի ժամանակ նա նկարում էր Ստեփանակերտը, Շուշին, Գանձասարը, բնությունը տարվա տարբեր եղանակներին, արյան գնով նվաճված Արցախի խաղաղ առօրյան:

«Արցախը հրաշալի վայր է: Ասես քո տունը լինի: Իմ նպատակն է ներկայացնել Արցախը նաև դրսի աշխարհին»,- ասում է Դեյվիդը, որ ուզում է հետագայում այս ցուցահանդեսը կազմակերպել նաև այլ երկրներում և իր նկարների միջոցով խոսել Արցախի մասին:

Դեյվիդը հիացած է արցախցիներով. «Շատ հյուրընկալ, բարի, հպարտ ժողովուրդ»,-ասում է ու պատմում, թե ինչպես հենց առաջին իսկ օրերին լիովին անծանոթ մարդկանց հետ դարձել է իսկական բարեկամ:

Հետաքրքիր է, որ այս մեկ տարվա ընթացքում, ապրելով Հայաստանի Հանրապետությունում, Դեյվիդն այնքան չի շրջագայել Հայաստանի տեսարժան վայրերում, որքան հասցրել է Արցախում:

Դեյվիդի նկարների կողքին, իբրև մեկնաբանություն, անգլերեն ու հայերեն փոքրիկ արձակ բանաստեղծություններ են: Հեղինակն Ալեքս Վարդանն է, որի հայրենադարձության պատմությունը ներկայացրել ենք ուղիղ մեկ տարի առաջ:

Emily Lynn-ի լուսանկարը:Ալեքսի հայրն ամերիկացի է, մայրը` Ցեղասպանությունից մազապուրծ հայ ընտանիքի զավակ: Ալեքսը ծնվել է Չիկագոյում, բանաստեղծ-թարգմանիչ է, ավարտել է Վիսքոնսին-Մեդիսոն համալսարանը` ուսումնասիրելով աֆրիկյան լեզուներ ու գրականություն: 2016 թ. նոյեմբերից Ալեքսն ու ամերիկուհի կինը՝ Էմիլին, Հայաստանում են, նախ՝ կամավորական ծրագրով, հիմա արդեն կայուն աշխատանքով: Ալեքսը Հայաստանի ամերիկյան համալսարանում անգլերեն և անգլիական գրականություն է դասավանդում, կինը՝ «Այբ» դպրոցում: Վերջինս նաև աշխատում է www.dasaran.am կայքում, որտեղ անգլերենի զարգացման ծրագիր է իրականացնում:

Համալսարանում աշխատելը և ուսանողների հետ շփումը Ալեքս Վարդանին մեծ ոգևորություն ու հույս են ներշնչում. «Ես կարծում եմ՝ Հայաստանի ապագան լավն է լինելու, որովհետև այդ երիտասարդները ոչ միայն խելացի են, այլև նպատակասլաց և ուժեղ»,- ասում է նա:

Inline imageՀայաստան եկած օրվանից Ալեքս Վարդանը փորձում է հայերեն սովորել: Ջանք չի խնայում, ամեն օր պարապում է, բառարանն էլ միշտ ձեռքին է: Արդեն ավելի լավ է գրում հայերեն, իսկ խոսել ու հասկանալ՝ դեռ ոչ այնքան, բայց վստահ է, որ շուտով այդ արգելքը հաղթահարելու է:

Դեյվիդ Սորենսենն ու Ալեքս Վարդանը ընկերներ են:. «Մի օր պետք է հանդիպեինք՝ սրճելու,- հիշում է Ալեքսը,- բայց մի օր առաջ Դեյվիդը զանգահարեց ու ասաց, որ չի կարող հանդիպմանը գալ, քանի որ գնում է Արցախ: Հարցրի՝ ինչո՞ւ, պատասխանեց՝ չգիտի, ուղղակի ուզում է գնալ: Դրանից հետո, հենց որ Դեյվիդի հետ խոսում էի, կատակում էի՝ պատահաբար Արցախում չե՞ս»:

«Այո, ես սիրահարվել էի Արցախին»,- ծիծաղում է Դեյվիդն ու պատմում, թե ինչ հիանալի երկիր է Արցախն ու թե ինչ լավ ժողովուրդ ունի:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին ընդամենը լուրերով կցկտուր տեղեկություններ ստացած ամերիկացին այժմ գիտի Արցախի ողջ պատմությունը, գիտի, թե ինչ դժվարությամբ է ձեռք բերվել անկախությունը: «Իմ նկարների միջոցով ես հենց դա եմ ուզում ցույց տալ»,- շեշտում է նա:

Ի տարբերություն ամերիկացի ընկերոջ՝ Ալեքս Վարդանը դեռ չի եղել Արցախում, բայց արդեն ծրագրել է՝ գարնանը կնոջ հետ գնալու են մի քանի շաբաթով շրջագայության:

Դեյվիդ Սորենսեն

Հետաքրքիր է, որ Ալեքսը, երբևէ տեսած չլինելով Արցախը, Դեյվիդի նկարների միջոցով այնպես է զգում այդ երկրի շունչը, որ կարողանում է ներշնչվել և փոքրիկ բանաստեղծություններ գրել նկարներից յուրաքանչյուրի համար՝ բառերի միջոցով արտահայտելով այն, ինչը ցանկացել է արտահայտել իր ընկերը գույներով ու պատկերներով:

«Հյուրանոցից. Ստեփանակերտ». այս մակագրությամբ նկարի մասին Ալեքսը գրում է. «Նախկինում այստեղ արքաներ էին, զավթիչ զինվորներ, հարկահավաքներ, որ խոսում էին օտար լեզուներով, իսկ այսօր լվացք է կախված պարանին, մայրը կանչում է իր որդուն, մի մարդ էլ անվադողերն է հեռացնում առանցքից»:

«Եթե ես կարողացա նկարների միջոցով զգալ Արցախը, ապա ուրիշներն էլ կարող են զգալ, և մեր նպատակն է, որ այս ցուցահանդեսը նաև օտարներին ներկայացվի»,-ասում է նա:

Դեյվիդն իբրև կամավոր աշխատում է Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում` աջակցելով անգլերեն ընթերցանության և քննարկումների դասընթացներին:

Նշենք, որ Հայկական կամավորական կորպուսն աշխարհի տարբեր երկրներից ընդունում է 21 տարեկանից բարձր կամավորների, որոնք հնարավորություն են ստանում Հայաստանում հասարակական հիմունքներով աշխատելու տարբեր բնագավառներում մեկ ամսից մինչև մեկ տարի ժամկետով:

Inline imageԴեյվիդ Սորենսենի պայմանագիրն ավարտվում է այս տարվա փետրվարին, սակայն նա եռանդուն նոր աշխատանք կամ նոր ծրագիր է փնտրում, որպեսզի հնարավորություն ունենա մնալու Հայաստանում: Նա Երևանում իրեն հիանալի է զգում, սիրում է մեր քաղաքը, որը նրա համար հնի և նորի միաձուլում է: Սիրում է նաև հայկական մշակույթը, օրինակ՝ Սարյանին, իսկ Հայաստանի պատկերասրահում ոչ թե մեկ անգամ է եղել, այլ բազմաթիվ: Սիրում է նաև Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը:

Դեյվիդը սկսել է երևանյան պեյզաժներ նկարել: Այս ցուցահանդեսին արցախյան բնանկարների կողքին նաև երևանյան մի պատկեր կա Աբովյան փողոցից: «Ես իսկապես շատ երջանիկ կլինեմ, եթե հնարավորություն ունենամ այստեղ մնալու: Ես սիրահարված եմ Արցախին ու Հայաստանին»,- խոստովանում է նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: