Հայերեն   English   Русский  

​Ռուսաստանը շարունակում է դարավոր ավանդույթները, նորից զինում է դաշնակցի թշնամուն


  
դիտումներ: 2691

Հունվարի 19-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը ժամանակակից ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ է ստացել Ռուսաստանից։ Այդ մասին հաղորդագրություն ու կադրեր տարածեց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և նշեց, որ խոսքը ժամանակակից և մարտունակ զրահատեխնիկայի մասին է, որը 2016-ի պատերազմի ժամանակ օգտագործվել է հայկական ուժերի դեմ` պատճառելով մեծ կորուստներ, այդ թվում` մարդկային: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նշեց նաև, որ ռազմական տեխնիկան անմիջապես ուղարկվելու է հայ-ադրբեջանական շփման գոտի:

Հաղորդագրությամբ նշվում էր, որ սպառազինության մատակարարումն իրականացվել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջկառավարական համաձայնագրի շրջանակներում, և ռուսական արտադրության ժամանակակից մարտական տեխնիկայի մատակարարումը Ադրբեջանին շարունակվում է պլանին համապատասխան:

Ուշագրավ է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում «Ռիա նովոստի»-ին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ Ադրբեջանն այժմ ռուսական կողմի հետ քննարկում է ռազմական բնույթի նոր գործարքներ, և հայտարարել է, որ ինքն այս ուղղությամբ որևէ խոչընդոտ չի տեսնում: Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջանը վերջին տարիներին Մոսկվայի հետ կնքել է շուրջ 5 մլրդ դոլարի ռազմական մատակարարումների պայմանագրեր, որոնց մեծ մասն իրականացվել է։

Եվ հայ հասարակությունը նորից ալեկոծվեց: Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մահաբեր զենքի յուրաքանչյուր նոր խմբաքանակի մատկարարման մասին տեղեկատվությունը միշտ էլ, բնականաբար, սուր է ընդունվում ու սուր է ընդունվելու մեր կողմից: Դժվար է պատկերացնել այդօրինակ հակադաշնակցային վարքագիծ:

Իհարկե, ռուսական կողմին թվում է, թե գտել է «խելամիտ» պարզաբանում իրենց այս հակադաշնակցային վարքագծին և բոլոր պատեհ ու անպատեհ առիթներով հայտարարում է, թե Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումները հնարավորություն են տալիս Ռուսաստանին պահելու Ադրբեջանն իրենց ազդեցության ներքո և նվազեցնում են Բաքվի ռազմական գնումները միջազգային շուկաներում, չէ՞ որ Ադրբեջանը զենք կարող է ձեռք բերել նաև երրորդ երկրներից, և այսպես շարունակ: Այս տեսակետը սիրում են կրկնել նաև հայկական պաշտոնական շրջանակներում:

Մասնավորապես, անդրադառնալով Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Ադրբեջանը որևէ սահմանափակում չունի Ռուսաստանից զենք գնելու հարցում, ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հունվարի 25-ին՝ կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ Ադրբեջանի կողմից շատ հայտարարություններ են արվում, բայց Հայաստանն իր հերթին ամեն ինչ անում է, որպեսզի պահպանի ռազմական հավասարակշռությունը` օգտվելով նաև դաշնակցային հնարավորություններից: «Ընդ որում, մենք շատ ավելի մատչելի գներով ենք ստանում սպառազինություն: Մենք խնդիր չունենք Ադրբեջանի ամեն ասածին պատասխանելու, մենք խնդիր ունենք պահպանելու ռազմական բալանսը»,- շեշտեց Շավարշ Քոչարյանը:

Նույնը հունվարի 29-ին 2017 թվականն ամփոփող ասուլիսում ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, թե Հայաստանում ամենաբարձր մակարդակով բազմիցս անդրադարձ է կատարվել Ադրբեջանին մատակարարվող ռուսական սպառազինության խնդրին, և ևս մեկ անգամ այդ ամենը կրկնելու կարիք չկա, քանի որ իրեն հայտնի է, թե ինչու է այդպիսի շեշտադրումներով թեման շահարկում Ադրբեջանի քարոզչությունը:

Արտգործնախարարը հավելեց, որ Հայաստանն անում է ամեն ինչ հավասարակշռությունը պահելու համար՝ օգտագործելով այն հնարավորությունները, որոնք բխում են Ռուսաստանի հետ հարաբերություններից, օգտագործելով դաշնակցային իրողությունները և հիշեցրեց, որ Հայաստանի զինուժի հետ միասին Ռուսաստանը պարտավորվում է ստանձնել ՀՀ-ի անվտանգության դերակատարությունը։ «Նաև պարտավորություն կա տրամադրել Հայաստանին զենք և ժամանակակից սպառազինություն, որ բխում է այդ դրույթից»,- ասաց նա:

Իհարկե, նախարարի խոսքի այն հատվածը, որը վերաբերում է ադրբեջանական քարոզչությանն ու ռուս-ադրբեջանական ռազմական հարաբերություններն ուռճացնելուն, ճշմարտություն է: Ադրբեջանցիները, ինչպես նշում է «Ռազմինֆո» կայքի համակարգող, փորձագետ Կարեն Վրթանեսյանը, շատ լավ գիտեն, որ Ռուսաստանի հետ իրենց ցանկացած կոնտակտ, առավել ևս՝ սպառազինությունների մատակարարում մեզ մոտ շատ ուժեղ ջղաձգումներ է առաջացնում, և նրանք հայ հանրությանը ջղայնացնելու, լարվածության մեջ պահելու, պարտվողական տրամադրություններ ստեղծելու նկատառումներով փորձում են նման յուրաքանչյուր գործարքին մեծ «շուք» հաղորդել:

Ճիշտ է` Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշինքի մասին պայմանագիր ունեն, և ռուսական կողմը Հայաստանին սպառնացող վտանգի դեպքում պարտավոր է ռազմական աջակցություն ցուցաբերել, բացի այդ, Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, և ՀԱՊԿ-ն էլ նույնպիսի պարտավորություններ ունի: Բայց նույն ՀԱՊԿ-ի անդամ մեր մյուս «դաշնակիցները» որևէ հարմար առիթ բաց չեն թողնում Ադրբեջանին սիրաշահելու, նրան զենք վաճառելու, ռազմատեխնիկական համագործակցությունը խորացնելու համար՝ ի վնաս Հայաստանի ու նրա հետ իրենց հարաբերությունների: Համենայն դեպս դեռ չենք մոռացել ադրբեջանա-բելառուսական ռազմական «քիրվայությունը», երբ անցյալ աշնանը ադրբեջանական կողմը հայտարարեց, որ ցանկանում է Բելառուսից ռազմական տեխնիկա ձեռք բերել, իսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բացեիբաց հայտարարեց, որ դրա համար իրենք որևէ խոչընդոտ չունեն:

Պարզ տրամաբանություն գոյություն ունի, որ որևէ երկիր, երբ մի այլ երկրի հետ ռազմական ու ռազմավարական դաշինքի մեջ է մտնում, էլ չասենք՝ տնտեսական ու քաղաքական, ապա դաշնակիցներից յուրաքանչյուրը, անհրաժեշտության դեպքում, պարտավոր է հրաժարվել նաև իր ֆինանսատնտեսական շահերից, եթե դրանք ուղղակիորեն սպառնում են իր դաշնակցի անվտանգությանը: Իսկ Ադրբեջանի քաղաքական հայտարարությունների, առաջնագծում պարբերաբար ձեռնարկվող սադրանքների, պետական մակարդակով հայատյացության խորացման փաստերը հուշում են, որ այդ «անշառ բիզնեսները» անմիջական սպառնալիք են մեզ համար:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանին շատ է անհանգստացնում այն հանգամանքը, որ Ադրբեջանը շարունակում է սպառազինվել և դրա առյուծի բաժինը ապահովում է մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը: «Մեր կոմերցիոն դաշնակիցը նոր էսկալացիա է սկսել, և չեմ բացառում նոր պատերազմի սանձազերծումը: ՌԴ-ն Ադրբեջանի ձեռքով կոնֆլիկտի նոր սրում է նախապատրաստում: Ինչո՞ւ են ՀՀ ԱԳՆ-ն և ՊՆ-ն լռում, տարօրինակ է»,- ասում է նա:

Բելառուսի ու Ադրբեջանի ռազմատեխնիկական սիրահետումներին հայ հանրությունն այնքան էլ սուր չի արձագանքում, որովհետև բելառուսներն իրենք են շեշտում, որ եթե Ռուսաստանն Ադրբեջանին ազատ զենք-զինամթերք, ռազմական տեխնիկա է վաճառում, ուրեմն ինչո՞ւ իրենք չպետք է վաճառեն: Իսկ մեր ռազմավարական դաշնակցի քաղաքականությունը չի փոխվում:

Օրերս կարծես մեր այս մրմռացող վերքի վրա աղ լցրեց այն լուրը, թե Գերմանիայի կառավարությունը դադարեցրել է զինամթերքի արտահանումը Թուրքիա` այդ երկրի կողմից սիրիական Աֆրին բնակավայրում քրդերի դեմ իրականացվող գործողությունների պատճառով:

«Դաշնային կառավարությունն անհանգստացած է Սիրիայում տեղի ունեցող ռազմական կոնֆլիկտի պատճառով: Մենք չենք կարող կանխատեսել կոալիցիոն բանակցությունների ընթացքը և կսպասենք այդ բանակցությունների արդյունքներին: Ինչ վերաբերում է զենքի արտահանմանը Թուրքիա, մեզ համար պարզ է, որ մենք չպետք է աջակցենք պատերազմող որևէ երկրի ու դա չենք անի»,- ասել է Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը Spiegel պարբերականին:

Նաև նշվում է, որ գերմանական կողմը պետք է թարմացներ Թուրքիայի տանկերի բազան՝ համաձայն Անգելա Մերկելի և թուրքական կողմի համաձայնության: Բայց դա եղել է մինչ Աֆրինի գործողությունների մեկնարկը:

Եվ սա այն դեպքում, երբ ՆԱՏՕ-ի շրջանակներում Գերմանիան ու Թուրքիան դաշնակիցներ են, իսկ քրդերը Գերմանիայի դաշնակիցը չեն: Այսուհանդերձ, Գերմանիան գնում է այս կտրուկ քայլին: Իսկ մենք, ավելի ստույգ՝ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը դեռ երկար է ստիպված լինելու արդարացնել մեր «ռազմավարական դաշնակցին»





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: