Հայերեն   English   Русский  

​ՌՈՒՍԱ Բ


  
դիտումներ: 5662

Ռուսա Բ արքան (մ.թ.ա. 685-645) վիմագիր արձանագրություններում փառաբանված է որպես Տիեզերքի արքա, Մեծ արքա, Արքայից արքա, Բիայնիլիի արքա… Սակայն այս տիտղոսները տուրք էին սոսկ նախորդ զորեղ գահակալներից մնացած ժառանգության: Ռուսա Բ-ի թագավորության օրոք Արարատյան թագավորության արևն արդեն թեքվել էր դեպի մայրամուտ:

Այնուամենայնիվ, իր գահակալման սկզբնական շրջանում Ռուսա Բ-ն փորձեց վարել ակտիվ արտաքին, անգամ նվաճողական քաղաքականություն: Նա հայոց զորքով արշավում է արևմուտք և գրավում Տապլանի երկիրը: Ապա, շարունակելով իր ռազմերթը Արածանիի հարավային եզրերով, գրավում է նաև Մուշկինի երկիրը:

Այստեղ Ռուսա Բ-ն կանգ չառավ և անցնելով Եփրատը՝ իրեն ենթարկեց Լուբարախի երկիրը:

Բանն այն է, որ Ասորեստանի սպառնալիքի ներքո հայոց արքան չէր կարող վերականգնել իր երկրի նախկին ազդեցությունը հարավում և հարավ արևելքում, դրա փոխարեն փորձում էր ռևանշի հասնել ավելի հեռվում՝ արևմուտքում, ուր, չնայած հավակնություններին, իր ոխերիմ ախոյանի՝ Ասորեստանի ազդեցությունը դեռևս աննշան էր:

Ի դեպ, Ռուսա Բ-ն կարողացավ Ասորեստանի Ասարխադդոն արքայի (մ.թ.ա. 680-669) հետ բարեկամական պայմանագիր կնքել: Այն դրսևորվում էր ոչ միայն մեկմեկու նկատմամբ չեզոքությամբ ու խաղաղ տրամադրությամբ, այլև երբեմն փոխադարձ աջակցությամբ:

Երբ Ասորեստանի արքան արշավանք ձեռնարկեց Արմե-Շուպրիա հայոց փոքրիկ թագավորության դեմ, հաղթեց նրա տիրակալին՝ Կալի-Թեշուբին և Ռուսային ուղարկեց Արարատյան թագավորությունից փախած և Արմե-Շուպրիայում ապաստանած փախստականներին ու ստրուկներին: Սակայն, արդեն Ասորեստանի Աշշուրբանիպալ արքայի արձանագրություններից մեկում, ի թիվս երկրի թշնամիների և Ասորեստանի դեմ դավեր նյութող երկրների, մի արձանագրության մեջ հիշատակվում է նաև Արարատյան թագավորությունը:

Այնուամենայնիվ, գործը բացահայտ ռազմական բախման չի հասել:

Ռուսա Բ հայոց արքան իր հորից՝ Արգիշտի Բ արքայից ժառանգեց ընդարձակ ու շեն պետություն, որը, սակայն, օղակված էր թշնամական երկրներով: Հարավում հայոց թագավորության համար լրջագույն սպառնալիք էր Ասորեստանի թագավորությունը, հայոց երկրի հյուսիսում զորեղ պետություն էին ստեղծել սակերը, իսկ կիմմերական ցեղախմբերը մեծ հորդաներով պատրաստվում էին ասպատակել Առաջավոր Ասիան:

Ստեղծված պայմաններում հայոց արքայի առաջ ծառացել էին լուրջ խնդիրներ՝ երկիրը զերծ պահել թշնամական ասպատակություններից, ամրացնել պետության սահմանները, հզորացնել տնտեսությունը: Մանավանդ որ Արարատի թագավորությունն այլևս անզոր էր վարել արտաքին ակտիվ քաղաքականություն ու նվաճողական պատերազմներ, և երկրում ստրկական աշխատուժի կարիքն էապես մեծացել էր: Այդ պակասը լրացնելու համար հայոց գահակալները պետք է զարկ տային թագավորության տնտեսության ներքին բարգավաճմանը, ինչին էլ ձեռնամուխ եղավ Ռուսա Բ արքան:

Շուտով հայոց երկրի վրա արշավեցին կիմմերները, ապա և՝ սակերը: Հայոց արքան մի քանի ճակատամարտերում կարողացավ չեզոքացնել արտաքին վտանգը: Թշնամիներն էական հաջողություն պատերազմում չունեցան, սակայն նրանցից եկող վտանգը հետզհետե ահագնանում էր: Մյուս կողմից՝ Ասորեստանի թագավորությունը, փորձելով օգտվել հայոց երկրի ծանր իրավիճակից, հարավից էր հարձակումներ ձեռնարկում և ավարառուական մի քանի արշավանքներ կազմակերպում հայոց երկրի սահմանամերձ երկրամասեր:

Այս պայմաններում Ռուսա Բ արքան հանդես բերեց դիվանագիտական հմտություն: Տեսնելով միաժամանակ երկու ճակատներում պատերազմելու անհնարինությունը՝ նա դաշինք առաջարկեց կիմմերներին:

Ռուսան պատրաստակամություն հայտնեց կիմմերների առաջ բացել հայոց պետության սահմանները, աջակցել նրանց՝ ապահովելով հյուսիսից հարավ Հայաստանով անվտանգ անցումը, մատակարարել նրանց բանակին սնունդ, մթերք, սակայն պայմանով, որ կիմմերներն իրենց սուրն ուղղեն ասորական տիրակալության տակ գտնվող անդրեփրատյան տիրույթների վրա:

Սա, ինչ խոսք, ձեռնտու էր նաև կիմմերներին, որոնք, ի դեմս հայոց երկրի, ձեռք բերեցին հուսալի և ամուր դաշնակցի, որը կապահովեր իրենց թիկունքը պարտության դեպքում, կզորեղացներ հարձակման ներուժն ու կապահովեր իր բանակը սպառազինությամբ ու մթերքով:

Մերթ կիմմերների աջակցությամբ, մերթ ինքնուրույն, Ռուսա Բ-ն հինգ արշավանք ձեռնարկեց տարբեր ուղղություններով: Նա արշավեց դեպի Թաբալ (արևմուտք), Կաինարու, դարձյալ Մուշկինի (արևմուտք), Խալիտու, Խաթե երկրները և հարուստ ռազմավար վերցրեց:

Սակայն բուն Ասորեստանի վրա հարձակվելով՝ կիմմերները ծանր պարտություն կրեցին: Սա Ռուսայի արտաքին քաղաքականության լուրջ պարտությունն էր: Որպեսզի իր երկրի վրայից վանի Ասորեստանի արքայի ցասումը, մ.թ.ա. 655 թվականին Ռուսա Բ-ն հաշտության առաջարկով դեսպանություն է ուղարկում Ասորեստան: Աշշուրբանիպալը ժամանակ շահելու խնդիր ուներ, քանզի արևելքից իր տիրույթներին սպառնում էր Էլամի թագավորությունը: Եվ ասորաց արքան ոչ միայն սիրալիր ընդունում է Ռուսայի դեսպաններին, այլև ընդունելության ժամանակ նրանց օրինակ բերելով՝ մատնացույց է անում Էլամից սպառնալիքով եկած դեսպաններին:

Կիմմերների հետ դաշինքն Արարատյան թագավորության պատմության վերջին ակնառու իրադարձությունն էր, սակայն Ռուսա Բ արքայի մտահղացումը չիրականացավ:

Ռուսա Բ-ն հայտնի շինարար էր: Նա Արարատյան դաշտում՝ ներկայիս Երևանի տարածքում, կառուցեց Թեյշեբաինի մեծ քաղաքը՝ ներկայիս Կարմիր բլուրը: Քաղաքը նվիրված էր Արարատյան թագավորության ռազմի և ամպրոպի աստծուն՝ Թեյշեբային: Թեյշեբայի տաճարը գտնվում էր բարձրադիր բլրի գագաթին:

Մ.թ.ա. 590 թվականին սկյութները գրավեցին Թեյշեբաինի քաղաքը, հիմնահատակ ավերեցին և հրկիզեցին այն:

Իր անունը կրող մեծ քաղաք և տաճար Ռուսա Բ-ն կառուցել է ներկայիս Խոյ քաղաքի մոտակայքում: Նա Խալդ աստծու անունով քաղաք է կառուցել Արծկեում, մայրաքաղաք Տուշպայի մատույցներում կառուցել է Ռուսախինիլի անվամբ ևս երկու քաղաք:

Վանա լճի հյուսիս-արևմտյան ափին՝ Զիուկունի վայրում, Ռուսա Բ-ն կառուցեց Խալդ աստծու անունը կրող քաղաք:

Նա իր ընդարձակ թագավորության տարբեր անկյուններում բազմաթիվ ամրակուռ ամրոցներ կառուցեց: Արարատյան թագավորության ողջ տարածքում ջրանցքներ անցկացրեց՝ հիմնադրելով ջրանցքների խիտ ցանց: Մասնավորապես մեծ ջրանցք է անցկացրել Իլդարունի (Հրազդան) գետից դեպի Արարատյան դաշտ: Դրա մասին արքան սեպագիր արձանագրություն է թողել ներկայիս Զվարթնոցի տաճարի տարածքում:

Արարատյան թագավորության վերջին աչքի ընկնող տիրակալը մահացավ մ.թ.ա. 645 թվականին՝ գահը թողներով որդուն՝ Սարդուրի Երրորդին: Նրան հայոց գահին հաջորդեցին առավել թույլ ու կամազուրկ գահակալներ՝ Սարդուրի Դ-ն, Էրիմենան, Ռուսա Գ-ն, Ռուսա Դ-ն…

Ցավոք, Ռուսա Բ-ից հետո Արարատյան արքաները հանդես եկան սոսկ որպես կամազուրկ, թույլ թագակիրներ և Ասորեստանի զորեղ տիրակալների հետ հարաբերվում էին ոչ թե ինչպես հավասարը հավասարի հետ, այլ ինչպես ծառան տիրոջ հետ՝ նրանց կոչելով Տեր, Հայր, միշտ հարգալից ու հնազանդորեն մատուցելով թանկարժեք ընծաներ ու խոշոր հարկ…





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: