Հայերեն   English   Русский  

Թուրքիայում հայտարարել են Իրաքում հակաահաբեկչական գործողության անցկացմանը պատրաստ լինելու մասին


  
դիտումներ: 416

Անկարան մտադիր չէ սահմանափակվել սիրիական Աֆրինում ռազմական գործողությամբ և իր անվտանգության սպառնալիքի դեպքում քուրդ զինյալների դեմ պայքարելու է նաև սիրիական Մանբիջում, ինչպես նաև Իրաքի Սինջար և Քանդիլ շրջաններում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Օրերս Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերթը հայտարարել է, որ Աֆրինում Թուրքիայի գործողությունները «սպառնում են խափանել Սիրիայում Միացյալ Նահանգների և Թուրքիայի ընդհանուր նպատակները»` Անկարային դեէսկալացիայի կոչ անելով:

«Մենք Սիրիայում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ վերջ չենք դնի ահաբեկչությանը, իսկ այնուհետև այդ տարածքները կհանձնենք նրանց իրական տերերին: Գործողությունն Աֆրինով սահմանափակելու կոչերը մեզ համար ուժ չունեն: Որտեղից էլ որ ահաբեկչության սպառնալիք գա, լինի Սինջարը, Քանդիլը, Մանբիջը, Եփրատի արևելքը, մենք պայաքրելու և ոչնչացնելու ենք այն»,- հայտարարել է Չավուշօղլուն Անթալիայում ելույթ ունենալիս:

Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտարարել է սիրիական Աֆրինում քրդերի խմբավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հունվարի 21-ին հայտարարել է Աֆրինում ցամաքային գործողության մեկնարկի մասին: Գործողության շրջանակներում Թուրքիայի հետ միասին գործում են «Սիրիական ազատ բանակ»-ի զինյալները:

Դամասկոսը խստորեն դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ ընդգծելով, որ այն Սիրիայի անբաժանելի մասն է: Մոսկվան Աֆրինում ստեղծված իրավիճակի առնչությամբ բոլոր կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: