Հայերեն   English   Русский  

​«Ավրորան» շարունակում է աջակցել Մատենադարանին


  
դիտումներ: 270

Դասախոսություններ երիտասարդ գիտաշխատողների եւ զբոսավարների համար

Հունվարի 30, 2018թ., Երեւան. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւս 20,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ է տրամադրել Մատենադարանին՝ զբոսավարների եւ երիտասարդ գիտաշխատողների մասնագիտական զարգացմանն ուղղելու նպատակով: Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը տրամադրված դրամաշնորհով կազմակերպում է մասնագիտական զարգացմանն ուղղված դասախոսություններ զբոսավարների եւ երիտասարդ գիտնականների համար՝ նպաստելու հայկական ժառանգության ներկայացմանը, պահպանմանը եւ սերունդներին փոխանցմանը:

«Մասնագիտական զարգացումը եւ գիտելիքների խորացումը Մատենադարանի առաջնահերթ եւ կարեւորագույն խնդիրներից մեկն է: Այս ծրագիրը կնպաստի երիտասարդ զբոսավարների եւ գիտաշխատողների մասնագիտական աճին եւ հմտությոնների զարգացմանը», - ասաց Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղեւոնդյանը. «Մատենադարանի եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջեւ համագործակցությունը հաջողությամբ նպաստում է մարդկության թողած ժառանգության մի կարեւոր հատվածի պահպանմանը»:

Մատենադարանում կկազմակերպվեն ավելի քան 50 դասախոսություններ: Դասախոսություններն ընդգրկում են ինչպես հումանիտար եւ բանասիրական, այնպես էլ Մատենադարանի անմիջական գործունեությանն առնչվող գիտակարգեր՝ միջնադարագիտություն, ձեռագրագիտություն, աղբյուրագիտություն, մատենագիտություն, ձեռագրերի, արխիվային նյութերի վերականգնում եւ պահպանում: Դասախոսությունները կանցկացվեն 2018թ. հունվար-ապրիլ եւ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, որոնց կարող են մասնակցել ինչպես Մատենադարանի գիտաշխատողները եւ զբոսավարները, այնպես էլ բոլոր հետաքրքրված անձինք:

«Մատենադարանը հայերի մարդասիրական ժառանգությունն ուսումնասիրելու եւ արեւմտյան քաղաքակրթության զարգացման ամենակարեւոր կենտրոններից է: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ուրախությամբ շարունակում է այս կարեւոր համագործակցությունը, որը նպաստելու է այդ ժառանգության՝ աշխարհում առավել լավ ներկայացմանը եւ տարածմանը: Աջակցելով երիտասարդ գիտաշխատողների մասնագիտական զարգացմանը՝ մենք նաեւ ներդրում ենք կատարում մշակութային հարստության սերունդներին փոխանցման գործում», - ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

Դրամաշնորհը տրամադրվում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիշողության պահպանման Armenian Memory Act նախագծի շրջանակում, որն ուղղված է հայկական ժառանգության մասին փաստող արխիվների եւ փաստաթղթերի պահպանմանն ու գործածմանը: 2015թ. ինստիտուտը, ստանալով դրամաշնորհը, ձեռք է բերել ձեռագրերի թվայնացման հատուկ սարքավորում՝ դրանք դարձնելով առավել հասանելի հետազոտողների ու հանրության համար: Մինչ օրս թվայնացվել են 617 ձեռագրեր եւ 4327 արխիվային փաստաթղթեր: 2016թ. դրամաշնորհի միջոցով էլ ֆինանսավորվել է Մատենադարանի տասը զբոսավարների վերապատրաստման դասընթացը Գերմանիայում:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր եւ աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր եւ 100 LIVES ծրագիր: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն երկրորդ տարում միացել են մի քանի տասնյակ նվիրատուներ եւ գործընկերներ: Նախաձեռնությունն իր շուրջ է հրավիրում բոլորին, ովքեր ողջունում են նվիրվածությունը մեր համընդհանուր մարդկայնությանը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւ IDeA հիմնադրամ (Երեւան Հայաստան):

Ավելին՝ www.auroraprize.com

Մատենադարանի մասին

Մատենադարանը 1959 թվականին ստացել է գիտահետազոտական ինստիտուտի կարգավիճակ։ Հին ձեռագրերի և փաստաթղթերի ուսումնասիրման ինստիտուտ է, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։ Մատենադարանն ունի աշխարհում գրավոր հուշարձանների ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են ավելի քան 22000 ձեռագիր մատյաններ և շուրջ 1000000 արխիվային փաստաթուղթ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: