Հայերեն   English   Русский  

Գագիկ Սարգսյան. «Հավասար պայմաններ ենք ապահովելու վարկանիշներ ձեռք բերելու համար»


  
դիտումներ: 3311

Հունվարի 12-14-ն առաջին անգամ Աշոցքում անցկացվեց դահուկավազքի Հայաստանի բաց առաջնություն, որը 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերից առաջ վերջին վարկանիշային մրցաշարերից էր:

Առաջնությանը մասնակցեցին 5 պետությունների՝ Հայաստանի, Իրանի, Չիլիի, Մեքսիկայի, Տոնգայի շուրջ 50 ներկայացուցիչներ: Տղամարդկանց պայքարում հավասարը չունեցավ Միքայել Միքայելյանը: Կանանց պայքարում առաջատարը Կատյա Գալստյանն էր:

«Անկախի» հետ զրույցում Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի դեկան, դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը խոսում է Աշոցքում նմանատիպ մրցաշարերի անցկացման կարևորության, ֆեդերացիայի աշխատանքների և դահուկասպորտի զարգացման հեռանկարների մասին:

- Պարոն Սարգսյան, առաջնությունն Աշոցքում անցկացնելու որոշումն ինչո՞վ էր պայմանավորված:

- Աշոցքը Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի երկարաժամկետ զարգացման ծրագրերից մեկն է: Աշոցքի տարածաշրջանի զարգացումը մենք անմիջականորեն պայմանավորում ենք դահուկավազքի զարգացման հետ: Իհարկե, չենք անտեսում նաև մյուս տարածաշրջանները:

Առաջնությունն Աշոցքում անցկացնելու համար մի քանի նախադրյալներ կային: Ձմեռը տևողությամբ այնտեղ ամենաերկարն է, և ձյան շերտի խնդիր չունենք: Հայաստանի առաջնությունը Ծաղկաձորից Աշոցք տեղափոխելով՝ հաստատ համոզվեցինք այդ հարցում: Այդ ժամանակ Ծաղկաձորում պարզապես հնարավոր չէր մրցաշար անցկացնել:

Երկրորդ խնդիրը կարևորագույններից է. Աշոցքում կան դահուկավազորդների սերունդներ, տարածաշրջանը մարզաձևի հարուստ ավանդույթներ ունի: Որոշ ժամանակ այդ ավանդույթները շարունակվել են իներցիայով, բայց այժմ, հանձին Միքայելյանների ընտանիքի, այդ ամենը դրված է ամուր հիմքերի վրա: Միքայելյաններն այդ մարզաձևի սիրահար են: Նրանց տղաները Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում երբևէ լավագույն արդյունքներ ցույց տված դահուկորդներն են:

Պետք է հաշվի առնել նաև, որ Աշոցքը հեռավոր սահմանամերձ բնակավայր է, և փաստորեն երեխաները ձմռանն այնտեղ ոչինչ չունեն անելու: Հետևաբար պետք է ամեն ինչ անենք մարզաձևն Աշոցքում ավելի զարգացնելու համար:

- Մյուս տարածաշրջաններում նմանատիպ մրցաշարերի անցկացման հնարավորություններ կա՞ն:

- Իհարկե, միայն Աշոցքը չի դահուկասպորտի ֆեդերացիայի հեռանկարային պլաններում: Մի տարի հետո մենք կսկսենք խոսել նաև մյուս տարածաշրջանների մասին: Ուրախ ենք, որ Դահուկասպորտի միջազգային ֆեդերացիան մեզ ձեռք մեկնեց ու օգնեց: Աշոցքում 3 դահուկուղի գրանցեցինք և այնտեղ մրցաշարեր անցկացնելու թույլտվություն ստացանք:

- Ուշագրավ է, որ Աշոցքում անցկացված դահուկավազքի առաջնությանը մասնակցեցին մարզիկներ նաև այլ պետություններից:

- Այո, մրցաշարը վարկանիշային էր, Հայաստանի առաջնությունները տալիս են վարկանիշային միավորներ: Հայաստանի առաջնությանը մասնակցեցին նաև 4 պետությունների` Իրանի, Մեքսիկայի, Տոնգայի և Չիլիի ներկայացուցիչները: Մարզիկների համար դա վարկանիշ ձեռք բերելու վերջին հնարավորություններից էր: Թե՛ մեր մարզիկները, թե՛ հյուրերն իրենց վարկանիշային միավորները բարելավելու առիթը բաց չթողեցին: Հունվարի 21-ին ավարտվեցին 2018 թվականին Հարավային Կորեայում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի բոլոր հաշվարկները:

Արտասահմանցի մարզիկներն անչափ գոհ էին պայմաններից և ուրիշ մրցաշարերի մասնակցելու ցանկություն հայտնեցին:

- Աշոցքում այդ օրերին տիրում էր տոնական մթնոլորտ: Բնակչության ոգևորությունը պարզապես հնարավոր չէր չնկատել:

- Չէի պատկերցնի երբևէ, որ դահուկային սպորտը մեր երկրում այդքան հետաքրքիր կարող է լինել հենց մեր հասարակության համար: Կարծես տոն լինեին այդ օրերը տեղի բնակչության և երկրպագուների համար: Շուրջ 500 երկրպագու հետևում էր մրցաշարին: Վստահաբար կարող եմ ասել, որ տարեցտարի այդ թիվը մեծանալու է: Մեզ շատ ուրախացրին նաև աշոցքցի մարզիկները, որոնք պատվով ելույթ ունեցան: Բնակչությունը ոգևորված էր, քանի որ իրենց իսկ համայնքի բնակիչներն էին մասնակցում առաջնությանը:

Նշեմ նաև, որ մրցաշարին որպես հյուր ներկա էր Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նա, ի դեպ, բավական լավ սահում է դահուկներով և պարզապես սիրահարվեց Աշոցքին: Արդեն իսկ պայմանավորվածություն ունենք թե՛ դեսպանի, թե՛ մարզպետարանի, թե՛ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության և այլ շահագրգիռ գերատեսչությունների հետ` Աշոցքում հիմնելու փոքր դահուկային կենտրոն, որը հետագայում կդառնա տուրիզմի և սպորտի կենտրոն:

- Ի՞նչ կասեք Կատյա Գալստյանի ու Միքայել Միքայելյանի մասին, որոնք փայլուն հանդես եկան դահուկավազքի առաջնությունում և հավասարը չունեցան բոլոր մրցաձևերում:

- Կատյա Գալստյանը վերջին տարիներին Հայաստանի առաջատար դահուկորդուհիներից է, իսկ Աշոցքի մրցաշարից հետո դարձավ ընդգծված առաջատարը: Տաղանդավոր աղջիկ է: Նա Սոչիի օլիմպիական խաղերում ներկայացրեց Հայաստանի Հանրապետությունը: Կարծում եմ, որ Հարավային Կորեայում նույնպես հանդես կգա: Հիմա Կատյան ունի լավագույն վարկանիշային միավորները և, բնականաբար, ընդգծված առաջատարն է Հայաստանի առաջնության արդյունքներով: Նշեմ նաև, որ Կատյա Գալստյանը մրցաշրջանի սկզբում ուներ մոտ 180 միավոր: Դահուկասպորտում գործում է նվազող համակարգ, և այժմ Կատյան ունի 135 միավոր: Չի կարող պատահել, որ վարկանիշը լավանա և մարզիկը լավագույն մասնակցություն չունենա:

Իսկ Միքայել Միքայելյանն իր ելույթներով իսկապես անակնկալներ է մատուցում: Նրա ցույց տված արդյունքը մեծ ձեռքբերում է: Միքայելի ծնողները, նաև մեծ եղբայրն ու ավագ թիմակիցը` Սերգեյ Միքայելյանը, ուղղորդում են նրան մարզումային, մրցակցային և բոլոր առումներով: Հուսանք, որ նա նույն հաջողությամբ կշարունակի իր ելույթները: Հունվարի 25-ից մինչև փետրվարի 2-ը Միքայելը մասնակցելու է մինչև 20 տարեկանների աշխարհի երիտասարդների առաջնությանը: Արդեն ժամանակն է, որ նա ուժերը փորձի ավելի լուրջ մեկնարկներում:

- Տարին բավական ակտիվ սկսեցիք: Առաջիկայում ի՞նչ մրցաշարեր են նախատեսվում:

- Մի շարք մրցաշարեր ենք անցկացնելու: Հունվարի 21-ին Ծաղկաձորում երկրորդ անգամ տեղի ունեցավ Դիվանագետների դահուկային մրցաշարը, որը կազմակերպել էր Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան Երևանի դիվանագիտական ակումբի հետ: Վեց ազգերի (ԱՄՆ, Լիտվա, Գերմանիա, Ֆրանսիա, Չեխիա, Ավստրիա) 19 ներկայացուցիչներ անցան հսկա սլալոմի երկու փուլ: Տարեցտարի մասնակիցների թիվն ավելանում է, մեծ ոգևորություն կա: Սա լեռնադահուկային սպորտի մասսայականացման ճանապարհներից մեկն է:

Հունվարի 29-ից մինչև փետրվարի 3-ը կայանալու է նաև Հայաստանի լեռնադահուկային սպորտի առաջնությունը, որն ընդգրկված է դահուկասպորտի միջազգային ֆեդերացիայի օրացուցային պլանում: Բավական խիզախ քայլ ենք արել. առաջին անգամ հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված պարալեռնադահուկային մեկնարկներ ենք ունենալու հատուկ ոլորավայրէջքից:

Փետրվարի 3-4-ն Աշոցքում Եվրամիության ներկայացուցչության աջակցությամբ և ֆինանսավորմամբ անցկացնելու ենք դահուկավազքի փառատոն:

Մարտին կանցկացվի պատանիների լեռնադահուկային առաջնություն, դահուկավազքի առաջնությունը կրկին կանցկացնենք Աշոցքում: Դահուկավազքի պատանիների առաջնությանը զուգահեռ ունենալու ենք նաև վարկանիշային մրցաշար: Այսինքն՝ փորձելու ենք Հայաստանում ունենալ այնքան վարկանիշային մեկնարկ, որ բոլոր մարզիկների համար հավասար պայամաններ ապահովենք, բոլորը կարողանան իենց բաղձալի վարկանիշային միավորներն ունենալ: Այդպիսով 4 տարի հետո կունենաք ոչ թե 1 կամ 2 մարզիկ, որոնք համապատասխանում են քվոտա ստանալուն, այլև 7-8 մարզիկ և կորոշենք, թե ով կստանա այդ քվոտան: Սա Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի քառամյա ծրագրերից մեկն է:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: