Հայերեն   English   Русский  

Արցախի սահմանամերձ բնակավայրերում ապաստարաններ են կառուցվել. նախարար


  
դիտումներ: 499

Անցած տարվա ընթացքում Արցախում իրականացվել է 16 միլիարդ 324 միլիոն դրամի շինարարություն:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը: Նախարարի խոսքով՝ միայն պետական բյուջեից ոլորտին տրամադրվել է 11 միլիարդ 700 միլիոն դրամ:

«Հատկացված գումարներով ավարտվել են Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղի 150 տեղանոց հանդիսությունների տան և համայնքային կենտրոնի կառուցման աշխատանքները: Ընթացքի մեջ են Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղի համայնքային կենտրոնի, Ասկերանի շրջանի Իվանյան գյուղի 250 տեղանոց և Քռասնի գյուղի 150 տեղանոց հանդիսությունների տան և համայնքային կենտրոնների կառուցման, Հադրութի շրջանի Թաղասեռ և Տումի գյուղերում 150 տեղանոց հանդիսությունների տան և համայնքային կենտրոնների և Մարտակերտի շրջանի Գետավան գյուղի համայնքային կենտրոնի կառուցման աշխատանքները»,- մանրամասնել է նախարարն՝ ընդգծելով, որ 2017թ.-ին շինարարության ոլորտի բաժնեմասը երկրի տնտեսության համախառն ներքին արդյունքում կազմել է 6,1 %՝ 2016-ի 5,7%-ի փոխարեն, իսկ պետական բյուջեի՝ մոտ 17,8 %-ը՝ նախորդ տարվա՝ 15.1 %-ի դիմաց:

Խոսելով այլ աղբյուրներից ստացված ֆինանսական միջոցների մասին՝ Կ. Շահրամանյանը նշել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաֆինանսավորման ծրագրի շրջանակներում պետական միջոցներից հատկացվել է 284 մլն 450 հազար դրամ:

Անդրադառնալով առաջնագծին ուղղված աշխատանքներին՝ քաղաքաշինության նախարարը նշել է, որ առաջնորդվելով ԱՀ կառավարության կողմից հաստատված ծրագրով, մի շարք շինարարական, ինժեներական աշխատանքներ են կատարվել ԱՀ սահմանի ողջ երկայնքով, որոնք միտված են զինվորների ծառայողական և կենցաղային պայմանների ապահովմանը, ինչպես նաև անվտանգության աստիճանի բարձրացմանը։ Բացի նշվածից, նախարարի տեղեկացմամբ, 2017թ.-ին սահմանամերձ բնակավայրերում ապաստարանների կառուցման նպատակով ԱՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 553 մլն 449 հազար դրամ: Եվս 91 մլն 837 հազ. դրամ հատկացվել է գույքի գնման համար, իսկ 80 մլն 259 հազ դրամ ծախսվել է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ծրագրով:

Խոսելով 2018 թվականի անելիքների մասին՝ նախարարը նշել է, որ քաղաքաշինության ոլորտում տարվող աշխատանքները հիմնականում ուղղված կլինեն բնակարանաշինությանը, մասնավորապես` ԱՀ-ում ծնելիության և բազմազավակության խթանման, վերաբնակիչների և փախստականների բնակարանային խնդիրների լուծման, օրենսդրությամբ սահմանված այլ սոցիալապես խոցելի խմբերին պատկանող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ծրագրերին: Ուշադրության կենտրոնում կլինեն դպրոցաշինությունը, ավտոճանապարհների կառուցումը, վերանորոգումն ու պահպանումը, մշակութային օբյեկտների շենքային պայմանների բարելավումը, ինչպես նաև կառուցապատման կանոնակարգման նոր մոտեցումների ձևավորումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: