Հայերեն   English   Русский  

Կյուրիկե Բ


  
դիտումներ: 3804

Երբ կալանվածներին բերում են Բագարատի մոտ, նա Լոռվա թագավորից պահանջում է Սամշուլդե բերդաքաղաքը, որը թագավորության երկրորդ քաղաքն էր Լոռեից հետո: Կյուրիկեն, բնականաբար, մերժում է Բագարատի ապօրինի պահանջը:

Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության երրորդ գահակալը` Կյուրիկե Բ արքան (1048-1090), XI դարի նշանավոր ռազմա-քաղաքական գործիչներից է: Կյուրիկե II-ը հորից` Լոռվա թագավոր Դավիթ Ա Անհողինից (990-1048) ժառանգեց մեծ ու բարգավաճող պետություն: Դավիթ Անհողինն իր երկարատև թագավորության ընթացքում կարողացել էր երիցս ջախջախել իր թագավորությանը սպառնացող Գանձակի և Դվինի էմիրություններին, նվաճումներ կատարել Աղվանքում, Վիրքում, ընդարձակել իր պետության սահմանները: Դավիթը նաև նվաճել էր Թիֆլիսը և հարկատու դարձրել տեղի էմիրին, գրավել էր Կախեթը և այնտեղ գահ բարձրացրել կրտսեր որդուն` Գագիկին:

Հոր քաղաքականությունը շարունակեց նաև Կյուրիկե II-ը, ով պայքար էր մղում ոչ միայն իր հայրենական ժառանգությանը` Անիին տիրելու համար, այլև Անդրկովկասում առաջնության համար: Ընդգծելու համար իր համահայկական նկրտումները` Կյուրիկե II-ն անգամ դրամ հատեց, ինչը եզակի է Բագրատունյաց թագավորության պատմության մեջ:

Կյուրիկե II-ի գահակիցն էր նրա եղբայրը` Սմբատը, սակայն վերջինիս գահակալությունը սոսկ անվանական բնույթ ուներ:

Փաստորեն, 1045 թ. Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո Կովկասում առաջնության համար պայքար էր ծավալվել Տաշիր-Ձորագետի Լոռվա Կյուրիկյան և Վիրա-աբխազական թագավորությունների միջև:

Վիրա-աբխազական թագավորությունը վերելք էր ապրում Բագարատ IV-ի (1027-1072) տիրապետության օրոք: Կյուրիկե II-ը և Բագարատ IV-ը բարեկամներ էին: Երկուսն էլ Բագրատունյաց տոհմից էին, ավելին` Կյուրիկե II-ի կինը` Շերիկը, Բագարատ IV-ի քույրն էր, ինչը, սակայն, չէր խանգարում, որ այս երկու պետությունները բախվեին:

Շուտով այս պայքարը նոր փուլ է թևափոխում Անդրկովկասում սելջուկ-թուրքերի ի հայտ գալու պատճառով:

1064 թ. սելջուկների առաջնորդ Ալփ-Ասլանը գրավում է Անին և շարժվում դեպի Անդրկովկաս: Կյուրիկե II-ը և Բագարատ IV-ը հպատակություն են հայտնում սելջուկներին` իրենց երկրները ավերածություններից փրկելու համար: Թուրք սուլթանն ընդունում է նրանց հպատակությունը և պահանջում, որ Կյուրիկե II-ն իրեն կնություն տա դստերը: Կյուրիկե II-ը մերժում է: Խնդիրը լուծելու համար Ալփ-Ասլանը դիմում է Բագարատ IV-ին, որի քրոջ աղջիկն էր Կյուրիկե II-ի դուստրը: Բագարատը հարցի շուրջ բանակցելու նպատակով Լոռի է ուղարկում իր ազդեցիկ իշխաններից Վարազ-Բակուր Գամրեկելուն: Կյուրիկեն մերժում է նաև Բագարատի պատգամավորին:

Սելջուկյան սուլթանին հաճոյանալու նպատակով Բագարատ IV-ը դավ է նյութում ազգակցի դեմ: Նա բանակցությունների է հրավիրում Կյուրիկեին և Քվեշի անտառում կալանավորում է նրան ու իր եղբայր Սմբատին:

Երբ կալանվածներին բերում են Բագարատի մոտ, նա Լոռվա թագավորից պահանջում է Սամշուլդե բերդաքաղաքը, որը թագավորության երկրորդ քաղաքն էր Լոռեից հետո: Կյուրիկեն, բնականաբար, մերժում է Բագարատի ապօրինի պահանջը:

Այդ ժամանակ Բագարատ IV-ի հրամանով խաչափայտեր են կանգնեցնում Սամշուլդեի դեմ և Կյուրիկեին խաչ հանում, որպեսզի Սամշուլդեն պաշտպանող Ատրներսեհ արքաեղբայրն անձնատուր լինի և քաղաքը հանձնի վրացիներին:

Դեպքերը նկարագրող Մատթեոս Ուռհայեցին և վրաց պատմիչները չեն նշում, թե հայոց արքան որքան է խաչափայտին մնացել գամված: Միայն նշվում է, որ դեպքին միջամտում են Կյուրիկեի իշխանները` Լոքի և Կաքավաբերդի տերերը: Արդյունքում Կյուրիկե II-ը որպես փրկագին զիջում է Սամշուլդեն, իսկ Սմբատը` Օփրեթը, Կոշկը և Վարազաքարը:

Սակայն վրաց աղբյուրները հավաստում են, թե Բագարատը հայոց թագավորներին խաչափայտից իջեցրել է խղճահարությունից և մարդասիրությունից դրդված և որպես գլխագին վերցրել է միայն Սամշուլդեն:

Փոքր-ինչ այլ կերպ է նկարագրում դեպքը Ուռհայեցին: Եթե վրաց վարկածի համաձայն` Կյուրիկեն մերժում է սուլթանի` դստեր ձեռքը տալու առաջարկը, ապա ըստ Ուռհայեցու` Կյուրիկեն համաձայնվում է ի սկզբանե: Իսկ Բագարատ IV-ը Կյուրիկեին դավում է սոսկ Սամշուլդեն նրանից առնելու համար:

Բանակցությունների ընթացքից երևում է, որ Սամշուլդեի մոտ խաչափայտին է գամվել սոսկ Կյուրիկեն և ոչ նրա եղբայրը: Սա տարակուսանքի տեղիք է տալիս: Նախ, եթե եղբայրները հանդես են գալիս միևնույն դիրքերից և գահակից էին, ինչո՞ւ է Բագարատ IV-ը տարբեր մոտեցումներ ցուցաբերում նրանց նկատմամբ:

Հետաքրքիր է նաև վրաց մատյանի հիշեցումը, թե հայերը խաղաղություն խնդրեցին և տվին Սամշուլդեն:

«Ապա եկել էին հայոց թագավորի երկու իշխանները` Լուկիայի (Լոքի) իշխանը և Կաքավաքարինը, Կյուրիկեի եղբայր Սմբատը առաջարկում էր ու համաձայն էր հանձնել երեք բերդ` Օբրեթը, Կոշկը և Վարազաքարը»: Ասվածից կարելի է ենթադրել, որ Լոքի և Կաքավաքարի իշխանների միջամտությունից հետո Կյուրիկեն համաձայնել էր տալ Սամշուլդեն, իսկ Սմբատը սկզբից ևեթ որպես իր փրկագին առաջարկել էր վերոհիշյալ ամրոցները:

Հավանաբար այս երեք ամրոցները Սմբատի սեփականներն էին ու նրա` խաչափայտին չգամվելը ցույց է տալիս, որ Բագարատը եղբայրների հետ բանակցել է առանձին:

Ի վերջո, Բագարատը զիջում է բոլոր ամրոցներն ու իրեն է պահում միայն Սամշուլդեն:

Անդրադառնալով հարցի մյուս կողմին, թե ինչու Բագարատի և Կյուրիկյանների բանակցություններում չի արծարծվում Կյուրիկյան արքայադստեր խնդիրը, պետք է ենթադրել, ճշմարտացի է Ուռհայեցին, ըստ որի` սուլթանն անմիջապես դիմել է Կյուրիկեին և պահանջել նրա դստեր ձեռքը:

Եվ Կյուրիկեն ոչ միայն տվել է դստերը, այլև դաշինք է կնքել նրա հետ: Հավանաբար այդ պատճառով է, որ Բագարատը, օգտվելով սելջուկների` Անիում գտնվելու հանգամանքից, փորձել է հաշվեհարդար տեսնել Կյուրիկեի ու սելջուկների հետ: Վարկածի օգտին է խոսում նաև այն փաստը, որ Բագարատն իր քույր Մարթային հետագայում ամուսնացրեց բյուզանդական կայսր Տուկիծի հետ, որ սելջուկների ոխերիմ թշնամին էր: Շատ չանցած` Բագարատը արշավեց Կախեթ, ուր իշխում էր Կյուրիկեի եղբորորդի Աղսարթանը: Պատմիչն ուղղակի նշում է, որ Բագարատը արշավել է Կախեթը նվաճելու համար, բայց լսելով սելջուկների գալստյան մասին` վրացիները նահանջում են: Վրաց պատմիչը հավաստում է, որ Աղսարթանը ոչ միայն միացավ սելջուկներին, այլև հավատափոխ եղավ` պահպանելով իր իշխանությունը և ստանալով վրաց թագավորի հպատակների լքած բերդերը: Ապա Ալփ-Ասլանը արշավեց Բագարատի վրա: Նրան միացան Կախեթի արքան, Կյուրիկե II-ը, Տփղիսի էմիրը:

1064-ին Ալփ-Ասլանն անցնում է Արաքսը և Նախճավանի վրայով շարժվում Վրաստան` բանակի մյուս մասը հանձնելով Մելիքշահին:

Նա մտնում է Գուգարք, ապա Թռեղք, որտեղից մեկ օրում հասնում է Ղվելիս-Ղար: (Մեսխեթում է): Այստեղից սուլթանն անցնում է Կղարջք, մի խոշոր շրջան կատարելով Հյուսիսային Հայաստանով, մտնում է Տայք, ապա դարձյալ վերադառնում Թռեղք: Բագարատ IV-ը փախչում է Քարթլի:

1068 թ. Ալփ-Ասլանը հարձակվում է Բագարատ IV-ի տիրույթների վրա: Նրան են միանում Կյուրիկե II-ը, Աղսարթանը և Տփղիսի ամիրան: Պատմիչի շարադրանքից երևում է, որ հայերն այս պատերազմում երկրորդական դեր չեն կատարել: Ըստ վրաց պատմիչի` հայերը «ներխուժեցին Քարթլի Զաճվիթի (Զվարի վանքի) կողմից, լուսաբացին ասպատակողներ արձակեցին, և սգով լցվեց ողջ Քարթլին»:

Նույն թվականին Բագարատ IV-ն Ատրպատականի և Առանի վրայով ներխուժեց Շաքի: Շաքին այդ ժամանակ գտնվում էր Կախեթի թագավոր, Կյուրիկյան Աղսարթանի իշխանության տակ:

Նույն ժամանակ Աղսարթանը Ալփ-Ասլանի ճնշումներին դիմանալու համար իսլամ ընդունեց, միացավ սելջուկներին և դաշնակցած Կյուրիկե II-ի և Տփղիսի ամիրայի հետ, հարձակման անցավ: Դաշնակիցները գրավեցին Տփղիսը: Բագարատը ստիպված էր հաշտություն խնդրել և Ալփ-Ասլանի մոտ ուղարկեց Լիպարիտ իշխանի որդի Իվանե Լիպարիտյանին:

Վրաստանը հարկատու է դառնում Ալփ-Ասլանին, իսկ վերջինս Տփղիսն ու Ռուսթավը հանձնում է Գանձակի Փատլուն ամիրային:

1069 թ. Բագարատը ջախջախում է Փատլուն ամիրային և գրավում է սելջուկների հետ դաշնակցած Կյուրիկեի մի քանի տիրույթներ: «Էառ ի նմանէ զՏփղիս, եւ զԳագ, եւ զՔօզինն` զոր առեալ էին Պարսք ի Հայոց եւ Վրաց»:

Սրանից հետո, երբ կրկին ապստամբում է Իվանեն, Աղսարթանը չի միանում նրան, ավելին, միանալով Բագարատ IV-ին հաջորդած Գեորգի Բ արքային` Իվանեի որդի Լիպարիտից խլում է Լոծոբանը: Փաստորեն, Աղսարթանի գործուն աջակցությամբ Գեորգին կարողացավ ճնշել ապստամբներին:

Շուտով արևելք է արշավում սելջուկյան սուլթան Մելիքշահը (1072 - 1092): Նա ասպատակում է ողջ Քարթլին: Կյուրիկյան թագավորությունը հպատակվեց Մելիքշահին, իսկ Աղսարթանը դաշնակցեց Գեորգի II-ի հետ: Երբ Մելիքշահը հեռացավ Անդրկովկասից, զորք թողնելով Գանձակի էմիր Սարհանդի մոտ, որպեսզի վերջինս հպատակեցնի շրջակա երկրները, Գեորգին արշավեց նրա վրա և ջախջախեց:

1088 թ. Կյուրիկե II-ը Բարսեղ կաթողիկոսի հետ այցելում է սուլթան Մելիքշահին և հպատակություն է հայտնում նրան: Մինչ այդ սուլթանին հպատակություն էր հայտնել Գեորգի II-ը: Այրիվանեցին այդ մասին գրում է. «Թագաւորն Հայոց Կիւրիկէ եւ վրաց Դեմետրէ եւ կաթողիկոսն Հայոց տէր Բարսեղ գնացին առ Մելիք Շահ սուլտանն եւ դարձան պատուու»: Ասվածից պետք է ենթադրել, որ Կյուրիկեն վերջին ապստամբության ժամանակ միացել էր Գեորգիին: Այլապես հարկ չէր լինի կրկին հպատակություն հայտնել սելջուկներին: Մյուս կողմից` հնարավոր է, որ Կյուրիկեն դարձյալ սելջուկների մոտ գնաց որպեսզի կանխի վրացիների հնարավոր դավադրությունն իր դեմ:

Կյուրիկե Բ հայտնի է նաև իր մշակութային գործունեությամբ: Նրա հովանավորչությամբ է Հաղբատում ընդօրինակվել ու նկարազարդվել Մուղնու ավետարանը: Բազում արձանագրություններ վկայում են, որ Լոռիում եկեղեցիներ է կառուցել և վերանորոգել:

Ձգտելով համահայկական իշխանության` նա նաև միջամտել է հայ եկեղեցու գործերին: 1067 թ. հայոց կաթողիկոս Գևորգ Բ Վկայասերը ուղևորվում է Բյուզանդիա և Եգիպտոս, ուստի իշխանների համաձայնությամբ իրեն փոխարինող է նշանակում Գևորգ Լոռեցուն: Սակայն Գևորգ Լոռեցին գործում է կամայականորեն և առաջացնում է իշխանների դժգոհությունը: Այդ պատճառով 1081 թ. Կյուրիկե II-ը հրավիրում է Աղվանից Ստեփանոս կաթողիկոսին և Հաղբատում հայոց կաթողիկոս է օծել տալիս Բարսեղ Անեցուն:

Կյուրիկե II-ը մահացավ 1090 թ. ծեր հասակում` իր գահը ժառանգություն թողնելով երկու զավակներին` Դավիթ Բ-ին և Աբաս Ա-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: