Հայերեն   English   Русский  

​Պարոն Նախագահ, հապա ասում էիք հունվարից էլ ոչ մի միջնորդի չե՛ք լսելու, թե՞ դա միայն Ձեզ էր վերաբերվում, Երևանի քաղաքապետը կարող է լսել


  
դիտումներ: 293

Դեկտեմբերի կեսերին նամակ եմ ստացել Երևանի Նոր Նորքի թ.120 մանկապարտեզի մի ծնողից, ով 5 էջում շարադրել էր մանկապարտեզի գործող տնօրեն Դիանա Մուրադյանի, իր կարծիքով, անօրինական գործողությունների մասին:

Երբ սկսեցի հետաքրքրվել այդ տնօրենով, տառացիորեն 2 օր հետո պարզվեց, որ նա աշխատանքից ազատվել է ու այնտեղ նշանակվել է տնօրենի պաշտոնակատար: Բնականաբար այդ ծնողի ինձ հասցեագրված նյութերն արդեն չուղարկեցի Երևանի քաղաքապետին:

Ս.թ. հունվարի 29-ին նույն ծնողն հայտնեց, որ Դիանա Մուրադյանին կրկին նշանակել են այդ մանկապարտեզի տնօրեն, լուրը, ծնողի հավաստիացմամբ, հաստատել է վարչական շրջանի ղեկավարը: Թվում է, թե մեր իրականության մեջ այնպիսի անօրինական երևույթներ ու հարաբերություններ ենք տեսնում, որ էլ զարմանալու տեղ չկա, բայց ես իսկապես զարմացած եմ: Մեր իրականության մեջ ո՞ր դեպքում կարող էր քաղաքապետն այդ քաղաքացու հետ դեկտեմբերին խզել աշխատանքային պայմանագիրը, նշանակել տնօրենի ժանակավոր պաշտոնակատար, իսկ հունվարին՝ կրկին նշանակել նույն մարդուն: Մեր իրականությունն ասում է՝ միայն մի դեպքում, եթե այդ մեկն ունի պինդ թիկունք, հովանավոր, ՀՀ նախագահի ասած՝ միջնորդ ու որքան էլ ինքը խոստովանի, որ մինչ հունվար միջնորդների ինստիտուտն աշխատել է, բայց հունվարից չի աշխատելու, բարձրաձայնի թե միջնորդներն այլևս չհամարձակվեն իրեն դիմել միևնույն է ինքը չի լսելու, կյանքը ցույց է տալիս, որ այդ խոսքերն ու նախադասություններն ընդամենը մեր ականջներից կախած հերթական լապշաներն են:

Թե՛ ՀՀ նախագահի, թե՛ քաղաքապետի ու մարզպետների մոտ գործում է միայն միջնորդների ինստիտուտը: Կոռուպցիայի առկայության մասին աղաղակող հերթական այս փաստի մասին անմիջապես հարցում եմ ուղարկել քաղաքապետին՝ խնդրելով տրամադրել Դիանա Մուրադյանի բարձրագույն կրթության դիպլոմի և աշխատանքային գրքույկի պատճեները, դրանք ստանալուց հետո պետք է նաև պարզեմ, թե ինչո՞ւ, ի՞նչ գործողության հիման վրա դեկտեմբերին ազատեցին Դիանա Մուրադյանին և ինչո՞ւ կրկին ընդունեցին:

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: