Հայերեն   English   Русский  

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Վազգեն Սարգսյանի և Արմեն Սարգսյանի միջև. 168.am


  
դիտումներ: 1287

Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի՝ ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու հանգամանքը «թարմացրեց» հիշողություն-քննարկումներն այն մասին, թե ինչպես Արմեն Սարգսյանը 1997 թվականին հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից և ինչ հակասություններ նա ուներ այն ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ։ Թեմայի շուրջ 168.am-ը զրուցեց Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի հետ։

– Պարոն Սարգսյան, 1997-ին իրականում ի՞նչ է տեղի ունեցել Վազգեն Սարգսյանի և Արմեն Սարգսյանի միջև։

– Միանշանակ ասեմ, որպեսզի թեման հենց սկզբից փակվի, ապտակի մասին լուրերն ամբողջությամբ հերյուրանք են։ Արմեն Սարգսյանին ճանաչում եմ 1996 թ.-ից, մեզ անձամբ ծանոթացրել է Բաբկեն Արարքցյանը Սևանում։ Եվ իմ ճանաչած օրվանից՝ 1996 թվականից մինչև 1999թ. հոկտեմբերի 25-ը, երկու Սարգսյանների՝ Վազգենի ու Արմենի միջև եղել են ջերմ, մարդկային, նույնիսկ կասեի՝ եղբայրական հարաբերությունների մեջ։

Դա իմ տեսածն է և, կարծում եմ՝ քիչ չեմ տեսել, նրանց հարաբերությունների, շփումների բազմաթիվ անգամներ ներկա եմ եղել։ Եվ վերջին անգամ, երբ ես Վազգենին տեսել եմ կենդանության օրոք, դա եղել է Արմենի հետ, Արմենի կնոջ, Վաչե Մանուկյանի, նրա կնոջ՝ Թամարի հետ, մեր տանը։

Հոկտեմբեր 24-ի լույս 25-ի գիշերը միասին ջերմ օր ենք անցկացրել, և առավոտյան Վաչեն ու Արմենը մեկնում էին Լոնդոն։ Եվ, իրոք, Վազգենի ու Արմենի հարաբերությունները շատ ջերմ էին, ընտանեկան։ Ես կարող եմ հիշել. 1999թ. այդ օրը ՀՀ-ում առաջին ՏԻՄ ընտրություններն էին, այդ օրն էր։ Նրանք հրաշալի, ջերմ հարաբերություններ են ունեցել։ Իմ տեսած ու լսածն է։ Թե կուլիսներում մարդիկ ինչե՞ր են իրենց համար հորինում, ինչե՞ր են ուզում ակնկալել այդ «ապտակ» եղած-չեղածից, ես նման բան երբևիցե ո՛չ լսել, ո՛չ զգացել եմ, կամ երբևիցե առանձին տեղերում չեմ լսել, որ Վազգենը որևիցե անգամ Արմենից դժգոհ լինի, կամ Արմենի հասցեին որևիցե վատ բառ ասի։ Չկա նման բան, սուտ է, հերյուրանքներ են։

– Այդ դեպքում վարչապետի պաշտոնից Արմեն Սարգսյանի հրաժարականի պատճառը ո՞րն էր։

– Վստահ կարող եմ ասել, որ հրաժարականի միակ պատճառը, կարևորագույնը, ուրիշ պատճառ ես չգիտեմ և չեմ լսել, Արմենի առողջական խնդիրն էր։ Արմենն առողջական խնդիր ուներ, որի համար Վազգենը շատ ծանր էր տանում, և բազմիցս լսել եմ, որ նա միշտ խոսել է՝ Աստված Արմենին առողջություն տա, Արմենը մեզ դեռ շատ է պետք, Արմենը կարգին մարդ է և Հայաստան երկրին շատ է պետք։ Գիտեմ, որ նաև Վազգենի հորդորով Արմենը մեկնեց Լոնդոն՝ հատուկ բուժման, որովհետև իսկապես, փառք Աստծո, որ Արմենն այսօր առողջ է, Աստված տա երկար տարիների կյանք, ու առողջ լինի միշտ, ես գիտեմ, որ Արմենի հրաժարականի միակ պատճառը եղել է իր առողջական խնդիրը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: