Հայերեն   English   Русский  

​Իսկ Միացյալ Էմիրություններում ծխելու համար բանտ են նստեցնում


  
դիտումներ: 1675

Վերջին շաբաթվա ընթացքում հայ հանրությունը ակտիվորեն քննարկում էր ՀՀ առողջապահության նախարարության մշակած «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման մասին» նոր օրենքի նախագիծը: Այս օրինագծով առաջարկվում է խստացնել ծխախոտի վաճառքը, սահմանել ծխախոտի օգտագործման սահմանափակումներ, նաև տուգանքներ՝ չթույլատրված վայրում ծխախոտ օգտագործելու համար:

Ի՞նչ են ուզում «մերոնք»

Հայաստանը պատրաստվում է համալրել այն երկրների շարքը, որոնք լրիվ արգելել են ծխախոտի օգտագործումն ու տարածումը փակ տարածքներում ու հասարակական վայրերում, և ոչ միայն:

Առողջապահության նախարարությունն առաջարկում է արգելել ծխախոտի օգտագործումը բուժհաստատությունների, առողջարանների տարածքներում, բոլոր մակարդակների ուսումնական հաստատությունների ու նախակրթարանների տարածքներում, մշակութային, մարզական կազմակերպությունների ու համալիրների տարածքներում, ճաշարաններում, ռեստորաններում, սրճարաններում, բարերում, բուֆետներում և հանրային սննդի այլ օբյեկտներում, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում՝ բացառությամբ բնակելի տներ համարվողների, բնության հատուկ պահպանվող տարածքներում, պետական, տեղական և համայնքային բոլոր կառույցներում ու հաստատություններում, հասարակական տրանսպորտում, կանգառներում ու սպասասրահներում, կայարաններում, հյուրանոցային տնտեսության օբյեկտներում, բազմաբնակարան շենքերի վերելակներում և ընդհանուր օգտագործման տարածքներում, աշխատանքային գործունեության համար նախատեսված տարածքներում, խաղատներում, առևտրի և զվարճանքի օբյեկտներում:

Փաստորեն արդեն շատ քիչ վայրեր են մնում, որտեղ կարելի է ծխել. տանը, բակում, եթե տվյալ տարածքը հասարակական տարածք չի համարվում, և «վայրի բնության մեջ», եթե, իհարկե, բնության այդ հատվածը հատուկ պահպանվող տարածք չէ:

Բայց դատելով հանրային բուռն քննարկումներից՝ հանրությանն ամենից շատ «բարկացրել» էր ոչ թե հակածխախոտային այս արշավը, այլ դրանով սահմանված տուգանքների չափերը: Մասնավորապես շրջանառվում է այն վարկածը, թե մեքենայում ծխելու համար մարդը կտուգանվի 50 հազար, տրանսպորտում, տաքսիում՝ 100 հազար, վերելակում, գրասենյակում, սրճարանում՝ 250 հազար դրամով, դպրոցին 100 մետրից մոտ տարածությամբ ծխախոտ վաճառելը կտուգանվի 500 հազար դրամով, ծխելն արգելող նշան չտեղադրելու համար՝ 100 հազար դրամով: Տուգանքներ են նախատեսվում նաև տարածքում ծխելը չարգելող ղեկավարի համար՝ 500 հազար դրամ, իսկ ծխախոտի գովազդի դեպքում՝ 700 հազար դրամ: Ակցիզային հարկերի բարձրացմամբ էլ մտադիր են թանկացնել ծխախոտի գները, ինչը ծխելը թողնելու լրացուցիչ խթան կարող է դառնալ: Ըստ հիմնավորումների՝ սա կօգնի, որ մեր երկրում ծխողների թիվը 30-40 տոկոսով կրճատվի:

Ուստի փորձենք տեսնել, թե ինչպես են ծխախոտի տարածման և օգտագործման դեմ պայքարել աշխարհի բոլոր ծայրերում:

Աշխարհի փորձը

Եվրոպայում ծխախոտից հրաժարվելու ուղղությամբ օրենսդրական համակարգ առաջինը ներդրեց Ֆինլանդիան դեռևս նախորդ դարի 70-ականների վերջերից և ժամանակի ընթացքում այն խստացրեց: Ավելին, սկանդինավյան այս երկրի իշխանությունները ցանկանում են մինչև 2040 թվականը Ֆինլանդիան դարձնել բացարձակ «չծխող երկիր»: Իսկ 2010 թ. հոկտեմբերի 1-ից երկրում մտցվել է նաև ծխախոտի ներկրման արգելք:

Հակածխախոտային պայքարի առաջամարտիկներից է նաև Իռլանդիան: Սա համարվում է աշխարհում առաջին երկիրը, որն ամբողջությամբ արգելեց ծխախոտի օգտագործումն ու տարածումը ամեն տեսակի հանրային վայրերում ու տրանսպորտում: 2004 թ. ընդունված օրենքով Իռլանդիան նաև առաջինն էր աշխարհում, որ արգելեց ծխախոտի օգտագործումը հանրային սննդի ամեն տեսակի օբյեկտներում և ամեն տեսակի հասարակական փակ տարածքներում:

Իսկ Նորվեգիայում հանրային որոշ վայրերում ծխելն արգելված էր դեռևս 1988 թվականից , իսկ բարերում ծխելն արգելելու օրենքն ընդունվեց միայն 2004 թ.: Սկանդինավյան երկրներից հակածխախոտային պայքարի ուշագրավ փորձ ունի նաև Շվեդիան: Օրինակ՝ Շվեդիայի կառավարությունը պարգևավճարներ է սահմանել պետական այն աշխատողների համար, որոնք թողնում են ծխելը: Ուսանողներն էլ, որոնք ուզում են կրթաթոշակ ստանալ, ընդհանրապես պետք է հրաժարվեն այս վնասակար սովորությունից:

Պարգևների ու տուգանքների, արգելքների ու թույլտվությունների ուշագրավ համակարգ ունի Նիդեռլանդները: Սա այն եզակի երկիրն է, որտեղ ծխախոտ ծխելուն ավելի վատ են վերաբերվում, քան մարիխուանա օգտագործելուն: Հոլանդիայի հանրային սննդի օբյեկտներում ծխելը, իհարկե, արգելված է, բացի աշխարհահռչակ «կոֆեշոփերից», որտեղ իրականացվում է մարիխուանայի ազատ վաճառք և օգտագործում, բայց պայմանով, որ մարիխուանայի գլանակների մեջ ծխախոտ խառնված չլինի: Սակայն 2010 թ. մտցված փոփոխությամբ ծխելը թույլատրվեց մինչև 70 քմ տարածք ունեցող սրճարաններում ու բարերում: Բացի այդ, Հոլանդիայի յուրաքանչյուր քաղաքացի, եթե իսկապես թողնում էր ծխելը, պետության կողմից խրախուսվում էր դրամական պարգևավճարներով: Դրա համար քաղաքացին պետք է հատուկ թեստ անցներ, ու եթե ստուգումների արդյունքում ծխելու հետ կապված որևէ կասկած չառաջանար՝ որոշակի ժամանակահատվածով ամսական 200 դոլարի չափով պարգևավճար էր ստանում պետությունից:

Իտալիան հակածխախոտային պայքարին միացել է 2005-ից, երբ մտցվեց նոր տուգանք հանրային վայրերում ծխելու համար: Այդ տուգանքների չափերը տատանվում են 25-250 եվրոյի սահմաններում, իսկ հղի կնոջ կամ մինչև 12 տարեկան երեխաների կողքին ծխելու համար՝ 500 եվրո:

Բավականին խիստ հակածխախոտային օրենսդրություն է գործում Ռուսաստանում, որտեղ արգելված է ոչ միայն հանրային վայրերում ծխելը, այլև ծխախոտի գովազդը, ցուցադրությունը հանրային վայրերում: «Ծխախոտի օգտագործման հետևանքներից և ծխախոտի ծխի ազդեցությունից քաղաքացիների առողջության պահպանման մասին» օրենքը Ռուսաստանում օրեցօր խստացվում է: Այդ օրենքի՝ 2013 թվականից ուժի մեջ մտած նոր դրույթներով սահմանվում է, որ անգամ գեղարվեստական ու վավերագրական ֆիլմերի այն հատվածներում, որտեղ ցուցադրվում է ծխախոտի օգտագործում, պետք է ուղեկցվի սոցիալական գովազդ՝ ծխելու վնասակարության մասին: 2018 թ. հունվարի 1-ից «հակածխախոտային» օրենքն ամբողջությամբ ուժի մեջ մտավ Ռուսաստանում, որն էլ ավելի է խստացնում հակածխախոտային միջոցառումները: Նշենք նաև, որ Ռուսաստանում հանրային տարածքներում ծխելու համար նախատեսված են տուգանքներ՝ 500-3000 ռուբլու սահմաններում:

Հանրային վայրերում ծխելու համար 200-1000 դոլար տուգանք է սահմանվում նաև Սինգապուրում: Այնտեղ հակածխախոտային պայքարն ավելի քան 30 տարվա պատմություն ունի, ինչի շնորհիվ հաջողվել է 3 անգամ նվազեցնել ծխողների թիվը: Սինգապուրում պարտադիր է ծխախոտի տուփերի վրա տեղադրել սարսափեցնող նկարներ ծխելու հետևանքների մասին, սահմանված են բավականին բարձր հարկեր ծխախոտի ներմուծման համար, այդ պատճառով մեկ տուփ սիգարետի գինը սկսվում է մոտ 8 դոլարից: Սահմանափակումներ կան գովազդի ու վաճառքի գործընթացներում:

2007 թվականից Գերմանիան արգելեց ծխելը պետական ու համայնքային բոլոր հաստատություններում ու կառույցներում, հանրային տրանսպորտի բոլոր տեսակներում, այդ թվում՝ տաքսիներում, իսկ ծխելու արգելքը խախտողների համար սահմանված են 25-250 եվրո տուգանքներ: իհարկե, Գերմանիայում կան ծխողների հատուկ ակումբներ՝ Raucher Clubs, բայց այնտեղ մուտք գործելու համար այդ ակումբների անդամ լինելը պարտադիր պայման է:

Ֆրանսիայում «մեղմ» տուգանքներ են սահմանված ծխախոտի օգտագործման սահմանափակումները խախտելու համար: Չնայած 2008-ից մտցված հանրային վայրերում ու փակ տարածքներում ծխելու արգելքի մասին օրենքին՝ այն խախտողներին Ֆրանսիան տուգանում է ընդամենը 68 եվրոյով, իսկ այն ձեռնարկությունների կամ ընկերությունների տնօրեններին, որոնց տարածքում խախտվել է արգելքը, տուգանում են 135 եվրոյի չափով: Ֆրանսիայում փակ տարածքներում՝ ակումբներում, ռեստորաններում, սրճարաններում ու այլ նման վայրերում ծխելն արգելվում է, բայց կարելի է ծխել բաց պատշգամբներում և փողոցում:

Հանրային տարածքներում ծխելու արգելք գործում է նաև Հունաստանում, ընդ որում՝ այնտեղ բավականին մեծ են սահմանված տուգանքների չափերը. հասարակական տարածքներում ծխելու համար սահմանված են 50-200 եվրոյի չափով տուգանքներ, իսկ հասարակական տրանսպորտում ծխելու համար՝ 3000 եվրո: Սակայն ինչպես տեղեկացնում են հունական աղբյուրները, ամբողջ 2015 և 2016 թթ. ծխելու համար նշանակված տուգանքներով պետական բյուջե ոչինչ չի մտել, այսինքն՝ օրենքը չի գործում:

Հակածխախոտային ամենախիստ օրենսդրություն և պատկառելի պատիժ-տուգանքներ ունեցող երկրներից մեկը Արաբական Միացյալ Էմիրություններն է: ԱՄԷ-ում արգեվում է ծխել բոլոր հանրային վայրերում, հանրային սննդի, հանգստի, ժամանցի օբյեկտներում, կրթական, մշակութային և մարզական համալիրներում, անգամ սեփական մեքենաներում, որոնց մեջ մինչև 12 տարեկան անչափահաս կա: ԱՄԷ-ում խիստ սահմանափակված են նաև այն վայրերը,, որտեղ կարելի է ծխախոտ վաճառել: Իսկ այս օրենքը խախտողների համար նախատեսված են աստղաբաշխական տուգանքներ, որոնց չափը կարող է հասնել ինչև 1 միլիոն դրահմի, որը գրեթե 270 հազար դոլար է կազմում: ԱՄԷ-ն այն եզակի երկիրն է, որտեղ հակածխախոտային օրենքը խախտելու համար նախատեսված է նաև ազատազրկում՝ մինչև 2 տարի ժամկետով: Օրենքը պահպանելու համար էլ ստեղծված է հատուկ կոմիտե, և ԱՄԷ-ում գործում են հատուկ տեսուչներ, որոնք հետևում են, որ այս օրենքը գործի, ինչպես որ հարկն է:

Միացյալ Նահանգերն այդպես էլ ծխախոտի տարածումն արգելող ֆեդերալ օրենք չընդունեց, բայց նահանգների մեծ մասում հասարակական վայրերում ծխելն արգելված է:

Ծխախոտը լիովին կամ մասամբ արգելված է նաև Արգենտինայում, Բրազիլիայում, Կուբայում, Մեծ Բրիտանիայում, Պորտուգալիայում, Իսպանիայում, Ավստրիայում, Դանիայում, Բելգիայում, Սան Մարինոյում, Խորվաթիայում, Շվեյցարիայում, Մոնտենեգրոյում, Սլովենիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, Մոլդովայում, Ուկրաինայում, Բելառուսում, Կիպրոսում, Իսրայելում, Եգիպտոսում, Թունիսում, Թուրքիայում, Սիրիայում, Լիբանանում, Ղազախստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Հնդկաստանում, Թաիլանդում, Ֆիլիպիններում, Ճապոնիայում, Չինաստանում և Մոնղոլիայում:

Իհարկե, հասկանալի է, որ տարբեր երկրներում գործում են տարբեր իրավական սահմանափակումներ ու տուգանքի չափեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: