Հայերեն   English   Русский  

Սարմեն Բլբուլյան. Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները


  
դիտումներ: 778

Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը:

Ծրագիրն իրականացնում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։

Կեսօրն արդեն մոտ էր, երբ հասանք գնդապետ Կարեն Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամասի մարտական դիրքերից մեկը: Թվում էր տիրող լռությունը հավիտենական է, և ոչինչ չի կարող խաթարել այն: Սակայն դիմացը թշնամին է` նենգ ու դավադիր, ցանկացած պահի պատրաստ ցույց տալու իր իսկական դեմքը:

Շարքային Սարմեն Արշալույսի Բլբուլյանին հանդիպեցինք կացարանին հարակից հատվածում. առույգ հերթափոխի պարտականություններն էր կատարում` աչալրջորեն դիտարկելով շրջակայքը:

Նա ծնվել է 1998 թվականի փետրվարի 27-ին Իջևան քաղաքում: Զորակոչվել է ծառայության 2016 թվականի հուլիսին, և շուրջ 14 ամիս է, ինչ ծառայում է Պաշտպանության բանակում, որից մի մասը` դիրքերում: Դիրքապահի պարտականությունները կատարելը նրա համար առօրեական է արդեն: Դա հնարավոր է դարձել սեփական կամքի և հրամանատար-ենթակա քրտնաջան աշխատանքի արդյունքում: Հայրենիքի սահմաններն անառիկ պահելու հարցում Սարմենը կարևորում է զգոնությունը և մասնագիտական բարձր պատրաստվածությունը, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր ժամանակին նկատել հակառակորդի կողմից իրականացվող քայլերը և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ:

«Հակառակորդն այստեղից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա է գտնվում, և մենք, գիտակցելով այս հանգամանքը, ձգտում ենք ամենայն լրջությամբ կատարել մեր պարտականությունները: Դիրքապահներիս համար այս ամենն արդեն սովորական է դարձել, առօրեական: Մեր գերխնդիրը հենց այս ամենին կամ, զինվորական լեզվով ասած, մարտական իրադրությանը տիրապետելն է, որն իր մեջ բազմաթիվ բաղադրիչներ է ներառում: Հրամանատարության անմիջական աջակցությամբ և մեր նախաձեռությամբ վերջին շրջանում դիրքերում զգալի ինժեներական կահավորման աշխատանքներ են կատարվել, որոնք շարունակական բնույթ են կրում: Դրանք կատարված են խնամքով և այնպես, որ մարտ վարելու համար առավելագույնս անվտանգ և հարմարավետ լինի, որ ավելի լավ պայմաններում կատարենք մեր ծառայողական պարտականությունները: Իսկ նորագույն սարքավորումներով հագեցվածությունը թույլ է տալիս ավելի բարձր մակարդակով կատարել առաջադրված խնդիրները` լիովին վերահսկողության տակ պահելով հակառակորդի գործողությունները»,- մեզ հետ զրույցում ասում է շարքային Ս. Բլբուլյանը:

Իսկ ինչ վերաբերում է դիրքապահի պարտականությունների կատարմանը, ապա ինքն անձամբ համոզված է, որ առաջին գծում, թշնամուն դեմ-դիմաց հնարավոր չէ կանգնել առանց հայրենասիրության, միասնության ու մարտական բարձր ոգու. «Հայրենասիրությունն ու զինծառայությունը միմյանց հետ փոխկապակցված են, և դրանց համակցության շնորհիվ ենք մենք պահպանում մեր լեզուն, ինքնությունը, հայրենիքը: Այսօր, առավել քան երբևէ, հանուն մեր ազատության ու անկախության հրամանատար ու զինվոր պարտավոր ենք բռունցքվել, որպեսզի մեր նախորդներին կարողանանք փոխանցել հզոր, ազատ ու անկախ հայրենիք։ Մարտական հերթապահություն կատարելու ընթացքում կարևոր է նաև զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը: Եթե բարոյահոգեբանական տեսակետից մարդը խոցելի է լինում, դա բացասական է անդրադառնում զգոնությանը, և նա, ընդհանրապես, խոցելի է դառնում թշնամու համար: Դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում կարևոր նշանակություն ունի բոլորիս միասնականությունը, միմյանց նկատմամբ հոգատար ու պատրաստակամ վեաբերմունքը,- մեզ հետ զրույցում իր համոզմունքներն է արտահայտում շարքային Ս. Բլբուլյանը` շեշտելով,- մեր միասնությամբ, ամուր բռունցք դարձած` պատրաստ ենք հարվածել հակառակորդին և ձախողել նրա մտադրությունները»։

Զինծառայությանն առնչվող ամենատարբեր թեմաների շուրջ զրուցելով հայրենիքի երիտասարդ պաշտպանի հետ` ավելի էր ամրապնդվում մխիթարությունն առ այն, որ մեր նվիրյալների կրած տառապանքները, կորուստներն ու զրկանքները զուր չեն անցել, քանի որ նրանց գործի շարունակողները վստահորեն են կանգնած հայրենիքի դիրքերում:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: