Հայերեն   English   Русский  

Պետք է սիրտ ու հոգի դնել թե՛ ընտանիքում, թե՛ աշխատանքում. Լիանա Կորկոտյան


  
դիտումներ: 14006

Աշխարհում անհնարին ոչինչ չկա, եթե մարդ ունի նպատակներ և համառորեն ձգտում է դրանց: Այսպես է մտածում «Մայքրոսոֆթի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Լիանա Կորկոտյանը։ Ավելին, նա վստահ է, որ միշտ պետք է առավելագույնին ձգտել՝ գոնե նվազագույնին հասնելու համար։

Լիանան առաջին մասնագիտությամբ լեզվաբան է, ավարտել է Երևանի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանը։ Ավարտելուց հետո սկսում է թարգմանություններ անել ամերիկյան կազմակերպությունների համար, որոնք աշխատում էին Հայաստանի տարբեր մարզերում գործող փոքր և միջին ձեռնարկությունների հետ։

Պատմում է, որ ժամանակի ընթացքում հետաքրքրություն է առաջանում բիզնեսի կառավարման նկատմամբ, անընդհատ ուզում էր հասկանալ, թե ինչպես կարելի էր վարվել այս կամ այն ձեռնարկատիրոջ իրավիճակում հավելյալ գիտելիքներ ունենալու պարագայում։ Եվ չնայած թարգմանչությունը, որպես մասնագիտություն, կարևորում ու բարձր է գնահատում, նաև ցանկություն էր առաջացել ոչ թե ուրիշների մտքերը թարգմանել, այլ իր մտքերն արտահայտել, իր ներդրումն ունենալ տարաբնույթ բիզնես իրավիճակների լուծման գործում։ Լիանան ընդունվում է Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարման ֆակուլտետ։ Այստեղ հասկանում է, որ ճիշտ ընտրություն է կատարել և նոր մասնագիտությունը շատ է սիրում։ Ուստի հետագայում բիզնեսի ոլորտում ևս մեկ մագիստրոսական կրթություն է ստանում արդեն ԱՄՆ Ջորջթաունի համալսարանում։ Նպատակի իրագործմանը խոչընդոտ չի դառնում այն հանգամանքը, որ ամուսնացած էր և արդեն երկու երեխա ուներ։

«Այդ ամենը մենակ էլ էր հնարավոր, բայց շատ դժվար կլիներ։ Ունեցել եմ թե՛ ամուսնուս, թե՛ ծնողներիս լիակատար աջակցությունը։ Իմ բոլոր հոգսերը կիսվել են, առանց դրա հնարավոր չէր լինի անցնել այն ճանապարհը, որ ես եմ անցել»,- ասում է նա՝ հավելելով, որ ամեն դժվարության էլ կարելի է դիմանալ, եթե գիտես, որ այն ժամանակավոր է։ Այդուհանդերձ, Լիանան նաև կարևորում է ծանր իրավիճակներում ժամանակ առ ժամանակ ընդմիջում անելը, երբ թեկուզ կարճ, բայց ինքդ քեզ ես ժամանակ հատկացնում, զբաղվում քո սիրած գործով՝ այդպիսով փորձելով հանգստանալ։

ԱՄՆ-ում ուսումն ավարտելուց հետո Լիանան աշխատանքի է անցնում Համաշխարհային բանկում։ Ծրագրի շրջանակներում փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին բիզնեսի կառավարման օնլայն հարթակ էին առաջարկում։ Գործի բերումով հաճախ էր առնչվում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ընկերությունների հետ, և աստիճանաբար հետաքրքրություն է առաջանում այդ ոլորտի նկատմամբ։

«Հաճախ մտածում էի այն հնարավորությունների մասին, որ ՏՏ-ն առաջարկում է ցանկացած ոլորտի բիզնեսին, թե որքան ավելի մեծ հաջողությունների կարելի է հասնել՝ ՏՏ ոլորտի հնարավորությունները ճիշտ օգտագործելով»,- ասում է նա՝ հավելելով, որ երբ առաջարկ է ստանում Հայաստան վերադառնալ ու ղեկավարել «Մայքրոսոֆթի» հայաստանյան գրասենյակը, առանց հապաղելու համաձայնում է։

«Մայքրոսոֆթ Հայաստանը» հիմնականում վաճառքով և մարքեթինգով է զբաղվում։ Կորկոտյանը նշում է, որ սերտ համագործակցում են պետական գերատեսչությունների հետ, իրենց հնարավորության սահմաններում «Մայքրոսոֆթի»՝ տարբեր երկրներում միասնական թվային միջավայր ստեղծելու փորձն են ձգտում բերել Հայաստան։ Համագործակցում են նաև կրթության և գիտության նախարարության հետ՝ իրագործելով մի շարք կրթական ծրագրեր։

Հարցին, թե որքանով է հեշտ կամ դժվար ընկերություն ղեկավարել մի ոլորտում, որն առավելապես տղամարդկային լինելու համարում ունի, Կորկոտյանը նշում է, որ տղամարդիկ գերակշռում են ղեկավար պաշտոններում: Երբ ղեկավարների ոլորտային հանդիպումներ են լինում, կանայք, այդ թվում և Լիանան, փոքրամասնության մեջ են լինում։ Սակայն, նրա խոսքով, իրավիճակն աստիճանաբար սկսել է փոխվել հենց ակունքներից. երիտասարդ տարիքային խմբերում ՏՏ ոլորտում ներգրավված աղջիկների թիվը հետզհետե աճում է, և այս առումով Հայաստանն աշխարհում օրինակելի պատկեր ունի։ Կորկոտյանը հույս ունի, որ այդ միտումը կշարունակվի։

Նա նաև շեշտում է, որ ՏՏ ոլորտը բավականին բազմազան է, ու պարտադիր չէ տեխնիկական հակումներ ունենալ ոլորտում մասնագիտանալու համար։ Իր օրինակն է բերում՝ ՏՏ ոլորտի ներկայացուցիչ է, բայց ոչ ծրագրավորող՝ կարևորը ոլորտը սիրելն ու հասկանալն է։

Լիանա Կորկոտյան

Հարցին, թե որն է իր հաջողության բանաձևը, Կորկոտյանը պատասխանում է. «Ցանկացած աշխատանք կատարելիս պետք է 100 տոկոսով նվիրվել դրան և փորձել լավագույն որակ ապահովել, անկախ նրանից, թե այդ աշխատանքը որևէ մեկը կնայի, կգնահատի թե այդպես էլ կմնա անտեսված։ Ցանկացած աշխատանքում առավելագույն ջանք պետք է դնել առավելագույն որակ ստանալու նպատակով։ Վստահ եմ, որ լիակատար նվիրումն աննկատ չի մնա»։

Նա նաև կարևորում է աշխատակիցների հետ լավ հարաբերություններ ունենալը, աշխատավայրում դրական մթնոլորտ ստեղծելը, քանի որ օրվա մեծ մասը մարդն անցկացնում է հենց աշխատավայրում։

«Կարևոր է նաև, որ աշխատանքդ սիրես, որ առավոտյան արթնանալիս ու աշխատանքի գնալիս այդ ամենը ոգևորված անես։ Ինչպե՞ս է խոհարարության մեջ՝ եթե հոգի ու սիրտ ես դնում ինչ-որ բանի մեջ, ավելի համեղ է ստացվում, քան եթե պատրաստում ես ուղղակի պատրաստելու համար։ Այդ սկզբունքը կիրառելի է ցանկացած աշխատանքի համար, անկախ նրանից, թե ինչ ես աշխատում՝ մատուցող, հավաքարար թե որևէ կազմակերպության տնօրեն»,- ասում է նա։

Լիանան կարծում է, որ կայացած ու հաջողված կարելի է համարել այն մարդուն, որը ներդաշնակ է ինքն իր հետ։ «Շատ դեպքեր կան, երբ մարդ ունի թե՛ կարգավիճակ հասարակությունում, թե՛ փող, թե՛ պաշտոն, բայց ներքուստ կայացած չէ։ Կարող է և հակառակը լինել՝ համեստ, առանց որևէ պաշտոնի մարդը կարող է բարձրագույն արժեքների կրող ու կայացած լինել։ Ներքին հարմոնիան ձեռք բերելը բարդ է, բայց եթե հասել ես դրան՝ ուրեմն հաջողել ես»,- ասում է նա։

Անդրադառնալով կնոջ հաջողության ճանապարհին՝ Լիանան նշում է, որ սեռն իրականում կապ չունի. այն ո՛չ խանգարող, ո՛չ էլ օգնող գործոն է։ «Կարևորը, որ կանայք, որոնք հավակնոտ են, ունեն նպատակներ որևէ ոլորտում, երբևէ չմտածեն, որ տղամարդիկ ինչ-որ բանով առավել են իրենցից։ Կանայք և տղամարդիկ հավասար են ու պետք է ունենան հավասար իրավունքներ։ Մենք էլ գնում ենք այդ ուղղությամբ,- ասում է նա։- Կարևոր է, որ յուրաքանչյուր կին նպատակ ունենալիս վստահորեն առաջ գնա և չլսի կողմնակի կարծիքները, թե չես կարող, չի ստացվի, չի կարելի։ Անհնարին ոչինչ չկա աշխարհում։ Եվ կին լինելը չէ, որ կարող է հետ պահել ինչ-որ բանի հասնելուց»։

Ասում է, որ իր երկու դուստրերին դաստիարակելիս էլ աշխատում է նրանց մեջ լավատեսություն ու վճռականություն սերմանել։ «Կարծում եմ՝ ծնողը երեխային պետք է սովորեցնի, թե ինչպես ինքնուրույն թռչել»,- ասում է նա և ժպտալով հավելում, որ իր դուստրերը երբեմն չափազանց ինքնուրույն են։

Հարցին, թե որն է ընտանիքն ու աշխատանքը հաջողությամբ համատեղելու գաղտնիքը, Լիանան պատասխանում է. «Այս աշխարհում իդեալական ոչինչ չկա։ Եթե փորձում ես մի քանի բան համատեղել, բնականաբար ինչ-որ բաներ տուժում են։ Ես իդեալական ծնող չեմ, իդեալական մենեջեր չեմ, իդեալական դուստր չեմ։ Կարևոր է, որ մարդ դա գիտակցի և համապատասխան ակնկալիքներ ունենա։ Եթե ոչ ռեալիստական ակնկալիքներ ունես ինքդ քեզնից՝ անընդհատ դժգոհ կլինես դրան հասնել չկարողանալու պատճառով։ Ցանկացած պարագայում կարևոր է գտնել այն ճիշտ բալանսը, որով պետք է առաջնորդվել։ Պետք է սիրտ ու հոգի դնել թե՛ ընտանիքում, թե՛ աշխատանքում»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: