Վրաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել Ադրբեջանից հրավիրված վիրաբույժի նկատմամբ
Ըստ տեղեկության`փոխպատվաստող վիրաբույժ Մ.Կ.-ի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել մի խումբ անձանց կողմից հիվանդներից խոշոր չափերի գումարային միջոցներ կորզելու գործի շրջանակներում:
Համաձայն քրեական գործի նյութերի` Թբիլիսիում գտնվող «Լանցետ» կլինիկայում իրականացվել են լյարդի փոխպատվաստման վիրահատություններ, որոնք 2016 թ-ի մարտինհանգեցրել են երկու հիվանդների մահվան: Փոխպատվաստման ոլորտում առաջատար մասնագետների մասնակցությամբ անցկացված փորձաքննության արդյունքում պարզվել է, որ մահացած հիվանդներից ոչ մեկըշտապ փոխպատվաստման կարիք չի ունեցել: Մինչդեռ փոխպատվաստող վիրաբույժն ու կլինիկայի տնօրենը հիվանդներին ասել են, որ նրանց պետք է անհապաղ լյարդի փոխպատվաստում անեն, ինչն էլ արժեցել է 40 հազար ամերիկյան դոլար: Երկու հիվանդներն էլ այդ նպատակով վարկ են վերցրել: Երկուսին էլ վիրահատել են, սակայն վիրահատությունից հետո` մեկ շաբաթվա ընթացքում, վերջիններս մահացել են:
«Քանի որ վիրբույժ Մ.Կ.-ն հրաժարվում է ներկայանալ քննչական մարմիններ, դատախազությունը դիմում է դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու խնդրագրով, որի հաստատումից հետո փոխպատվաստող վիրաբույժի նկատմամբ հետախուզում է հայտարարվելու»,- նշված է Վրաստանի դատախազության հայտարարությունում:
Թբիլիսիի քաղաքային դատարանում «Լանցետ» կլինիկայի տնօրեն Ֆ. Դ.-ի նկատմամբ գործի շրջանակներում լսումներ են անցկացվում: Վերջինիս մեղադրանք է ներկայացվել «խոշոր չափերի խարդախություն» և «մարդկանց առողջության կամ կյանքի համար սպառնալիք ստեղծող իրավիճակների մասին տեղեկություն թաքցնելու կամ կեղծելու» հոդվածներով, ինչի համար որպես պատիժ սահմանված է 6-9 տարվա ազատազրկում: