Հայերեն   English   Русский  

​Մանուել Մանուկյան՝ քառօրյայի դիրքապահը


  
դիտումներ: 559

Մանուել Մանուկյանն ու ծառայակից ընկերները հենց ապրիլյան պատերազմի ժամանակ դիրքերում խոսք տվեցին, որ հաջողությամբ զորացրվելուց հետո հիմնելու են մի կազմակերպություն, որն իր շուրջն է հանախմբելու քառօրյայի մասնակից տղաներին: Այդպես ստեղծվեց «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» հասարակական կազմակերպությունը:

«Մինչև սեփական աչքով չտեսնես, էդ ամենի միջով չանցնես, չես կարող իմանալ, թե ինչ է պատերազմը»,- ասում է կազմակերպության նախագահ Մանուել Մանուկյանը, որ 2014 թ. Արտակարգ իրավիճակների ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի առաջին կուրսից մեկնել էր ծառայության ԼՂՀ Հադրութի շրջան:

Manuel Manukyan-ի լուսանկարը:Մեկուկես տարվա զինծառայող էր, երբ ապրիլյան պատերազմը սկսվեց: Լավ է հիշում այդ օրը. «Ապրիլի 1-ի երեկոյան բարձրացանք դիրքեր: Առավոտյան 6-ին սկսվեցին ինտենսիվ կրակոցներ: Զգացվեց, որ ինչ-որ բան այն չէ: Չգիտեմ՝ ինչից էր, բայց այդ օրը մի տեսակ բոլորս շատ բարձր տրամադրություն ունեինք: Էդ օրը ոնց որ տարբերվեր մյուս օրերից,- պատմում է Մանուելը, որ ոչ միայն դիրքի ավագն էր, այլև դասակի հրամանատարի պարտականություններն էր կատարում:- Քիչ անց զանգահարեցին և ասացին, որ հարևան դիրքերում ծանր իրավիճակ է, հակառակորդն առաջ է եկել: Հետո ինձ զանգեց իմ հրամանատարներից մեկը, մենք շատ լուրջ զրույց ունեցանք, նա ինձ տեղեկացրեց ամեն ինչի մասին: Ես այդ ժամանակ շատ մեծ պատասխանատվություն զգացի և հասկացա, որ հենց դիրքի անձնակազմով ենք պատասխանատու ամեն ինչի համար: Ճիշտ է՝ մեզ հրամաններ էին տալու, բայց, ի վերջո, ամեն ինչ մենք պետք է կատարեինք: Հրամանատարիս հետ զրույցն ավարտելով՝ անջատեցի հեռախոսը և փորձելով ինձ զսպել, որ ընկերներս չզգան՝ շատ լուրջ բան կա, ասացի, որ բոլորը հավաքվեն: Ներկայացրի իրավիճակի լրջությունը, միաժամանակ փորձեցի էնպես անել, որ խուճապի չմատնվեն, այլ ուղղակի զգույշ լինեն»:

19-ամյա սերժանտն ամբողջությամբ գիտակցում էր, որ այդ պահին իրենք են պատասխանատու երկրի պաշտպանության համար, բայց ինքն էլ պատասխանատու է դիրքի անձնակազմի անվտանգության համար: Նրա ուսերին ծանր բեռ էր դրված: Մի կողմ թողնելով հուզմունքը և սառը դատողությունն առաջ մղելով՝ տղաները թև թևի տված անմիջապես սկսում են մարտավարություն պլանավորել: Դիրքին հարակից հատվածում բավական մեծ ազատ տարածք կար: Կանխատեսելով, որ հավանական հարձակումը կլինի հենց այդտեղից, որոշում են հակառակորդին թյուրիմացության մեջ գցել և շեղել ուշադրությունը: Մանուելն ու ընկերներից մեկը գնում են այդ տարածք և սկսում այնտեղից կրակել: Ընտրված մարտավարությունն իրեն արդարացնում է. հակառակորդը կարծելով, որ այդ հատվածում հայ դիրքապահներն ամուր պաշտպանություն են իրականացնում, հարձակման չի դիմում: Եվ մինչ հակառակորդը կփորձեր հասկանալ, թե որ կողմից հարձակվի, տղաներն արդեն կապ էին հաստատել հարևան դիրքի հետ և նրանց հետ միասին անցել գրոհի՝ կանխելով թշնամու հարձակումը: Մանուելը հիմա միայն ափսոսում է, որ մի քիչ շտապեցին՝ չթողնելով՝ հակառակորդն ավելի մոտենա, որ ավելի մեծ կորուստներ պատճառեին: «Երեկոյան արդեն անձնակազմի փոփոխություն տեղի ունեցավ, մենք տեղափոխվեցինք այլ մարտական դիրք, որտեղ ավելի մեծ ուժերով անցանք պաշտպանության: Այնտեղ նույնպես դիրքի ավագն էի և անմիջական պատասխանատուն»:

Manuel Manukyan-ի լուսանկարը:Այստեղ նույնպես տղաները հիանալի պաշտպանություն են իրականացնում՝ անառիկ պահելով դիրքերն ու չունենալով զոհեր ու վիրավորներ: «Մեր զորամասի հրամանատարը՝ Սերգեյ Շաքարյանը, լավ պաշտպանություն իրականացնելու համար ՀՀ նախագահի կողմից պարգևատրվեց»,- հիշում է Մանուելը:

«Իսկ քեզ պարգևատրեցի՞ն»,- հետաքրքրվում եմ: «Ես միայն զորամասի կողմից եմ պարգևատվել և ծառայությունն ավարտել իբրև ավագ սերժանտ,- ասում է ու հավելում,- իմ ամենամեծ պարգևատրումն այն է, որ ես՝ որպես դիրքի ավագ և այդ պատասխանատվությունը կրող, կարողացա իմ դիրքի անձնակազմին ողջ և առողջ այդ փորձության միջից հանել, և այսօր այդ տղաներն իրենց ընտանիքների հետ են: Դրանից ավելի մեծ պարգև ինձ համար չկա»:

Զորացրվելուց առաջ զորամասի հրամանատարն ափսոսանքով է տղաներին բաց թողնում՝ նշելով, որ նրանք արդեն կայացած, բանակի համար արժեքավոր զինվորներ են և հիմա պետք է գնան, իսկ նրանց փոխարինեն նորեկները, որոնց հետ պետք է սկսել զրոյից: Մանուել Մանուկյանը հենց այս իմաստով է նաև կարևորում «Դիրքապահի» ստեղծումը: Ասում է, որ ապրիլյան պատերազմի միջով անցած տղաներն արդեն զորացրվել են, բայց նրանք մեծ փորձ են ձեռք բերել, այդ ներուժը պետք է համախմբել. «Ինչքան էլ ծառայության ընթացքում զինվորական պատրաստություն անցնես, հմտություններ ձեռք բերես, միայն պատերազմի միջով անցնելով կարող ես լիարժեք փորձ ձեռք բերել: Իսկ այս պատերազմը շատ է տարբերվում 91 թվականի պատերազմից: Մենք ուզում ենք, որ վերջին պատերազմական փորձն ունեցող այդ տղաները համախմբվեն, քանի որ այդ փորձն ամեն վայրկյան կարող է պետք գալ»:

Manuel Manukyan-ի լուսանկարը:«Դիրքապահի» շարքերում այս պահին ներգրավված է քառօրյայի մասնակից շուրջ 50 նախկին զինծառայող, այդ թվում՝ քառօրյայի ժամանակ վիրավորված և հաշմանդամ դարձած տղաները: Մանուել Մանուկյանն ասում է, որ իրենք պատրաստ են համագործակցել նաև նախկին ազատամարտիկների և նրանց հետ, որոնց համար թանկ է երկրի պաշտպանությունը, կարևոր են զինվորի խնդիրները: «Դիրքապահը» նաև կապող օղակ է զոհված զինծառայողների ընտանիքների հետ՝ ցույց տալով, որ նրանց որդիներին հիշում են ու խոնարհվում նրանց հիշատակի առաջ:

«Դիրքապահի» ուշադրության կենտրոնում այսօր վիրավոր զինծառայողներն են և նրանց համար կառուցվող վերականգնողական կենտրոնը: Կազմակերպության նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հունվարի 24-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Շնորհակալությու՛ն, հայ զինվոր» խորագրով բարեգործական համերգը, որի ողջ հասույթը կտրամադրվի զինհաշմանդամների վերականգնողական նոր կենտրոնի կառուցմանն ու վերազինմանը: Նախաձեռնությանը միացել են և ելույթ կունենան մի շարք հայտնի երգիչներ՝ Արսեն Գրիգորյանը (Մրո), Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Արսեն Սաֆարյանը, Դավիթ Ամալյանը, Լեյլա Սարիբեկյանը, Էրիկ Կարապետյանը, Զարուհի Բաբայանը և ուրիշներ:

Մանուել Մանուկյանը, իր հաջողության պատմությունն օրինակ բերելով, ասում է, որ ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ խաղաղ կյանքում պետք է կարողանանք դառնալ թիմ, որպեսզի հաղթենք: Ապրիլյան պատերազմի հերոսը կարծում է, որ դա մի մեծ դաս էր, որից շատ բան ենք սովորել, իսկ բանակը, այդ դասը ստանալով, ավելի է կայացել. «Հայաստանում միակ կառույցը, որ ես լիովին կայացած եմ համարում, մեր բանակն է»,- զրույցն ամփոփում է Մանուել Մանուկյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: