Հայերեն   English   Русский  

Համանախագահները Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ներկայացրել են «կրեատիվ գաղափարներ».Էլմար Մամեդյարով


  
դիտումներ: 491

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահները փետրվարի սկզբին կայցելեն տարածաշրջան այն հարցերի քննարկման շարունակման նպատակով, որոնք դիտարկվել են հունվարի 18-ին Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպման ժամանակ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը: Խոսելով հունվարի 18-ին կայացած հանդիպման մասին՝ Մամեդյարովը նշել է, որ բանակցությունները տևել են 6 ժամ:

Ադրբեջանի արտգործնախարարը նախ հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ, ապա համանախագահների մասնակցությամբ կայացել է Էլմար Մամեդյարովի հանդիպումը Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:Այնուհետև նախարարները խոսել են դեմ առ դեմ: Հանդիպումը եզրափակվել է Էլմար Մամեդյարովի՝ համանախագահների հետ հանդիպմամբ:

«Համանախագահները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ ներկայացրել են մի շարք կրեատիվ առաջարկներ»,-նշված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի հաղորդագրությունում:

Ըստ Էլմար Մամեդյարովի՝ բանակցություններն անցել են դրական հունով՝ հավելելով, որ բանակցությունների քննարկման համար ներկայացված գաղափարների հիման վրա Մինսկի խմբի համանախագահները փետրվարի սկզբին կայցելեն տարածաշրջան:

«Ընդհանուր մոտեցումն այն է, որ հակամարտության կարգավորման գործում առաջընթացի, խաղաղության հաստատման և տարածաշրջանում կայունության ապահովման համար անհրաժեշտ է ինտենսիվորեն շարունակել տրամաբանական բանակցությունները»,-հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: