Հայերեն   English   Русский  

​ԼԵՎՈՆ ՇԱՆԹ


  
դիտումներ: 7385

-Իջե՜ք, իջե՜ք, երազներ,

իջե՜ք զգո՛ւյշ, երազներ,

շոյո՜ղ, անո՛ւշ երազներ,

իջե՜ք քնքո՛ւշ երազներ:

Լևոն Շանթ. «Հին աստվածներ»:

Լևոն Շանթը ոչ միայն ականավոր գրող էր, որի գործերն արգելված էին խորհրդային տարիներին, այլև՝ անվանի քաղաքական գործիչ: Լինելով Հայաստանի Ա. Հանրապետության խորհրդարանի փոխնախագահը՝ նա 1920 թ. ստիպված էր բարդ դիվանագիտական առաքելություն իրականացնել՝ բանակցություններ վարել Խորհրդային Ռուսաստանի հետ և, փաստորեն, իր ուսերին վերցնել նաև արտգործնախարարի բարդ ու պատասխանատու աշխատանքը:

Շանթը ծնվել է 1869 թ. ապրիլի 6-ին Կ.Պոլսում, գորգավաճառ Սեղբոս Նահաշպետյանի ընտանիքում: Մանուկ հասակում կորցրել է ծնողներին, և հոր անունը հավերժացնելու նպատակով ընդունել է Սեղբոսյան ազգանունը:

Նախնական կրթությունը ստացել է Սկյուտարի ճեմարանում, 1884-1891 թթ. ուսումը շարունակել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Այստեղ ընկերացել է ապագա մեծ երգահանի՝ Կոմիտասի, գրականագետ Նիկոլ Աղբալյանի, պատմաբան և բանասեր Նիկողայոս Ադոնցի հետ:

Սակայն հոգևորական դառնալը չէր ապագա գրողի նպատակը: Նա 1892 թ. մեկնել է Եվրոպա և ուսանել Ենայի, Լայպցիգի և Մյունխենի համալսարաններում՝ ուսումնասիրելով մանկավարժություն և հոգեբանություն:

Եվրոպայում ուսանելու տարիներին էլ սկսվել է Շանթի գրական, ստեղծագործական ուղին: Սակայն մինչ այդ Կ.Պոլսի «Հայրենիք» շաբաթաթերթում նա արդեն Լևոն Շանթ անունով առաջին բանաստեղծություններն էր տպագրել ու հրատարակել «Մնաք բարովի իրիկունը» երգիծական վիպակը: Եվրոպայում առաջին հրատարակած գործերը «Լեռան աղջիկը» պոեմն ու բանաստեղծությունների ժողովածուն էին: Հետագայում Շանթը հրատարակեց իր մյուս ստեղծագործությունները՝ «Դուրսեցիները», «Երազ օրեր», «Դարձ» վիպակները:

Բայց և այնպես Լևոն Շանթին՝ որպես գրողի, հռչակ բերեցին նրա դրամաները, որոնք մեծ մասամբ պատմական թեմաներով էին. «Օշին Պայլ», «Կայսր», «Ինկած բերդի իշխանուհին»: Իսկ «Հին աստվածներ» հոգեբանական դրաման Լևոն Շանթի գրականության գլուխգործոցը դարձավ: Այս գործով Շանթը նաև արտացոլում էր իր աշխարհայացքը՝ շոշափվող թեմայի նկատմամբ: «Հին աստվածները» բազում բանավեճերի ու քննարկումների տեղիք է տվել, այն նաև թարգմանվել է օտար լեզուներով, բազմիցս բեմադրվել հայկական թատրոններում: «Հեղինակի անունը ամենքի բերանում, նրա գրքի եղած օրինակները՝ մի օրում սպառած. այս ամենը երևույթներ են, որ չէր տեսած ո՛չ հայ բեմը, ո՛չ հայ գրականությունը»,- գրել է Նիկոլ Աղբալյանը:

Լևոն Շանթը նաև թարգմանություններ է արել օտար լեզուներից: Արժանահիշատակ է հատկապես Էթեր Լիլիան Վոյնիչի «Բոռը» վեպի թարգմանությունը:

1899 թ. դառնալով թուրքամետ մի հոգևորականի մատնության զոհ՝ Շանթը ստիպված տեղափոխվել է Թիֆլիս, ապա՝ Երևան և դասավանդել Թիֆլիսի Գայանյան և Երևանի Թեմական դպրոցներում; Ի վերջո, դարձյալ Պոլիս անցնելով, Շանթը դասավանդել է տեղի Կենտրոնական վարժարանում:

Լևոն Շանթը Թիֆլիս վերադարձավ որպես անվանի գրող: Նա մտերիմ էր ժամանակի հայ գրականության մեծերի՝ Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի հետ, որոնց հետ ոչ միայն գրական, այլև գաղափարական ընդհանրություններ ուներ: Երեքն էլ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության շարքերում էին և ակտիվ հասարակական գործունեություն էին վարում: Լևոն Շանթը դաշնակցությանն անդամագրվել է 1909 թվականին:

Թիֆլիսում Շանթը մասնակցել է «Վերնատուն» գրական խմբակի հավաքույթներին, Հովհաննես Թումանյանի և Ստեփան Լիսիցյանի հետ լույս ընծայել «Լուսաբեր» հայոց լեզվի դասագիրքը:

1915 թ. Լևոն Շանթը հաստատվեց Եվրոպայում: Այստեղ ապրած տարիները վերջնականապես ձևավորեցին Շանթ հասարակական գործչի աշխարհայացքը: Նա հրապուրված էր Վագների երաժշտությամբ, իսկ կյանքի իմաստասիրական դասերը վերցնում էր Նիցշեի ուսմունքից: Սա, ինչ խոսք, ձևավորեց Լևոն Շանթ ազգայնական գործչին:

1919 թվականին Լևոն Շանթը վերադարձավ հայրենիք և անմիջապես ներգրավվեց երկրի հասարակական-քաղաքական կյանքում: Ընտրվեց Հայաստանի Հանրապետության խորհրդարանի անդամ, ապա դարձավ խորհրդարանի փոխնախագահ:

Որպես խորհրդարանի փոխնախագահ՝ նա 1920 թվականի ապրիլին մեկնեց Մոսկվա՝ բանակցություններ վարելու Խորհրդային Ռուսաստանի արտաքին գործոց նախարար Չիչերինի և նրա ներկայացուցիչ Բորիս Լեգրանի հետ: Այս ծանր բանակցություններից շատ բան էր կախված Հայաստանի ապագայի համար:

Լևոն Շանթը պետք է հասներ նրան, որ Խորհրդային Ռուսաստանը ճանաչի Հայաստանի անկախությունը` ընդունելով ՀՀ սահմաններում Արցախն ու Գյուլիստանը (Հյուսիսային Արցախ), ճանաչի ՀՀ իրավունքները պատմական Հայաստանի հողերի նկատմամբ, չմիջամտի Հայաստանի ներքին գործերին, ՀՀ տարածքում չծավալի կոմունիստական գործունեություն և թույլ տա, որ Հյուսիսային Կովկասում և Ռուսաստանում գտնվող հայ գաղթականները վերադառնան տուն:

Բանակցությունների սկզբնական փուլում Չիչերինը նշեց, որ Ռուսաստանը սկզբունքորեն դեմ չէ այս խնդիրների կարգավորմանը, բայց իր հերթին Հայաստանի Հանրապետությունը չպետք է միջամտի Մուստաֆա Քեմալի՝ Անտանտի դեմ իրականացվող գործողություններին: Սակայն Լևոն Շանթը դա մերժեց` ասելով, որ կառավարությունից հայ-թուրքական հարաբերությունները քննարկելու լիազորություն չունի:

Բանակցությունները տապալվեցին: Շանթին չհաջողվեց դիվանագիտության ասպարեզում որևէ հաջողության հասնել:

Ի դեպ, տարակուսանք է հարուցում, որ հենց Լևոն Շանթին վստահեցին այդ բանակցությունները: Խորհրդային Ռուսաստանի պես երկրի հետ հարաբերությունների կարգավորումը, ըստ ամենայնի, պետք է դիվանագիտական աշխատանքի փորձ ունեցող որևէ մեկը ձեռնարկեր:

Ամեն դեպքում այս բանակցությունների տապալման մեջ ամենաէական դերը պատկանում էր Բաքվում հաստատված հայ բոլշևիկներին, որոնք իրենց պլաններն ունեին Հայաստանի վերաբերյալ:

1920 թվականի դեկտեմբերին բոլշևիկները, ի թիվս այլ մտավորականների, բանտարկեցին Լևոն Շանթին: Փետրվարյան հեղափոխությունը փրկեց Շանթի կյանքը:

1921 թ. Շանթը տարագրվեց հայրենիքից: Նա, սակայն, արտերկրում էլ ակտիվ հասարակական կյանքով էր ապրում: Նախ հաստատվեց Ֆրանսիայի Մարսել քաղաքում, ուր վաստակում էր ուսուցչությամբ: Շանթին ծանր էր տրվում ապրուստը: Նրա կացությունն այդ տարիներին բնորոշում է նրա նամակը՝ ուղղված Սիմոն Վրացյանին. «Սիմոն ջան, ահա քանի օր է՝ ուշացուցի նամակիդ պատասխանը հուսալով, որ կերպ մը տրամադրեմ ինծի և գոնե համառոտ բան մը գրեմ քեզի քու ուզած հարցի մասին: Բայց վերջապես եկա այն տխուր եզրակացության, որ անկարող եմ, այս վայրկյանին բոլշևիկներով ու բոլշևիկյան տխմարություններով զբաղվելու բնավ գլուխ չունիմ. հիմա ես իմ գլխիս մեջ ունիմ իմ սեփական բոլշևիզմը. այնպես խրվեր եմ պարտքերու, անփողության, վիճակի անորոշության և օրվա ապրուստի դժվարություններու մեջ, որ չգիտեմ՝ ինչպես եմ տակեն դուրս գալու. մեր դպրոցի վիճակը խախուտ է, վճարածը չնչին ու անկանոն, իսկ իմ բոլոր ձեռնարկներես ու ծրագիրներես ոչինչ դուրս չեկավ»:

1926 թ. Լևոն Շանթը Նիկոլ Աղբալյանի հրավերով տեղափոխվեց Եգիպտոս, հաստատվեց նախ Ալեքսանդրիայում, ապա՝ Կահիրեում: Այստեղ Շանթը հայ մտավորականների հետ հիմնեց Համազգային կրթական և մշակութային միությունը: Իսկ 1929 թ. վերջնականապես հաստատվեց Բեյրութում, ուր ապրեց մինչև կյանքի վերջը:

Շանթը Բեյրութ մեկնեց դարձյալ Նիկոլ Աղբալյանի հետ, ուր միասին հիմնեցին Հայոց ճեմարանը: Նա մտերիմ էր Աղբալյանի հետ, և Աղբալյանն է լավագույնս բնութագրել նրա ստեղծագործությունները. «Շանթի ուսումնասիրությունների առարկան կյանքի պոեզիան է, նրա մաքուր բանաստեղծական և գաղափարական կողմը»:

Բեյրութի ճեմարանն անվանակոչվեց բարերար Նշան Փալանճյանի անունով: Այս ճեմարանի հիմնադիր տնօրենը դարձավ Շանթը և պաշտոնավարեց մինչ իր մահը:

Մեծ հայը մահացավ 1951 թվականի նոյեմբերի 29-ին:

Երևանում Շանթի անունով անվանակոչվել է դպրոց, նրա պատկերով տպագրվել է փոստային նամականիշ:

«Ինչպես իր բոլոր երկերը, անկախ նրանց բովանդակությունից ու խորությունից, գրված են միշտ խնամքով ու ճաշակով, և ոճի մեջ ոչ մի պոռոտ բան, այդպես էլ ինքը հագնվում էր խնամքով, ճաշակով: Բայց անձը ցուցադրելու ոչ մի նշան. միշտ պարկեշտ և միշտ զվարթ: Անգամ այն ժամանակ՝ 13 և 14 թվականներին, երբ «Հին աստվածները» դղրդում էր մեր քաղաքներում և արվեստի տոն էր տոնում, հեղինակ Շանթը չէր երևում մեջտեղ: … Ճշմարիտ է, նա, ըստ մեծի մասին, ապրում էր Եվրոպայում, բայց և ամեն տարի լինում էր Թիֆլիսում և մնում ամիսներով, սակայն իր ներկայությունը զգացնել չէր տալիս բնավ: Եվ ամենից զարմանալին այն էր, որ չէր գնում սեփական պիեսի ներկայացումը տեսնելու»,- գրել է Ստեփան Զորյանը իր հուշերում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: