Հայերեն   English   Русский  

​Հիշողություններ նշանավոր մարդկանց հետ կարճատև հանդիպումներից


  
դիտումներ: 920

Իմ աշխատանքային երկարամյա գործունեության ընթացքում ես տարբեր առիթներով ներկա եմ եղել Հայաստանի նշանավոր մարդկանց հետ կարճատև հանդիպումների, որոնցից մի քանի դրվագներ մնացել են հիշողությանս մեջ:

Մհեր Մկրտչյան

Այդպիսի մարդկանց թվում են ԽՍՀՄ կուսակցական ու պետական նշանավոր գործիչ Անաստաս Միկոյանը, Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը, ԽՍՀՄ Ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆրունզիկ (Մհեր) Մկրտչյանը:

* * *

1972 թվականն էր: Անաստաս Միկոյանը մի քանի տարի էր, ինչ հրաժեշտ էր տվել իր բոլոր բարձր պաշտոններին և որոշել էր մի քանի օրով հյուրընկալվել իր ծննդավայրում, ծանոթանալ նաև Հայաստանում իրականացված ծրագրերին ու ձեռքբերումներին: Այդ այցի ընթացքում վաղ աշնանային մի արևոտ օր ՀԽՍՀ ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանի ուղեկցությամբ նա այցելեց Նոր Հաճըն նորաստեղծ բանվորական ավան, որտեղ գտնվում է Տեխնիկական ճշգրիտ քարերի գործարանը: Ես այդ տարիներին աշխատում էի որպես գործարանի գլխավոր ինժեներ:

Բարձրաստիճան հյուրերին դիմավորեցին գործարանի տնօրեն Աշոտ Հարությունյանը և այլ ղեկավար անձինք: Ա. Քոչինյանը հյուրին տեղեկացրեց, որ այդ գործարանի, ինչպես նաև վերջին տարիներին Հայաստանի տարբեր շրջաններում կառուցված ու կառուցվող արտադրական օբյեկտների ստեղծմանն օժանդակելու գործում միութենական կառույցներում մեծ ջանքեր է թափել Հայաստանի կուսակցական և պետական ապարատի բարձաստիճան ղեկավարությունը՝ օգտագործելով գրված և չգրված օրենքներով սահմանված կարգերը: Միկոյանն ու Քոչինյանն իրենց միացած ուղեկիցների հետ շրջեցին ավանի բարեկարգ փողոցներով, տեսան գործարանի աշխատողների համար կառուցված շենքերը: Քոչինյանը բարձր գնահատեց տնօրեն Աշոտ Հարությունյանի նախաձեռնությամբ իրականացված աշխատանքները: Այնուհետև հյուրին ներկայացվեց Նոր Հաճըն ավանի պատմությունը:

1958 թվականի մայիսը նշանակալի էր Հրազդան գետի աջափնյա գեղատեսիլ սարահարթի վրա տեղակայված Արզնի հիդրոէլեկտրակայանի շինարարությունում աշխատողների՝ «Սիլավոյ» անհրապույր անունը կրող բանավանի համար: Այդ ամսին ԽՍՀՄ Մինիստրների սովետի որոշմամբ այնտեղ հիմնադրվեց Տեխնիկական ճշգրիտ քարերի գործարանը: Գործարանի բացումը, ի թիվս բազմաթիվ դրական կողմերի, նաև հնարավորություն էր ընձեռում աշխատանքով ապահովելու ավանի աշխատունակ բնակչությանը, որոնք Արզնի հիդրոէլեկտրակայանի շինարարության ավարտից հետո արդեն քանի տարի էր՝ զրկված էին այդ հնարավորությունից: 1958 թվականի նոյեմբերին ավանը ստացավ Նոր Հաճըն անվանումը՝ ի հիշատակ Լեռնային Կիլիկիայի Հաճըն քաղաքի:

Հաճընը Կիլիկիայի ավելի քան 35 հազար բնակիչ ունեցող ծաղկուն քաղաք էր, որը թուրքերի կողմից հայաթափվել էր Մեծ եղեռնի ժամանակ: 1918-20 թթ. մոտ 8 հազար հաճընցիներ վերադարձել են հայրենի քաղաք, սակայն 1920-ին թուրքերը դարձյալ պաշարել են Հաճընը: Ութ ամիս տևած հերոսական ինքնապաշտպանության անհավասար մարտերում բազմաթիվ հաճընցիներ զոհվել են: Այդպես էլ ոչ մեկից օգնություն չստանալով՝ Հաճընն ընկել է: Թուրքերը, իրենց ձեռագրին հարազատ, խաղաղ բնակիչներին կոտորել են: Հրաշքով փրկված ոչ մեծ թվով հաճընցիներ ցրվել են աշխարհով մեկ: Հաճընցիների գաղթօջախներ կան Արգենտինայում, Ուրուգվայում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Ֆրանսիայում, Լիբանանում, Հունաստանում և այլուր:

անտոն քոչինյան

Միկոյանն ու Քոչինյանը շրջայց կատարեցին գործարանի արտադրամասերում և վարչական մասնաշենքում: Միկոյանն ուշադիր նայում էր տարբեր առանձնասենյակների դռներին փակցված գրառումներին և դիտողություն արեց հայերեն. «Ցանկալի է, որ գրառումները կատարվեն նաև հայերեն»: Նրա առաջարկությունը, իհարկե, ընդունվեց: Գործարանի ղեկավարությունն ու նրանց ուղեկցող բազմությունը ջերմ հրաժեշտ տվեցին նշանավոր հյուրերին:

* * *

1973 թվականի մայիսն էր: Նոր Հաճըն ավանում կառուցվող Հաճընի 1920 թվականի հերոսամարտի նահատակների հիշատակը հավերժացնող կոթողի կառուցման աշխատանքներն ավարտման փուլում էին: Դրանք ֆինանսավորում էր «Հաճըն» հայրենակցական միությունը, որի կենտրոնական վարչությունը գտնվում էր Արգենտինայում: Շինարարության ընթացքին մշտապես հետևում էր Հայաստանում ստեղծված «Հաճըն» հայրենակցական միության միավորման ղեկավար Գևորգ Գրբեկյանը: Նա այդ օրը երեկոյան կողմ զանգահարեց ինձ և խնդրեց մոտենալ հուշարձանի շինհրապարակին, քանի որ այցելելու էր հուշարձանի հեղինակ Ռաֆայել Իսրայելյանը:

Ռաֆայել Իսրայելյան

Մտովի վերհիշեցի, որ Հայաստանում նշանավոր կոթողների և հայտնի կառույցների հեղինակ, ԽՍՀՄ Ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տաղանդի արգասիքն են բազմաթիվ նշանավոր շինություններ, հուշարձաններ. «Արարատ» տրեստի գինու գործարանի մառանների շենքը, Սարդարապատի հուշահամալիրը, Մուսա լեռան հերոսամարտի հուշարձանը, «Մայր Հայաստան» արձանի պատվանդան-շենքը ցուցասրահով և այլ նշանավոր կառույցներ: Մոտեցա հուշարձանին, ջերմորեն ողջունեցի Իսրայելյանին և նրա ուղեկիցներին: Նա դիմեց ինձ խնդրանքով, ասաց՝ շատ ցանկալի է, որ հուշարձանը շրջապատող տարածքի բարեկարգման աշխատանքները, որ ըստ պայմանավորվածության, իրականացվում էին գործարանի միջոցներով, կատարվեն բարձրորակ շինանյութերով: Ես պատասխանեցի, որ մեր ղեկավարությունը քննարկել է այդ հարցը և որոշել, որ ֆինանսական դժվարությունների պատճառով բարեկարգման համար նախատեսվեն բետոնե եզրաքարեր և բետոնե ծածկույթ: Ասացի, որ դա, իհարկե, ժամանակավոր լուծում է, հետագայում մենք անպայման դրանք կփոխարինենք բազալտե սալերով ու քարերով: Իսրայելյանը խոր հոգոց քաշեց ու ասաց. «Ցավոք սրտի, իրական կյանքում շատ հաճախ ժամանակավորը դառնում է մշտական»: Այնուհետև Իսրայելյանը ներկայացրեց հուշարձանի ստեղծման որոշ մանրամասներ:

Հուշարձանը, որ իր հորինվածքով զուգորդվում է պատմակամ Հաճընի բերդի հետ, իր 15 մետր բարձրությամբ վեր սլացող կոթողով խորիմաստ կերպով արտացոլում է Հաճընի ինքնապաշտպանության և Նոր Հաճընի վերածնման գաղափարը: Նրա մտահղացմամբ՝ վերևի յուրօրինակ ուրվագծով բացվածքը հնարավորություն է տալիս օրվա որոշակի ժամերին արևի շողերի ազդեցության տակ պատի վրա նշմարել հայկական խաչի պատկերը (այն ժամանակներում արգելված էր կոթողների վերևում խաչ դնելը): Հուշարձանի մեջ ստեղծված է բավականին մեծ տարածք թանգարանի համար, որտեղ նախատեսված է ցուցադրել հին ու նոր Հաճըններին նվիրված ցուցանմուշներ, իսկ թանգարանի մուտքը ետնամասից է: Հուշարձանի հանդիսավոր բացումը որոշված էր կատարել 1973 թ. հոկտեմբերին: Ցավոք, Իսրայելյանը չապրեց մինչև բացումը: Նա երկրային կյանքին հրաժեշտ տվեց 1973 թ. սեպտեմբերին:

Իսրայելյանը տաղանդավոր մարդու բազում առավելությունների հետ կամքի ուժի և սկզբունքների մեծ պաշար ուներ: Այդ օրը նա հուշարձան էր այցելել՝ անկողնուց ելնելով, տառապում էր անբուժելի ծանր հիվանդությամբ, և ինչպես անձնական զրույցում ինձ ասաց Գևորգ Գրբեկյանը, բավական ժամանակ էր՝ չէր կարողանում որևէ սնունդ ընդունել: Ես սրտի ցավով հրաժեշտ տվեցի մեծարգո հյուրին:

* * *

1989 թվականի մի աշնանային երեկո էր, եղանակը՝ բավական ցուրտ: Ես այդ ժամանակ աշխատում էի որպես ՀԽՍՀ կառավարության ծանր արդյունաբերության բաժնի պետ: ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահն էր Վլադիմիր Մարկարյանցը: Աշխատանքի բերումով շատ ուշ ավարտեցի այդ օրվա հաձնարարականը, անհրաժեշտ էր նախապատրաստել մի հրատապ հարց հաջորդ օրվա կառավարության նիստում քննարկելու համար: Կառավարության շենքից դուրս եկա կեսգիշերին մոտ: Մարկարյանցի նորամուծությամբ՝ մենք ուշ ժամին իրավունք չունեինք օգտվելու ծառայողական մեքենայից, այն մեզ կարող էր սպասարկել միայն աշխատանքային ժամերին: Կառավարության շենքի լուսավորված պատուհաններից երևում էր, որ Մարկարյանցն այդ ուշ ժամին նույնպես աշխատում է:

Մութ ու ցուրտ տարիներն էին, հասարակական տրանսպորտը գրեթե չէր աշխատում: Քայլելով մի կերպ հասա մինչև օպերայի շենքը: Ամբողջ ճանապարհին նայում էի բնակելի շենքերի պատուհաններին, լույսի նշույլ համարյա չկար, մեկ-մեկ նշմարվում էր էլեկտրական մի լամպի լույս, որ տարբեր հնարքներով ու մարտկոցներ օգտագործելով՝ սարքել էին որոշ գիտակներ: Կանգառում բավական մարդիկ էին հավաքված, սպասում էինք բախտի քմահաճույքին: Մեր կողքից շատ հաճախ անցնում էին դատարկ մեքենաներ՝ առանց սպասողներին նկատելու, և հանկարծ անսպասելիորեն մեզ մոտ կանգնեց սև գույնի «Վոլգա» մեքենա, և նրա վարորդն առաջարկեց Արաբկիրի կողմը գնացողներին նստել իր մեքենան: Ես շնորհակալությամբ ընդունեցի հրավերը և նստեցի վարորդի կողքին: Ետնամասում նստեց մեկ ուրիշ մարդ, այլ ցանկացողներ չգտնվեցին, և մենք շարժվեցինք: Ուշադիր նայեցի վարորդին և ինչ տեսա. ղեկին նստած էր հռչակավոր արտիստ Ֆրունզիկ (Մհեր) Մկրտչյանը: Նայելով Ֆրունզի յուրահատուկ դեմքին՝ վերհիշեցի նրա կերտած նշանավոր դերերը «Մեր մանկության տանգոն», «Մենք ենք, մեր սարերը», «Միմինո» և այլ կինոնկարներից: Բայց այդ պահին ամենատպավորիչն ինձ համար նրա մեծ մարդասիրությունն էր, որ առանձնահատուկ ընկալվեց այդ օրվա ծանր պահին: Ճանապարհին ետնամասում նստած ուղևորն իջավ ու փորձեց վճարել: Ֆրունզիկն իհարկե հրաժարվեց: Ես ասացի, որ ուղևորը չճանաչեց իրեն: Մեքենայից իջա նրա շենքի մոտ, որ հեռու չէր ինձ անհրաժեշտ տեղից, և շնորհակալությամբ հրաժեշտ տվեցի նրան:

Հետագայում պրպտեցի ու կարդացի թատերական արվեստի մասնագետների գնահատականները Ֆրունզիկի մասին, ըստ որոնց՝ նրա արվեստին բնորոշ են գրոտեսակային ցայտուն կերպարները, կատակերգականի և ողբերգականի զուգակցումը, անսպառ հումորը, պարզ և տպավորիչ արտահայտչամիջոցները: Իզուր չէ, որ նա արժանացել է բազմաթիվ բարձր կոչումների ու պետական պարգևների՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր և այլն: Այդ բոլորի կողքին պետք է ավելացնել, որ նա մեծ հումանիստ էր, Մարդ՝ մեծատառով:

Կիմ ԳԱԼՈՅԱՆ

Վաստակավոր ճարտարագետ, ՀԽՍՀ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: