Հայերեն   English   Русский  

​Թուրքիայի փոխվարչապետը խոսել է Աֆրինում «Ձիթենու ճյուղ» գործողության մասին


  
դիտումներ: 360

Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը պատմել է սիրիական Աֆրինում ռազմական գործողության իրականացման նպատակների և դրա ավարտի պայմանների մասին:

«Այդ գործողությունն ուղղված է ոչ թե այնտեղ բնակվող մեր թուրքմեն, քուրդ և արաբ եղբայրների, այլ ահաբեկչական կազմակերպությունների դեմ: Այն սկսվել է Սիրիայի տարածքային ամբողջականոթյան, ինքնիշխանության և քաղաքական միասնության հարգմամբ և շարունակվելու է այդ սկզբունքների հիման վրա: Այն բանից հետո, ինչ գործողությունը կհասնի իր նպատակներին, Թուրքիան այնտեղից կհեռանա»,- հայտարարել է Բեքիր Բոզդաղը:

Հունվարի 20-ին Է Թուրքիայի զինված ուժերը սկսել են Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը՝ «Ձիթենու ճյուղ» անվամբ, որին մասնակցել են ռազմաօդային ուժերի առնվազն 72 ինքնաթիռներ: Ըստ տեղեկության՝ ինքնաթիռները Աֆրինի 7 կետերում խոցել է նախատեսված 113-ից 108 թիրախներ:

Վերլուծաբանները կարծում են, որ Միացյալ Նահանգների կողմից քրդերին ներկայացվող մշտական ռազմական աջակցությունը Թուրքիայի ռազմական գործողությունների հիմնական պատճառն է: Թուրքիան սիրիական քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցությանն ու «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ» զինված ուժերին համարում է Թուրքիայում արգելված և ահաբեկչական հայտարարված Քրդական բանվորական կուսակցության (PKK) մասնաճյուղեր Սիրիայում: Մյուս կողմից, Ամերիկայի Միացյալ Նահանգները քրդերին դիտարկում է որպես արդունավետ ցամաքային ուժ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում` նրանց աջակցություն ցուցաբերելով:

Ավելի վաղ Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայի իշխանություններին նախազգուշացրել է, որ թուրքական բանակի՝ սիրիական Հալեպ նահանգի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող Աֆրինի շրջան ներխուժումը կդիտարկի որպես ագրեսիա: Դամասկոսը նաև նշել է, որ երկրի հակաօդային պաշտպանությունը պատրաստ է պաշտպանել իր օդային տարածքը Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից հարձակման դեպքում:

Անկարան YPG-ն համարում է ահաբեկչական կազմակերպություն, որը, ըստ Անկարայի, կապեր ունի երկրում ահաբեկչական հայտարարված Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ:

Պաշտոնական Անկարայի և Թուրքիայում ահաբեկչական հայտարարված Քրդական բանվորական կուսակցության միջև զինված համակարտությունը սրվել է 2015 թ-ի ամռանը՝ Սուրուչ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Այդ ժամանակ զոհվել էր 32 մարդ, հիմնականում՝ քրդեր: Քրդական բանվորական կուսակցության մարտիկները, որոնց Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն, թուրքական իշխանությանը մեղադրել են իսլամիստներին աջակցելու մեջ՝ վերսկսելով թուրքական ուժայինների դեմ պարտիզանական պայքար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: