Հայերեն   English   Русский  

​Բազա-բնակավայրն իրականություն է դառնում. ուժեղ սահման, ուժեղ պետություն


  
դիտումներ: 949

Անվտանգ, սոցիալապես ապահով և ամուր սահմանամերձ գոտի՝ հզոր բանակ ու պետություն: Սա է կոնցեպտը, որի մասին երազում են բոլորը, բարձրաձայնում շատերը, իսկ որոշ մարդիկ կոնկրետ ծրագիր են առաջարկում:

Ներկայումս պաշտպանության նախարարությունը լրջորեն քննարկում է ՀՀ սահմանամերձ գոտիները և Արցախի ազատագրված տարածքները երաշխավորված անվտանգությամբ գոտիների վերածելու մի հայեցակարգ, որի հեղինակը «Շիրակ տեխնոպարկ» ՓԲԸ-ի հիմնադիր, «Մեծն Տիգրան» ՀԿ-ի անդամ (նախկին «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդ) Հրայր Մելքոնյանն է: Նա կարծում է, որ սահմանամերձ համայնքները պետք է առանձին կարգավիճակ ստանան և դառնան բազա-բնակավայրեր, որտեղ պետք է հիմնվի բանակի և ուժային այլ կառույցների համար անհրաժեշտ ապրանքների արտադրություն (գյուղմթերք, մսամթերք, հագուստ և այլն), ինչի շնորհիվ տեղի բնակչությունը կապահովվի մշտական աշխատանքով, համայնքները կզարգանան, սահմանամերձ գյուղերից արտագաղթը կդադարի, կստեղծվեն պայմաններ ներգաղթի համար և, ի վերջո, կունենանք ամուր ու ապահով սահմանամերձ գոտի, ինչն էլ երկրի անվտանգության գլխավոր երաշխիքներից է:

Հրայր Մելքոնյանը բազա-բնակավայրերի ստեղծման գաղափարը վաղուց է առաջ քաշել: Տարիներ շարունակ նա իր հայեցակարգը ներկայացրել է հանրապետության ղեկավարին, որտեղից հարցը վերահասցեագրվել է պաշտպանության նախարարություն, սակայն այդպես էլ գործին ընթացք չի տրվել:

2017 թ. հայեցակարգը քննարկվել է նաև Հանրային խորհրդում, որից հետո ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին ծանոթացրել է Հրայր Մելքոնյանի հետ, և նա հնարավորություն է ունեցել նախարարին անձամբ ներկայացնելու իր ծրագիրը: Վիգեն Սարգսյանը ոչ միայն ողջունել է հայեցակարգը, այլև հայտնել, որ հայեցակարգի հիմքում ընկած գաղափարները դրված են նաև նախարարության կողմից արդեն իսկ մշակված մի ծրագրում, որի իրագործման նպատակով 2017-ի փետրվարի 13-ին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: Հրայր Մելքոնյանին միանգամից ներգրավում են հանձնաժողովի աշխատանքների մեջ, և գաղափարը սկսում է կյանքի կոչվել:

Մելքոնյանն ու իր թիմի անդամները պարբերաբար հանդիպումներ են ունենում թե՛ նախարարությունում, թե՛ միջգերատեսչական հանձնաժողովում, մասնակցում տարբեր քննարկումների: Այդ ամենի արդյունքում հստակեցվում է ոչ միայն հայեցակարգը, այլև աշխատանքային ծրագիրը, որով պետք է իրականացվի ծրագրի առաջին փուլը: Որոշվում է, որպես պիլոտային ծրագիր, հայեցակարգն իրականացնել նախ սահմանամերձ Վահան համայնքում, զուգահեռ նաև Արցախի ազատագրված մի քանի շրջաններում: Զրուցակցիս խոսքով՝ իրականացվող աշխատանքների մեջ առանցքային դերակատարում ունի Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը, որը ծրագրին մեծ թափ է հաղորդում։

Հրայր Մելքոնյանը հայտնում է, որ վերջին խորհրդակցության ժամանակ, որը տեղի է ունեցել 2017 թ. դեկտեմբերի 20-ին, որոշվել է ստեղծել նաև հասարակական կազմակերպություն, որը կկարգավորի այդ աշխատանքները, նաև յուրօրինակ երաշխավորի դեր կստանձնի պետություն-համայնքի բնակիչ փոխհարաբերություններում: «Դա կլինի ոչ թե միջնորդ օղակ, այլ ավելի շուտ՝ համակարգող օղակ, քանի որ գյուղացին գործ է ունենալու ոչ միայն ՊՆ-ի, այլև գյուղնախարարության, բնապահպանության նախարարության և այլ պետական կառույցների հետ: Բացի այդ, կա ապահովագրության խնդիր, պատասխանատվության խնդիր և այլն»:

Կազմակերպությունը կկոչվի «Տանիք», կանոնադրությունն արդեն պատրաստ է, շուտով կներկայացնեն գրանցման, որից հետո կազմակերպության անդամները կգործուղվեն պիլոտային ծրագրի մեջ ներառված համայնքներ և կսկսեն գյուղացիների հետ համապատասխան աշխատանքների իրականացումը: Կստեղծվի նաև հիմնադրամ, որը միաժամանակ կզբաղվի համայնքներում բնապահպանական խնդիրներով: Հիմնադրամի շրջանառու միջոցները կուղղվեն միմիայն համայնքների զարգացմանը:

Հրայր Մելքոնյանն ասում է, որ այս պիլոտային ծրագրով շահագրգռված են նաև ներդրողներ, քանի որ այն գրավիչ է բիզնեսի տեսանկյունից պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության շրջանակներում: «Այս տարվա ընթացքում մինչև 230-240 աշխատատեղ կբացվի Վահան գյուղում»,- վստահեցնում է զրուցակիցս:

Բացի այդ, հայեցակարգում նշված է, որ պետությունը, որը գնում է գյուղացու բերքը, ապրանքի 60-70 տոկոսը վճարելու է իբրև աշխատավարձ, մնացածը՝ իբրև ապրանքի գին: Դրանով լուծվելու են նաև գյուղացու սոցիալական ապահովագրության, թոշակի հետ կապված խնդիրները:

Իր հայեցակարգում Հրայր Մելքոնյանը գրել է, որ բազա-բնակավայրերի բնակիչները և նրանց ընտանիքների անդամները պետք է ստանան անվճար բժշկական ապահովագրություն, բազայում ապրած տարիները պետք է համարվեն աշխատանքային ստաժ, իսկ բազայում ապրած 1 տարին պետք է հավասարեցվի սովորական բնակավայրերի 1,5 տարվան: Բազա-բնակավայրի բնակիչները պետք է ազատված լինեն գույքահարկից, ջրի հարկից, հողի հարկից: Այս բնակավայրերում բնակվելու ցանկություն հայտնող քաղաքացիներին անհատույց պետք է հատկացվի բնակարան և հողատարածք, իսկ բնակավայրերին անհատույց պետք է տրվեն հողատարածքներ և հատկացվեն խոշոր և մանր եղջերավոր անասուններ որպես համայնքային սեփականություն: Բազա-բնակավայրերը պետք է լինեն ԱԱՀ-ից ազատված, ազատ առևտրի և բիզնեսի գոտիներ: Տնտեսվարող սուբյեկտների համար պետք է նախատեսվի 5-10% շահութահարկ և այլն:

Թե սրանցից որը և որքանով կիրականացվի, ցույց կտա ապագան, սակայն մի բան հստակ է՝ պետությունն ընդունել է սահմանամերձ համայնքները զարգացնելու գաղափարը և առաջ է շարժվում հենց այդ ուղղությամբ: Հրայր Մելքոնյանը վստահ է, որ այս ծրագիրը մի տարբերակ է, որն ամբողջ երկրում կհանգեցնի տնտեսության առողջացման: «Եթե սահմանամերձ գյուղն ուժեղացավ, նշանակում է՝ բանակն ուժեղացել է, նշանակում է՝ մենք բոլորս ենք ուժեղացել: Այստեղ շատ կարևոր է նաև կարծրատիպերի կոտրումը: Օրինակ՝ վերջերս ընկերներիցս մեկը փորձում էր ապացուցել, թե հայկական կարտոֆիլը լավը չէ: Մարդկանց գլխի մեջ դա ներարկում են, և մարդիկ հավատում են: Վաղն էլ մի թուղթ կսարքեն, որ մեր զինվորի համար մեր կարտոֆիլը լավ չի, մեր զինվորը նիհար է մնում, և դրսից կարտոֆիլ կբերեն: Բայց դու պետք է հավատաս քո հողին, քո բերքին, քո մարդուն, քո երկրին: Վերջին հաշվով, դա քո տեսակին հավատալն է: Խոսում ես փոխնախարարի հետ, ասում ես՝ Հայաստանում հնարավոր է այսինչ կամ այնինչ խնդիրը լուծել, ասում է. «Դու ինֆորմացիա չունես, դու գիտե՞ս արտասահմանում ինչե՜ր են անում»: Եվ էս մտածողության տեր մարդիկ ղեկավարում են երկիրը»:

Այս առումով Մելքոնյանը կարծում է, որ պաշտպանության նախարարության առաջ քաշած «Ազգ-բանակ» հայեցակարգն իրագործելու համար, ինչը չափազանց կարևոր նախաձեռնություն է, իշխանություններն ունեն մի գերխնդիր՝ քաղաքացու ձևավորումը:

«Սահմանամերձ համայնքներում զուգահեռ պետք է ներդրվեն նաև կրթադաստիարակչական այնպիսի մոդելներ, որոնք կձևավորեն «Ազգ-բանակ» համակարգի պահանջներին բավարարող քաղաքացիներ, իսկ դրա համար նախևառաջ պետք է մշակվի այդ համակարգի պահանջներին բավարարող քաղաքացու վարքականոն, կրթադաստիարակչական հայեցակարգ, որը կկրթի և կաճեցնի այդ վարքականոնով ապրող քաղաքացիների»:

Հրայր Մելքոնյանն ու իր թիմը զուգահեռ մշակում են նաև համապատասխան կրթական հայեցակարգ և վարքականոն՝ իբրև այս մեծ ծրագրի կարևորագույն բաղադրիչ և իրագործման անհրաժեշտ նախապայման:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: