Հայերեն   English   Русский  

Թուրքական բանակը հարվածել է քրդական դիրքերի ուղղությամբ


  
դիտումներ: 854

Թուրքական բանակը հարվածել է Թուրքիայի հետ սահմանակից սիրիական Աֆրին շրջանում տեղակայված, Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից աջակցվող քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների (YPG) դիրքերի ուղղությամբ: Այս մասին հաղորդում են ԶԼՄ-ները:

Սիրիայի կառավարությունն Անկարային նախազգուշացրել է, որ վերջինիս գործողությունները կարող են պատերազմ հրահրել: Քրդերը հունվարի 19-ին ևս հայտարարել են, որ պատասխանելու են հարձակումներին: Նույն օրը վերջիններս հայտնել են, որ թուրքական բանակը ուշ գիշեր հարվածել է Աֆրին շրջանի բազմաթիվ թիրախների վրա` տեղի բնակչությանը նյութական վնաս պատճառելով:

Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Ֆեյսալ Մեքդադը հունվարի 18-ին Թուրքիային զգուշացրել է, որ, համաձայն միջազգային իրավունքի նորմերի, ռազմական գործողություններ սկսելու յուրաքանչյուր նախաձեռնություն դիտարկվելու է որպես ագրեսիայի ակտ թուրքական բանակի կողմից: Ըստ նրա` Սիրիան Թուրքիայի կողմից ագրեսիվ դրսևորումներին կամ նրա ռազմական ներխուժմանը հակահարված է տալու:

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիկլին հունվարի 19-ին հայտարարել է Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն սկսելու մասին: Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայի կողմից աջակցվող «Սիրիական ազատ բանակ» ապստամբական խմբավորումը լիավին պատրաստ է Աֆրինի շրջանում ռազմական գործողություններին մասնակցելուն:

Վերլուծաբանները կարծում են, որ Միացյալ Նահանգների կողմից քրդերին ներկայացվող մշտական ռազմական աջակցությունը Թուրքիայի ռազմական գործողությունների հիմնական պատճառն է: Թուրքիան սիրիական քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցությանն ու «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ» զինված ուժերին համարում է Թուրքիայում արգելված և ահաբեկչական հայտարարված Քրդական բանվորական կուսակցության (PKK) մասնաճյուղեր Սիրիայում: Մյուս կողմից, Ամերիկայի Միացյալ Նահանգները քրդերին դիտարկում է որպես արդունավետ ցամաքային ուժ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում` նրանց աջակցություն ցուցաբերելով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: