Հայերեն   English   Русский  

​Ձնաբքի մեջ է հայտնվել 29 ուղևոր, որից 2-ը Թուրքիայի քաղաքացի


  
դիտումներ: 1155

Հունվարի 20-ի գիշերը ծանրաբեռնված է եղել Շիրակի մարզի փրկարարների համար:

Ձյան մեծ շերտը, ուժեղ քամին ու Աշոցքի ավտոճանապարհներին տեղ-տեղ հասունացած բուքը արգելափակման մեջ են առել տասնյակ մեքենաներ:

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից են շիրակցի փրկարարները կանչ ստացել՝ Բավրա գյուղի տարածքում, սահմանակետն անցել ու ձնային արգելքի մեջ է հայտնվել ՛՛Մերսեդես՛՛ մակնիշի ավտոբուս: Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատը ամենագնաց ՛՛Ուրալ՛՛ մենքենայով շտապել է դեպքի վայր, սակայն փրկարարներն այդպես էլ որ մի մեքենա չեն հայտնաբերել:
Այնուհետ փրկարարական ծառայությունն ահազանգ է ստացել Ցողամարգ-Թորոսգյուղ հատվածում ձյան մեջ արգելափակված մեքենաների մասին: Ինչպես հայտնում է Շիրակի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Կարեն Եղշատյանը, փրկարարական ջոկատը ՛՛Ուրալ՛՛ մեքենայով հետ է կանչվել Բավրայից և ուղարկվել այնտեղ:
՛՛Թորոսգյուղ-Ցողամարգ ոլորապտույտ ճանապարհի ՛՛Ղոչի աղբյուրի տակ՛՛կոչվող հատվածում փրկարարները հայտնաբերել են 40 տեղանոց ավտոբուսը, որի մեջ եղել են Թուրքիայի Հանրապետության երկու քաղաքացի: Փրկարարները նրանց տեղավորել են ՛՛Ուրալում՛՛ և շարժվել դեպի Ցողամարգ՛՛, - ասում է Կարեն Եղշատյանը:
Արդեն Ցողամարգի ճանապարհին սաստիկ բուք է եղել, գրեթե առանց տեսանելիության, փրկարարները տարհանել են 9 մեքենա և 29 ուղևոր: Մեկ մեքենա և երկու ուղևոր տարհանվել է նաև Աշոցք-Կրասար ճանապարհահատվածից:
Կարեն Եղշատյանի փոխանցմամբ Թուրքիայի քաղաքցիներին արդեն առավոտյան փրկարարները ուղեկցել են դեպի ավտոբուսը, արդեն ճանապարհները անցանելի են եղել, իսկ բուքը դադարել էր:
Չնայած առատ ձյանն ու քամու ուժգնացմանը, փրկարարական ծառայությունը մեքենաների արգելափակումների մասին որևէ ահազանգ չի ստացել Լանջիկ-Մարալիկ ճանապարհահատվածից, որը սովորաբար փակվում է ձնաբքի ժամանակ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: