Հայերեն   English   Русский  

​«Ձիթենու ճյուղ». Թուրքիայի հերթական օկուպացիան, որն անպատիժ կմնա


  
դիտումներ: 2110

Սիրիայի հյուսիսում թուրքական և քրդական ուժերի բախումները շարունակվում են:

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Թուրքիան սկսել է քրդական ազգային զինված ջոկատների դեմ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը: Օդային առաջին հարձակումներից հետո՝ հունվարի 21-ին, թուրք զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը:

Այս ագրեսիվ գործողությունը բացասական արձագանքներ է ստացել ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Թուրքիայի ներսում: Բազմաթիվ ակտիվիստներ և լրագրողներ են ձերբակալվել այդ քայլը քննադատելու համար:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության նպատակը Սիրիայի տարածքների զավթումը չէ: «Մենք չենք ձգտում զավթել սիրիական հողերը, սակայն ուզում ենք օգնել ներկայումս Թուրքիայում գտնվող 3.5 մլն փախստականներին վերադառնալու իրենց հայրենիք»,- հայտարարել է Էրդողանը:

Այս ընթացքում Ադրբեջանի ներկայացուցիչները բացահայտ աջակցություն են հայտնել թուրքական կողմի գործողություններին: Հունվարի 29-ին Թբիլիսիում մոտ 30 ցուցարարներ, Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները բռնած, աջակցությունն են հայտնել Աֆրինի շրջանում «ահաբեկիչների» դեմ «Ձիթենու ճյուղ» գործողության իրականացմանը: Ակցիայի ընթացքում հնչեցրել են «Ադրբեջան և Թուրքիա. մեկ ազգ՝ երկու պետություն», «Թուրքերը՝ ուս -ուսի» կարգախոսներ:

Հայաստանը, սակայն, խուսափում է Թուրքիայի գործողությունները դատապարտելուց: Տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Այս կարգի լարվածությունը կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ կայունացման գործընթացի համար: Մենք կողմ ենք, որ բոլոր խնդրահարույց հարցերը լուծվեն բանակցային ճանապարհով, պետք է օգտագործվեն այն միջազգային հարթակները, որոնք այս գործընթացում առաջարկվում են»:

Դատարկ խոսքերով են սահմանափակվում նաև ՄԱԿ-ում: Կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հաքը հունվարի 30-ին հայտարարեց, որ թուրքական ԶՈւ-ի հրթիռակոծության հետևանքով մահանում են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ: «ՄԱԿ-ը կոչ է անում բոլոր կողմերին պահպանել խաղաղ բնակչությանը, հարգել ազատ տեղաշարժի նրանց իրավունքն ու նրանց հասցնել առաջին անհրաժեշտության հումանիտար օգնություն»,- ասել է ՄԱԿ-ի պաշտոնյան:

Թուրքական աղբյուրների համաձայն՝ գործողության մեկնարկից ի վեր սպանվել է 649 «ահաբեկիչ»: Նշենք, որ բնակավայրերի ռմբակոծությունների հետևանքով նույնպես արդեն մեծ թվով զոհեր են եղել: Նրանց թվում կան խաղաղ բնակիչներ: Հունվարի 29-ին Աֆրինում ավիահարվածների հետևանքով զոհվեց սիրիահայ համայնքի ներկայացուցիչ՝ 24-ամյա երիտասարդ: Ծանր վնասվածքներ էին ստացել նաև նրա ընտանիքի անդամները (ընտանիքն այդ բնակավայրում ապրում էր Հայոց ցեղասպանությունից փախչելուց ի վեր):

Սակայն կորուստները չեն սահմանափակվում մարդկային զոհերով: Թուրքիայի զինուժը շարունակում է թիրախավորել Սիրիայի պատմամշակութային հուշարձանները: Հրթիռակոծվել է Աֆրինի նահանգի Սերայի շրջանում գտնվող անտիկ ժամանակաշրջանին պատկանող Նեբի-Հուրի ամրոցը, որը Սիրիայի տարածքում ամենահին պատմական հուշարձաններից է: Ավելի վաղ Թուրքիայի զինուժը թիրախավորել էր Այն-Դարայի հնագույն տաճարը, որը մեզ էր հասել երկաթի դարից։

Կարող ենք արձանագրել, որ միջազգային հանրության անտարբերության պայմաններում Թուրքիան օկուպացրել է Սիրիայի Արաբական հանրապետության անբաժանելի մաս կազմող նահանգը: Ներկայումս դա անգամ իրենք՝ թուրքերը չեն թաքցնում: Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հունվարի 30-ին հայտարարեց, որ Թուրքիան օկուպացրել է Սիրիայի հյուսիսային երեք շրջան: Ազեզում, Ջերաբլուսում և Մերալում Թուրքիայի իշխանություններն արդեն նշանակել են ոստիկանապետներ, գավառապետներ և ժանդարմերիայի հրամանատարներ: Թուրք նախարարը Սիրիայում տիրող իրավիճակի համար մեղադրել է ԱՄՆ-ին՝ հայտարարելով, որ այդ երկիրն իր հովանու տակ է առել Սիրիայում գործող ահաբեկիչներին:

Չեզոքություն է պահպանում նաև Ռուսաստանի Դաշնությունը, որը սահմանափակվում է միայն ոչինչ չասող հայտարարություններով: Արդեն իսկ պարզ է, որ Թուրքիայի այս գործողություններն անպատիժ կմնան, ինչպես Հյուսիսային Կիպրոսի զավթումը: Պարզ չէ միայն, թե Թուրքիայի իշխանություններն իրենց կայսերապաշտական ախորժակը հագեցնելու համար որ ուղղությամբ առաջ կշարժվեն հետագայում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: