Հայերեն   English   Русский  

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահի հետ


  
դիտումներ: 272

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավորներ Մարինա Մարգարյանը, Արամ Սարգսյանը եւ Արմենուհի Կյուրեղյանը, Բրատիսլավա կատարած պաշտոնական այցի շրջանակում հունվարի 29-ին հանդիպել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ:

Շնորհակալություն հայտնելով բարձր մակարդակի ընդունելության համար՝ Արա Բաբլոյանը շնորհավորել է Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ՝ նշելով, որ այս ընթացքում երկու երկրների միջեւ ձեւավորվել է ջերմ փոխգործակցություն՝ հիմնված տարբեր բնագավառներում համագործակցության եւ քաղաքական երկխոսության վրա: ՀՀ ԱԺ նախագահը մասնավորապես ասել է. «2018 թվականին Սլովակիան նշում է Չեխոսլովակիայի առաջին հանրապետության 100-ամյակը: Շնորհավորում եմ այս նշանավոր տարեդարձի կապակցությամբ եւ մաղթում բարօրություն ու երջանկություն: Խորհրդանշական է, որ այս տարի լրանում է նաեւ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակը: Մեր ժողովուրդը, որի 1,5 միլիոնը 1915 թվականի Ցեղասպանության զոհ դարձավ, ընդամենը երեք տարի անց՝ 1918 թվականին, ուժ գտավ վերականգնելու դարեր շարունակ կործանված իր պետականությունը»:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների հետագա համագործակցությանն առնչվող հարցեր, որոնք վերաբերել են միջպետական հարաբերությունների ողջ շրջանակին, այդ թվում խորհրդարանական երկխոսությանը: Օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության առավել խթանման հարցում կարեւորվել է խորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ փոխգործակցությունը:

Անդրադարձ է կատարվել նաեւ տարբեր միջազգային եւ միջխորհրդարանական կազմակերպությունների շրջանակում երկկողմ եւ բազմակողմ համագործակցությանը:

Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին՝ զրուցակիցները փաստել են, որ այն ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր եւ նման ոճրագործությունների ճանաչումն ու դատապարտումը կարեւոր է դրանց hետագա կանխարգելման համար: ՀՀ Ազգային ժողովի նախագահը փաստել է, որ Սլովակիան այն երկրներից է, որի խորհրդարանը բացի այն, որ ճանաչել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, նաեւ Քրեական օրենսգրքում սահմանել է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող հոդվածներ:

Անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Խոսվել է նաեւ 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական միության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին, որը նոր էջ է բացում ՀՀ-ԵՄ հարաբերություններում:

Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ նման հանդիպումները նոր որակ կհաղորդեն եւ հեռանկարներ կբացեն երկկողմ համագործակցության ընդլայնման գործընթացում:

Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոն, խոսելով երկու երկրների համագործակցության մասին, բարձր է գնահատել այդ հարաբերությունները եւ վստահեցրել, որ հանձինս Հայաստանի՝ Սլովակիան ունի լավագույն գործընկեր եւ բարեկամ: Սլովակիայի խորհրդարանի ղեկավարը կարեւորել է երկու երկրների համագործակցության խորացումը բոլոր բնագավառներում, մասնավորապես կրթության, մշակույթի եւ առեւտրաշրջանառության ոլորտներում:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյին հրավիրել է այցելել Երեւան:

Հանդիպումից հետո պատվիրակությունը Սլովակիայի խորհրդարանի ղեկավարի հետ միասին ծաղկեպսակ է դրել Բրատիսլավայում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողին:

Նույն օրը ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունն այցելել է Սլովակիայի Ազգային ապստամբության թանգարան եւ ծաղկեպսակ դրել Սլովակիայի Ազգային ապստամբների հուշարձանին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: