Հայերեն   English   Русский  

Թուրքիայի նպատակը սիրիական տարածքներում հիմնավորապես հաստատվելն է․ թուրքագետ


  
դիտումներ: 3576

Հունվարի 20-ից ի վեր Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնում սիրիական Աֆրին շրջանում, աշխարհն էլ լուռ հետևում է զարգացումներին։

Ռազմական գործողությունների մեկնարկից հետո պետքարտուղարի մակարդակով ԱՄՆ-ն հայտարարել է․ «Մենք անհանգստացած ենք Սիրիայի հյուսիսում թուրքական միջադեպով։ Մենք զսպվածության կոչ ենք անում Թուրքիային և քրդերին՝ նվազագույնի հասցնելու զոհերի թիվը քաղաքացիական բնակչության շրջանում»։

ԵՄ-ն հրաժարվել է մեկնաբանել տեղի ունեցողը, իսկ Ռուսաստանը և Թուրքիան, կարծես, համաձայնության են եկել։

«Ձիթենու ճյուղ» անվանումը ստացած ռազմական գործողության նպատակն, ըստ թուրքական պաշտոնական մեկնաբանության, ահաբեկչության դեմ պայքարն է։ Թուրքիայի կառավարությունը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսային շրջաններում ԱՄՆ-ի կողմից հովանավորվող քրդական ուժերն ահաբեկիչներ են և սպառնալիք են համարվում Թուրքիայի համար:

Նշենք, որ շրջանի բնակչության մեծամասնությունը քրդեր են։ Սիրիայի քրդաբնակ տարածքներում սա Թուրքիայի առաջին ռազմական գործողությունը չէ։ Դեռ 2016-ին Թուրքիան իրականացրեց «Եփրատի վահան» գործողությունը, որի արդյունքում մինչ օրս սիրիական որոշ տարածքներ Թուրքիայի վերահսկողության ներքո են գտնվում։

Ներկայում իրականացվող ռազմական գործողության շարժառիթ դարձավ լուրը, որ ԱՄՆ-ն պատրաստվում է Սիրիայում 30 հազարանոց սահմանային անվտանգության ծառայություն ստեղծել, որի հիմնական հարվածային ուժը քրդերն էին լինելու։ Ի պատասխան Թուրքիան հայտարարեց, որ Սիրիայի հյուսիսում ԱՄՆ-ի քայլերը ուղղակիորեն սպառնում են Թուրքիայի անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը՝ սկսելով ռազմական գործողություններն Աֆրինում։

Աֆրինում տեղի ունեցող ռազմական գործողության, դրա բուն նպատակների և հնարավոր զարգացումների մասին «Անկախը» զրուցել է թուրքագետ Վարուժան Գեղամյանի հետ։

-Վարուժան, Ձեր կարծիքով ո՞րն է Թուրքիայի բուն նպատակը Աֆրինում։

-Կա երկու հարթություն, առաջինը նեղ թուրքական տեսլականի հետ է կապված և երկրորդը՝ ավելի մեծ աշխարհաքաղաքական խաղի հետ։

Երկրորդի առումով դժվար է ասել, թե ինչ պայմանավորվածություններ կան գերտերությունների միջև կամ ինչ են փորձում այս իրադարձություններով լուծել։

Խոսեմ Թուրքիայի տեսլականին առնչվող հարթության մասին։ Դատելով վերջին շրջանում Թուրքիայի հսկողության տակ գտնվող սիրիական տարածքներում վարած քաղաքականությունից՝ կարող ենք ասել, որ Թուրքիայի նպատակը ոչ թե տարածքը ժամանակավոր վերահսկողության տակ վերցնելն է և հետո փոխանցելն երրորդ ուժի, այլ այդ տարածաշրջաններում հիմնավոր տեղավորվելը։

Այդ մասին են վկայում թուրքական կողմի տարբեր գործողություններ՝ սկսած կրթական ոլորտում թուրքական ներկայությունից մինչև այն, որ օրինակ՝ Սիրիայի՝ Թուրքիայի հսկողության տակ գտնվող տարածքներում տեղական ինքակառավարման մարմինների պարտականությունները դրված են թուրքական ԳազիԱնթեփի նահանգի ներկայացուցիչների վրա։ Այսինքն՝ Թուրքիան այս տարածքներն ընկալում է որպես սեփականը, որտեղ պետք է լինի այնպիսի կրթական համակարգ, տեղական ինքնակառավարում և կրոնական գործերի ղեկավարում, ինչպես Թուրքիայում է։

Եվ, դատելով այս օրերի իրադարձութուններից, կարծում եմ, որ Թուրքիան նույնն է պատրաստվում անել նաև Աֆրինի շրջանում։

Այստեղ որոշակի առումով նմանություն կա 1974 թվականին Կիպրոսի հյուսիսային հատվածի զավթման և թուրքական պսևդոպետության կամ թուրքական հերթական նահանգի ստեղծման հետ։

-Սիրիայի տարածքային ամբողջականության խախտման գործում Թուրքիային աջակցում է նաև ընդդմիադիր «Սիրիական ազատ բանակը»։ Ինչպե՞ս կարելի է դա հասկանալ։

-Ենթադրում եմ, որ կա պայմանավորվածություն երկու կողմերի միջև, որի հիմքում ընկած է երկկողմանի շահավետ փոխգործակցությունը։ Օրինակ, այսպես կոչված Սիրիական ընդդիմադիր ազատ բանակն աջակցում է թուրքերին այս հարցում, դրա դիմաց ստանում է այս կամ այն զիջումը կամ ռեսուրսը թուրքական կողմից։ Բնականաբար, թուրքերին չեն խանգարի լրացուցիչ տեղական ուժերը, որովհետև այսպիսով և իրենց քայլերի լեգիտիմությունն է մեծանում, և օժանդակ ուժերը երբեք ավելորդ չեն լինում։

Սակայն այս պարագայում դժվար է ասել, թե պայմանավորվածությունն ինչի մասին է։ Տեղում որևէ լրագրող չկա, ինֆորմացիոն հասանելի աղբյուրներ չկան, ինֆորմացիան հնարավորինս զտվում ու վերահսկվում է, որպեսզի որևէ արտահոսք չլինի և հնարավոր չլինի պարզել, թե ինչ է տեղի ունենում իրականում։

-Գերտերությունները լռում են, ինչը նշանակում է, որ Թուրքիան քաղաքական հարթությունում «կանաչ լույս» է ստացել։ Ինչպե՞ս դա հնարավոր դարձավ։

-Թուրքիան բավականին ինքնուրույն է գործում այս հարցում։ Թուրքիայում նման գործողությունների ներքին պահանջի պակաս երբեք չի եղել, թուրքական հասարակությանը մշտապես պատրաստել են սրան և թուրքական ղեկավարությունն էլ մշտապես պատրաստվել է հարմար առիթի դեպքում ընդլայնել սահմանները։ Իսկ մենք հասկանում ենք, որ Թուրիքայի գործողությունների հիմքում ոչ թե պարզ պաշտպանողական, այլ հստակ նվաճողական գործողություններ են։

Մյուս կողմից տեսնում ենք, որ կան ակնհայտ տարաձայնություններ տարածաշրջանում ներգրավված գերտերությունների միջև։ Ակնհայտ է, որ թուրքական կողմը որոշակի պայմանավորվածություն ունեցել է ռուսական կողմի հետ։ Սրա մասին է վկայում նաև այն, որ թուրքական բարձրաստիճան ռազմական պաշտոնյան հինգշաբթի այցելեց Մոսկվա, վերադարձավ և գործողություննները սկսկվեցին։

Մյուս կողմից պետք է հիշել, որ Թուրքիան սրա մասին զգուշացրել է․ ԱՄՆ-ն տեղյակ էր, որ թուրքական կողմը պատրաստվում է հատել սահմանն ու իրականացնել «Ձիթապտղի ճյուղ» գործողությունը։

-Ձեր կարծիքով իսկապե՞ս հարձակման պատճառն ԱՄՆ-ի կողմից զորամիավորման ստեղծումն էր։

- Դա շատ լավ պատրվակ էր, որ տեղի ունենա այն, ինչ տեղի է ունենում։

Դատելով վերջին երկու-երեք տարվա պատրաստություններից ՝ թուրքական մամուլում, հրապարակախոսություններում, հասարակական տրամադրություններում, Էրդողանի և ռազմական ղեկավարության հայտարարություններում մենք տեսնում ենք հստակ մեկ գիծ՝ Թուրքիան, մեղմ ասած, դեմ չէ ընդլայնել իր սահմանը և դրա համար ամեն հարմար առիթ օգտագործելու է։ Նման առիթ ստեղծվեց 2016-ին, երբ իրականացվեց «Եփրատի վահան» գործողությունը, որի արդյունքում Թուրքիան փաստացի նվաճել է որոշակի տարածք իր հարևան երկրում։ Այս տարվա գործողությունները ևս կարծում եմ, որ վաղուց նախապատրաստված էին, ուղղակի հարմար առիթ էր պետք։ Չեմ կարծում , որ թուրքերը կհրաժարվեն Սիրիայում տարածքներ նվաճելու գաղափարից, քանի դեռ կունենան կոնֆլիկտում ներգրավված խաղացողներից մեկի օժանդակությունը։ Այս դեպքում տեսնում ենք Ռուսաստանի աջակցությունը։

-Իսկ ո՞րն է Ռուսաստանի և Թուրքիայի ընդհանուր շահն այս պարագայում։

-Դժվարանում եմ պատասխանել։ Ենթադրում եմ, որ կա որոշակի համաձայնություն ազդեցության գոտիների բաժանման հարցում։ Ենթադրում եմ նաև, որ ռուսական կողմը շահագրգռված է էլ ավելի խաթարել ԱՄՆ և Թուրքիայի հարաբերությունները, և սա շատ լավ առիթ է ուրիշի ձեռքով շագանակներ կրակից հանելու։

-Աֆրինում ռազմական գործողությունները քրդերի դեմ կարո՞ղ են նպաստել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերստին հզորացմանը։

-Չեմ կարծում։ Այդ խմբավորման ժամանակն արդեն անցել է։ Սակայն չի բացառում, որ իրավիճակից կարող են այլ խմբավորումներ օգտվել։

-Իսկ տեղի ունեցողն ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի տեսանկյունից։

-Վատ։ Նախ՝ մեզ համար բարեկամական երկրի վերջնական ջլատման և մասնատման ականատեսն ենք դառնում։ Երկրորդ, միաժամանակ ականատեսն ենք մեզ հանդեպ թշնամական տրամադրված երկրի ծավալապաշտական հաջողություններին, մինչդեռ, ինչպես հայտնի է, ախորժակն ուտելիս է բացվում։ Տեղի ունեցողը կարող է նաև որոշակի ազդակ լինել Ադրբեջանի համար, որն ինչ-որ պահի կարող է փորձել օգտվել խառն իրավիճակից՝ դիվիդենտներ շահելու ակնկալիքով։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: