Հայերեն   English   Русский  

​Ամեն ինչի հիմքում գիտությունն է. Վլադիմիր Սահակյան


  
դիտումներ: 5977

ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը (ԻԱՊԻ) 60-ամյա կենսագրություն ունի, հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի առաջատար գիտահետազոտական և տեխնոլոգիաների զարգացման ինստիտուտը կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի, ինչպես նաև գիտության և տեխնիկայի տարբեր ճյուղերում համակարգչային տեխնոլոգիաների կիրառման ասպարեզում:

Ինստիտուտը ստեղծվել է 1957 թ., ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանի ակտիվ մասնակցությամբ. նա էլ եղել է առաջին տնօրենը:

Հիմնադրվելուց ի վեր ԻԱՊԻ-ն նշանակալի դեր է խաղացել Հայաստանում համակարգչային գիտության և դրա կիրառությունների ոլորտներում: Համակարգչային գիտությունը և կիրառական մաթեմատիկան այս ինստիտուտի հիմնական գիտական ուղղություններից են: Այս ոլորտում հետազոտությունները սկսվել են 50-ականների սկզբին, երբ Խորհրդային Հայաստանը ԽՍՀՄ գիտական և գիտահետազոտական գործունեության հիմնական հանգույցն էր՝ կապված ԷՀՄ-ների, արդյունաբերական հաշվարկների, ծրագրային ապահովման մշակման հետ: Ո՞րն է ինստիտուտի գործունեության հիմնաքարն այսօր, ի՞նչ խնդիրներ կան գիտության ոլորտում: Այս հարցերի շուրջ զրուցեցինք ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Սահակյանի հետ:

- Վատ տարիներին Շուքուրյանը (ինձնից առաջ ինստիտուտը ղեկավարել է Յուրի Շուքուրյանը) կարողացել է պահպանել ինստիտուտը: Շատ հիմնարկներ այդ ժամանակ ուղղակի քանդվում էին: Ծանր տարիներին նա է գոյությունը պահել: Այդ ժամանակ ես նրա օգնականն էի: Կարգերի փոփոխության հետ ինստիտուտը կորցրեց իր տեխնիկական միջոցները: Տեսությունը մնաց, իսկ սարքերը չկային: 1993 թ. ակադեմիայի նախագահը հանձնարարեց մեր ինստիտուտին ստեղծել ցանցային միջավայր, որը կմիացնի գիտական կազմակերպությունները և կապահովի դրանց ելքը դեպի ինտերնետ: Պատերազմական տարիներ էին, մենք սկսեցինք ցանց նախագծել: Հայաստանում, այսպես ասած, առաջին քաղաքային ցանցը ստեղծեց մեր ինստիտուտը, որը 1994 թ. արդեն սկսեց գործել: Դա ներկայացվեց ՀՀ նախագահին:

Ցանցը միացրեց որոշ գիտական կենտրոններ և ապահովեց ելք դեպի ինտերնետ: Երբ ցանցը ստեղծվեց, մենք աշխատեցինք դրանով ծառայություններ ստեղծելու ուղղությամբ:

- Բավական մեծ է եղել ինստիտուտի դերը հատկապես ԽՍՀՄ տարիներին, երբ համակարգչային գիտությունը և կիրառական մաթեմատիկան հիմնական գիտական ուղղություններից էին: Ինստիտուտն ի՞նչ ժառանգեց , ո՞րն է նրա դերը օրեցօր զարգացող ՏՀՏ դարում:

- Մեր ուղղությունները հետազոտական են: Անընդհատ փորձում ենք զարգացնել, նոր ծառայություններ ստեղծել: Ուրիշները կարող են վերցնել մեր ստեղծած նորը: Մենք չենք զբաղվում սպասարկումով, զբաղվում ենք հետազոտությամբ, ստեղծում ենք գիտականորեն հիմնավորված մոտեցումներ, միացած ենք համաեվրոպական գիտակրթական ցանցին:

Այսօր տարբեր ոլորտների գիտնականներ զարգացնում են տեսությունը մոդելավորումով: Իրական մոդելի ստեղծումը թանկ է ստացվում, բայց կան հայտնի բնության օրենքներ, որոնց միջոցով կարող են ստեղծել համակարգչային մոդել՝ քիչ թե շատ նման այն փորձին, որն իրականում պետք է արվի: Ոչ մի իրական փորձ իդեալական չի ստացվում, միշտ կողմնակի ազդեցություն է ունենում: Նման փորձերը պահանջում են հզոր հաշվողական ռեսուրսներ, այդ պատճառով սկսվեցին աշխատանքներ սեփական հաշվողական ռեսուրսներ նախագծելու ուղղությամբ։

- Այսօր խնդիրները շատացել են, Հայաստանը գնում է թվայնացման ուղղությամբ, իսկ դա պահանջում է ուժերի կենտրոնացում և ակտիվ աշխատանք։ Ինչպե՞ս է ինստիտուտը դիմակայում առկա մարտահրավերներին:

- Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի նախագծով 2004 թ. ստեղծվեց «Արմկլաստեր» համակարգը: Ի դեպ, «Արմկլաստերի» համար շնորհվեց ՀՀ նախագահի մրցանակ։ «Արմկլաստեր» համակարգի շնորհիվ մեր գիտնականները կարողացան մասնակցել մի շարք եվրոպական ծրագրերի և միանալ նաև եվրոպական միջավայրին:

Էլեկտրոնային միջավայրը հաճախ հրապուրում է հաքերներին։ Ինստիտուտն այդպիսի հարձակումներից պաշտպանվելու փորձ ունի։ Մոնիթորինգային համակարգը փոփոխություն հայտնաբերելու դեպքում անմիջապես վերականգնում է սկզբնական վիճակը։

Հայաստանում այսօր նոր ինֆորմացիոն տեխնոլոգիաներ չեն արտադրվում: Արտասահմանյան ֆիրմաները Հայաստանում ստեղծում են արտադրանք մեր աշխատուժի միջոցով և իրենց արտադրության անվան տակ կիրառում: Վատը դա է: Եթե համապատասխան ներդրումներ արվեն՝ մենք մեր տեխնոլոգիաները կունենանք, որոնք համապատասխան եկամուտ կբերեն Հայաստանին: Մեր գիտելիքը պետք է ծառայեցնենք մեր կողմից մշակվող տեխնոլոգիաներին:

Թվային միջավայրի ստեղծման ուղղությամբ շատ կազմակերպություններում մեծ գումարներ են ծախսվում հզոր համակարգիչներ գնելու համար: Հարկ չկա հզոր համակարգիչներ տեղադրել հիմնարկներում: Պետք է միանալ համապատասխան կենտրոններին ու անհրաժեշտ ծառայությունը ստանալ: Ամեն աշխատող կարող է ունենալ սեփական աշխատանքային միջավայրը, որն ավելի հուսալի է պաշտպանված, քան սեփական համակարգիչն ունենալու դեպքում: Կա հզոր վիրտուալ միջավայր, որտեղ և պահեստավորված են տվյալները, դրանք կորցնելու վտանգ չկա: Համակարգիչը վնասվեց, տվյալները կորցրեցի. մեզ մոտ նման բան չի լինում։ Հիմա ապագա ունեն այդ տիպի միջավայրերը:

Նման միջավայրերը հզոր հաշվողական ռեսուրսների պահանջ ունեն: Որքան հզոր լինեն, այնքան ավելի շատ ծառայություններ կարող են իրականացնել: Դրա համար ինստիտուտը արտասահմանյան տարբեր կազմակերպությունների հետ է համագործակցում:

- Պարոն Սահակյան, ինչքան գիտեմ, կարևորում եք երկրում ազգային սուպերհամակարգչային կենտրոնի հիմնադրումը: Ի՞նչ է այն ենթադրում:

- Շատ երկրներ նման կենտրոններ ունեն: Այս գործիքի հիման վրա հնարավոր կլինի ստեղծել լայն օգտագործման համար ազգային ամպային միջավայր, որը կազմակերպություններին գնային առումով մատչելի ծառայություններ կմատուցի: Երկրորդ կարևոր խնդիրը հզոր ցանցի ստեղծումն է: Այդ ցանցը ունենք, բայց պետք է զարգացնենք, ստեղծենք ավելի արագագործ սարքեր և կապուղիներ: Եթե զարգացման քայլերը մի փոքր դանդաղեցնենք՝ հետ կընկնենք: Հայաստանը փոքր երկիր է և այդպիսի տեխնոլոգիաներով կարող է առաջ գնալ: Պետք է ունենանք սեփական տեխնոլոգիաները, դրանք տարածենք, վաճառենք, դրանց հիման վրա պատվերներ ստանանք: Այդ ուղղությունը պետք է զարգացնենք Հայաստանում: Կրկնելը ոչնչի չի հանգեցնում: Պետք է զարգացնել գիտությունը: Առանց գիտության զարգացման երկրում ոչինչ էլ չի զարգանա:

Մագիստրատուրայում այժմ 32 առաջին և 26 երկրորդ կուրսի ուսանողներ ունենք: Այստեղ նրանց միանգամից բաժանում են ստորաբաժանումներով, որտեղ հետազոտություններ են իրականացնում, սովորում են նաև աշխատել գիտատեխնիկական նախագծերում: Մագիստրատուրայի կարևոր ուղղություններից մեկն աշխատել սովորեցնելն է: Լավագույններին ընդունում ենք ասպիրանտուրա: Ամեն տարի 25-30 մասնագետ ենք պատրաստում: Երիտասարդների շրջանում ՏՏ ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է:

- Նոյեմբերի 30-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը նշեց իր 60-ամյա հոբելյանը: Խոսենք նաև այս մասին:

- ՀՀ կրթության և գիտության նախարարությունը գիտության ոլորտում ներդրած մեծ ավանդի և բեղմնավոր գործունեության համար ոսկե հուշամեդալով պարգևատրեց ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս Յուրի Շուքուրյանին, որ խոշոր ներդրում ունի հաշվողական կառուցվածքների սինթեզի ավտոմատա-հանրահաշվական մոտեցման զարգացման մեջ և ակտիվ մասնակցել է «Արմկլաստերի», հայկական հաշվողական «Գրիդ» ինֆրակառուցվածքի ստեղծմանը: 1986-2006 թթ. նա եղել է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն:

ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը կոմիտեի ոսկե մեդալ շնորհեց ինձ, ինստիտուտի մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին գիտությունների ակադեմիայի կողմից: ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը վաստակագրեր հանձնեց Իգոր Զասլավսկուն, Եվգենի Հարությունյանին, Հրանտ Մարանջյանին, Էդուարդ Պողոսյանին, Լևոն Ասլանյանին, Հակոբ Սարուխանյանին, Արամ Նանասյանին, Գուրգեն Խաչատրյանին: Իսկ ես շնորհալակագրեր հանձնեցի ինստիտուտում 25 տարի և ավելի գործունեություն ծավալած աշխատակիցներին:

Հարցազրույցը՝ Լ.Ն-ի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: