Հայերեն   English   Русский  

​Գումարի մեծ մասը գողացան, բայց նա չհանձնվեց ու հաջողության հասավ


  
դիտումներ: 8715

2016 թ. հունվարին Լևոն Ստեփանյանն ընդամենը 12 հազար դրամ ուներ, որով մտադիր էր բիզնես սկսել:

Բայց ճակատագրի հեգնանքով այդ 12 հազարից 9 հազարը տրանսպորտում գրպանից գողացան, ու նրա ձեռքին մնաց միայն 3000 դրամ: Շատ-շատերը դա կհամարեին վատ նախանշան ու կհրաժարվեին իրենց գաղափարից, բայց նա չհանձնվեց ու որոշեց իր գաղափարը կյանքի կոչել թեկուզ 3 հազար դրամով:

Այդպես էլ հիմնադրվեց Mybookstore օնլայն գրախանութը, որը գործում է հիմնականում Ինստագրամ ու Ֆեյսբուք սոցիալական ցանցերում և հեռախոսազանգերի միջոցով պատվերներ իրականացնելու սկզբունքով: Այս գրախանութից հնարավոր է պատվիրել ցանկացած գիրք, որը Mybookstore-ն գտնում ու առաքում է պատվիրատուին անվճար ամբողջ Հայաստանի տարածքում, երբեմն էլ՝ նաև արտասահման:

Ուշագրավ է, որ Լևոն Ստեփանյանը, երբ որոշում է օնլայն բիզնես սկսել, ո՛չ համակարգիչ ուներ, ո՛չ նոութբուք, ո՛չ պլանշետ, ո՛չ անգամ սմարթֆոն, ո՛չ էլ ֆեյսբուքյան էջ էր երբևիցե ղեկավարել: Չէր էլ պատկերացնում, թե դա ինչ է: Այսինքն՝ չուներ այն ամենը, ինչ անհրաժեշտ էր օնլայն բիզնես վարելու համար:

«Նախնական ծրագրեր չեն եղել, գաղափար չի եղել: Ինձ պետքական մի գիրք էի ուզում, որ ինձ առաքեին, փնտրեցի ու տեսա, որ Հայաստանում չկա նման ծառայություն: Զանգեցինք բոլոր գրախանութները, հետաքրքրվեցինք, թե որոնք ունեն նման ծառայություն, ու բոլորն ասացին, որ չունեն: Այդպես մտածեցի, որ կարելի է գրքերի օնլայն վաճառք իրականացնել: Եվ տեսնելով, որ ընթերցողների թիվը Հայաստանում շատանում է, մտածեցի, որ պահանջարկն էլ կմեծանա: Այդ պայմաններում ինչո՞ւ չունենալ սեփական «գրախանութ»,- «Անկախին» պատմեց Mybookstore-ի հիմնադիր Լևոն Ստեփանյանը:

Նա ծանոթների շրջանակում լուր է տարածում, որ կարող են իրեն գրքեր պատվիրել, ծանոթներից մեկին խնդրում է, որ իր համար ֆեյսբուքյան էջ բացի, ու այդպես սկսում է իր մտահղացումը կյանքի կոչել: Սկզբում 1-2 պատվերներ եղան, Լևոն Ստեփանյանի ընկերը Ռուսաստանից մի քանի գրքեր ուղարկեց, այդ գրքերն այստեղ վաճառեց, մի քանի հազար դրամ գումար մնաց, հետո քիչ-քիչ սկսեցին համագործակցել գրախանութների, հեղինակների, հրատարակչությունների հետ՝ կամաց-կամաց վստահություն ու ճանաչում ձեռք բերելով: Հընթացս էլ ֆեյսբուքյան էջում հետաքրքիր ակցիաներ էին կազմակերպում, մրցույթներ ու այդպես արդեն հունի մեջ ընկան:

Այդ ամենը կատարվում էր սովորական բջջային հեռախոսով: Ադմինը նամակը ստանում էր, պատասխանում էր, զանգում Լևոնին և ճշտում պատվերի մանրամասները, նա հետ էր զանգում, ու այդպես աշխատում էին: Իսկ ադմինը Իջևանից էր աշխատում:

«Գնում էինք, գրքերը նկարում, գցում էջ: Այդպես լրիվ զրոյից սկսեցինք՝ առանց ներդրումների, առանց գործընկերների: Հիմնական հաջողությունն այն էր, որ հեղինակները սկսեցին աշխատել մեզ հետ: Երբ նրանց հարցնում էին, թե իրենց գիրքը որտեղից կարելի է ձեռք բերել, նրանք գրախանութների շարքում նշում էին նաև, որ հնարավոր է անվճար առաքմամբ պատվիրել Mybookstore գրախանութին»,- պատմում է Mybookstore-ի հեղինակը:

Ընթացքում գոյացած եկամուտն էլ անընդհատ ուղղվում էր նախաձեռնության ընդլայնմանը, ասենք՝ նվերների, անակնկալների ձևով: Շատ են եղել դեպքեր, երբ որևէ մեկը գիրք է պատվիրել ու իր պատվերից բացի, նվեր է ստացել մեկ այլ գիրք կամ գրքի հետ միասին շոկոլադ է ստացել, սուրճ և այլն: Սկսում էին Mybookstore-ի մասին խոսել ֆեյսբուքում, պատմել հաճելի անակնկալի մասին, տեղեկացնել, որ այսպիսի ծառայություն կա: Այդպես հաճախորդները հավաքվեցին:

Առաջին «խոշոր ներդումը» եղել է Լևոնի սմարթֆոնը: «Մի անգամ իմ գործընկերներից մեկը, ով հիմա նաև իմ լավ ընկերն է, պատվերն ուղարկեց ձայնային հաղորդագրությամբ: Այն հեռախոսով, որը ես էի օգտագործում, հնարավոր չէր այդ ձայնային հաղորդագրությունը լսել: Բացի այդ, չէի կարողանում նամակներին հայատառ պատասխանել: Հասկացա, որ սմարթֆոն պետք է գնեմ, որն արդեն խիստ անհրաժեշտություն է, քանի որ ստիպված զանգում էի ադմիններին ու խնդրում, որ իրենք մտնեն մեր էջ ու նամակներին հայատառ պատասխանեն: Իսկ ինձ համար ամենակարևոր սկզբունքներից մեկը լավ սպասարկումն էր: Այդ սմարթֆոնն ինձ համար բավականին մեծ ներդրում էր, դեռ նոր էինք սկսել: Ապառիկով վերցրեցի: Բայց դա արդարացված ծախս էր,- ժպտալով հիշում է Լևոն Ստեփանյանը:- Ես այդ հեռախոսը գնեցի ոչ թե ինչ-որ մեկին ցույց տալու կամ ինձ լավ զգալու համար, այլ որպես հիմնական աշխատանքային գործիք, որով արդեն սկսեցի ինքս պատասխանել նամակներին, ավելի քիչ անհանգստացնել ադմիններին, արդեն կարողանում էի ինքնուրույն նկարել գրքերը, ոչ թե դիմել լուսանկարիչների օգնությանը: Մի խոսքով՝ իսկապես արդարացված ներդրում էր»:

Հաջորդ ներդրումը մեքենան էր, որը Mybookstore-ի հիմնադիրը գնեց առաքումները հասցնելու համար, քանի որ պատվերները շատանում էին, երբեմն չէին հասցնում, իսկ այդ փուլում առաքիչ վարձելու ճոխություն չէին կարող թույլ տալ: Այս ներդրումն անելու համար էլ Լևոնը մտածում ու հետաքրքիր լուծում է գտնում. ոչ թե վարկով է վերցնում մեքենան, այլ քրաուդֆանդինքի շնորհիվ: Լևոն Ստեփանյանը ֆեյսբուքում ստատուս է գրում և ընկերներին դիմում իրեն գումարով օգնելու խնդրանքով:

Այդ ժամանակ 1000 ընկեր ուներ ֆեյսբուքում, և երբ ստատուս է գրում՝ բացատրելով, որ եթե յուրաքանչյուրը 200-1000 դրամ գումար տա, ինքը կարող է այնքան անհրաժեշտ մեքենան գնել: Զարմանալի կերպով 400 ընկերներն արձագանքում են և օգնելու պատրաստակամություն հայտնում: Ու քանի որ շատ գումարներ տվողներ եղան` անհրաժեշտ գումարն արագ հավաքվեց ու մեքենան էլ գնեց:

Mybookstore օնլայն գրախանութ

«Ես երկու տարով էի խնդրել գումարը, դեռ մի տարին էլ չի անցել, բայց արդեն այդ գումարի գրեթե կեսը վերադարձրել եմ: Ընտրեցի այնպիսի մեքենա, որ լինի էժան, դիմացկուն, նաև սպասարկումն էժան լինի»,- նշեց Լևոն Ստեփանյանը:

Իր գործունեության երկու տարվա ընթացքում բազմաթիվ խնդիրներ է հաղթահարել Mybookstore-ի հիմնադիրը, բայց դրանք ոչ թե դժվարություն է համարում, այլ փորձառություն և ընդգծում՝ առանց դրանց բիզնեսում, երևի, հնարավոր չէ: Ամեն դեպքում իրենք հաղթահարել են ամեն ինչ: Այս երկու տարիներին հազարավոր հաճախորդների են սպասարկել ու դեռևս ոչ մի հաճախորդի դժգոհ չեն թողել` անընդհատ կատարելագործել ու բարելավել են սպասարկման որակը և դարձել հետաքրքիր ու հաջողակ բիզնես:

Լևոն Ստեփանյանը հաջող բիզնես վարելու կարևոր նախապայման է համարում մարդկանց հետ ճիշտ շփվելու ունակությունը. «Բիզնեսում կարևոր է ջերմությունը, դրական էներգիան փոխանցելն ու չխաբելը. երբեք: Պետք է լինել ճշտապահ, ավելի լավ է ասել ճշմարտությունը, եթե անգամ այն դիմացինին դուր չգա կամ գործին խանգարի: Խաբելը հետագայում խիստ բացասաբար է անդրադառնում: Բիզնես սկսելիս մարդ պետք է պատրաստ լինի չքնել, անընդհատ վազել ու պետք է հստակ իմանա, որ ոչ մեկից ոչինչ չպիտի պահանջի, պետք է լիակատար պատասխանատվություն ստանձնի ու չնեղանա ոչ ոքից, եթե ինչ-որ բան չեն անում իր համար: Յուրաքանչյուրն իր գործն ունի, իր հոգսերը ու պարտավոր չէ քեզ օգնել: Դա նույնն է, որ երեխա ունենաս, բայց հարևանիցդ պահանջես, որ նա պահի քո երեխային: Հարևանը կարող է երեխայիդ մեկ-երկու անգամ շոկոլադ տալ, բայց պարտավոր չէ պահել նրան: Նույնն էլ բիզնեսն է ինձ համար, ես իմ բիզնեսին վերաբերվում եմ որպես հարազատ երեխայի».- ասում է Լևոն Ստեփանյանն ու հավելում, որ բիզնեսը նաև որոշակի զոհողություններ է պահանջում:

Նրա համոզմամբ՝ երբ մարդ իր կյանքում իսկապես ինչ-որ բան է ուզում և հաստատ որոշել է հասնել դրան, քայլեր է անում այդ ուղղությամբ, ապա անպայման կհասնի, լինի Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում թե Շվեյցարիայում կամ Միացյալ Նահանգներում:

«Հաջողությունը լոտոյով չեն շահում: Կյանքում հաջողության հասնելու առաջին նախապայմանն այն է, որ սիրես այն, ինչով զբաղվում ես: Ես չգիտեմ մեկին, ով չսիրի իր աշխատանքը, բայց այդ բնագավառում հասնի հաջողության: Իսկ նա, ով որ սիրում է, մի օր, միևնույն է, հասնելու է բաղձալիին: Եթե մարդը գործն անում է պարտադրված, ապա այդ գործը առաջ չի գնա, իմ կարծիքով, կամ լուրջ հաջողությունների չի հասնի: Ամեն դեպքում բիզնեսմենը չպետք է բավարարվի ունեցածով և միշտ մեծ երազանքներ ունենա: Մենք, օրինակ, Mybookstore-ը հեռանկարում տեսնում ենք որպես համաշխարհային բրենդ ու ամեն ինչ անելու ենք դրան հասնելու համար: Դեռ Հայաստանում շատ բան ունենք անելու, բայց մի գեղեցիկ օր արդեն Հայաստանի սահմաններից էլ դուրս կգանք»,- եզրափակում է Լևոն Ստեփանյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: