Հայերեն   English   Русский  

​Արվեստի մեջ քաոս է, իսկ երգարվեստ ընդհանրապես չկա. Հրանտ Մովսիսյան


  
դիտումներ: 3046

«Անկախի» զրուցակիցն է ռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ, Կինեմատոգրաֆիստների միության և Հեռուստատեսության միջազգային ակադեմիայի անդամ Հրանտ Մովսիսյանը:

- Պարոն Մովսիսյան, նախ խոսենք կինոյի մասին: Հայաստանում կինոոլորտի արդիականացմանն ուղղված որոշակի քայլեր են արվում՝ կինեմատոգրաֆիայի մասին օրենքի նախագծի մշակում, Ազգային կինոկենտրոնի թարմացում, նոր մեխանիզմների ներդրում և այլն: Ինչպե՞ս եք գնահատում այդ քայլերը և ի՞նչ ակնկալիքներ ունեք:

- Օրենքի նախագծի մասին դեռ չեմ ուզում խոսել, բայց այո, Ազգային կինոկենտրոնի թարմացումը շատ կարևոր էր, և ամենակարևորը՝ նշանակվել է մարդ, որը շատ լավ գիտի կինոն: Խոսքը Շուշանիկ Միրզախանյանի մասին է: Ինչ-որ մոտեցումներ կան կինոն զարգացնելու ուղղությամբ. Օրինակ՝ նախարարը՝ Արմեն Ամիրյանը, ուզում է Հայաստանը դարձնել 2-րդ կամ 3-րդ կարգի նկարահանման հրապարակ, ուր կգան և ֆիլմեր կնկարահանեն տարբեր երկրներից: Ասեմ, որ մեզ այսօր ավելի ձեռնտու է Իրանի հետ համագործակցել, որովհետև պարսկական կինոն շատ ավելի բարձր է, քան շատ եվրոպական երկրների կինոները. ամեն տարի պարսկական կինոն ստանում է լուրջ միջազգային մրցանակներ, բացի այդ, Իրանը մեր հարևանն է, և այլն:

Ինչ վերաբերում է մեր կինոյի խնդիրներին, ապա ազգային կինո, ըստ էության, մենք հիմա չունենք: Այսօր ժողովրդական կինոյի պահանջ կա: Մենք ունեինք այդպիսի ֆիլմեր՝ «Առաջին սիրո երգը», «Նվագախմբի տղաները» և այլն: Հիմա եկել է մի շրջան, երբ ավելի շատ զվարճալի ֆիլմեր են ստեղծում. այսօր նայեցիր՝ կես ժամից մոռանում ես: Բայց ամեն ինչ ունի իր անցման շրջանը: Երևի սա էլ է մի շրջան, կանցնի-կգնա, և ավելի լուրջ ֆիլմեր կստեղծվեն, իսկ լուրջ կինոն պահանջում է նաև լուրջ ֆինանսավորում և ամենակարևորը՝ լավ հեղինակներ. սցենարի մասին է խոսքը:

- Որպեսզի կարողանանք նաև միջազգայի՞ն շուկա դուրս գալ:

- Այո, ամենակարևոր բանը մենք մոռանում ենք. կինոն բիզնես է, մենք պետք է կարողանանք նաև վաճառել ֆիլմը: Աշխարհում կինոն դեռ չնկարած են վաճառում, իր սցենարով: Դա ահռելի մեծ բիզնես է, մենք պետք է ունենանք շուկա, բայց այսօր մենք շուկա էլ չունենք, նոր-նոր կինոթատրոններ ենք սարքում քանդելուց հետո: Միջազգային շուկա դուրս գալու համար նախ պետք է հասկանանք, թե աշխարհին այսօր ինչ է հետաքրքրում, և գումարներ ներդնենք լավ հեղինակներ, սցենարիստներ բերելու համար: Դերասաններ ունենք, բայց բոլորն ավարտել են թատերականը և թատրոնի դերասաններ են: Իբրև կինոդերասան՝ նրանք սովորել են սերիալներում, բայց կինոն ու թատրոնը լրիվ տարբեր բաներ են: Մենք ունենք շատ լավ ռեժիսորներ, այսօրվա սերունդը շատ լավն է, մտածող, ճաշակով սերունդ է: Այսօրվա ռեժիսորի նկարածը միգուցե մեզ խորթ թվա, որովհետև մենք ամեն ինչի մեջ ուզում ենք ազգային արժեքներ տեսնել: Բայց կինոն բիզնես է, մեզ հիմա ուրիշ կինո է պետք, շատ ուրիշ կինո: Այսօրվա պահանջներն են ուրիշ: Կան բաներ, որ մեծ էկրանի համար են, կան բաներ, որ հեռուստատեսության համար են: Թող հեռուստատեսությունը ստեղծի ազգային արժեքների հիման վրա լավ ֆիլմեր և ցույց տա: Բայց դրսի շուկային այլ բան է հետաքրքրում: Համենայն դեպս, ես հույս ունեմ, որ 10-15 տարի հետո մենք կունենանք մեր կինոն, լավ կինո:

- 1977-1990 թթ. եղել եք Հայաստանի ազգային հեռուստաընկերության գլխավոր ռեժիսորը, 1997-1998 թթ.՝ գլխավոր պրոդյուսերը։ Իբրև ոլորտը ներսից իմացող մարդ՝ ի՞նչ կասեք, որո՞նք եք համարում հեռուստատեսության այսօրվա խնդիրները:

- Ամենակարևոր խնդիրն այն է, որ այսօր հեռուստատեսությունը դարձել է պրոդյուսերական հեռուստատեսություն, իսկ առաջվա հեռուստատեսությունը ռեժիսորական էր՝ մտքի, գաղափարի հեռուստատեսություն: Այսօր կարևորը շահույթն է: Հեռուստատեսությունում այսօր չկա ամենակարևորը՝ մարդիկ, մասնագետներ, որոնք կարողանում են որակյալ հեռուստահաղորդումներ ստեղծել: Իսկ դա լուրջ մասնագիտություն է: Այսօրվա պահանջարկն ի՞նչն է, սերիա՞լը. թող որակով սերիալ նկարեն, որակով սերիալը լավ բան է և պետք է լինի: Իսկ միգուցե վավերագրական կինո՞ն էլ պահանջարկ ունի կամ վավերագրական հաղորդումները: Պետք է համապատասխան մասնագետներ լինեն, որ այդ ամեն ինչը հասկանան: Մենք այսօր եթերից երեխաներին դաստիարակող հաղորդումներ չունենք: Այս մուլտերը, որ երեխաները հեռախոսով նայում են, վախենալու բաներ են: Պետք է ունենանք հեռուստատեսության մասնագետներ պատրաստող ինստիտուտներ: Հիմա «հին» մարդկանցից, որոնք փորձ, գաղափար ունեն և ամբողջ կյանքը նվիրել են հեռուստատեսությանը, հրաժարվում են: Բերում են ջահելներին, որոնք փակ աչքերով մատները խփում են ինչ-որ բանի և կարծում են՝ մեծ գործ են անում:

- Հայաստանի բոլոր ոլորտներում մենաշնորհներ գոյություն ունեն: Ձեր ոլորտում (կինո, հեռուստատեսություն, շոուբիզնես) կա՞ մենաշնորհ:

- Իհարկե կա, ո՞նց կարող է չլինել: Եվ մենաշնորհի ամենամեծ պրոբլեմն այն է, որ իրենք են որոշում և թելադրում ճաշակ: Դա ամենավատ բանն է: Իսկ շոուբիզնես բառն ասելիս միանգամից ուզում եմ տոմս առնել ու էս երկրից գնալ, ուղղակի ծիծաղս գալիս է, ի՞նչ շոուբիզնես: Մեզ մոտ շոուբիզնես չկա: Մի քանի երգիչ-երգչուհիներ, որոնք ռաբիս կամ կիսառաբիս բաներ են երգում, դա՞ է շոուբիզնեսը: Ես այդ մարդկանց կորպորատիվ երգողներ կասեմ, որովհետև մեծ բեմ, շոուներ չկան, նրանք պատրաստ չեն կենդանի երաժշտության: Կամ ինձ գոնե մի անուն տվեք, թե ով է այսօրվա երգի կոմպոզիտորը: Առաջ մենք գիտեինք՝ ով է երաժշտությունը գրում, օրինակ՝ Ռոբերտ Ամիրխանյանը, հիմա ո՞վ է գրում, ես չգիտեմ: Շոուբիզնեսն այսօր զրո է: Սա կոչվում է անցումային շրջան, երբ դեռ ոչ ոք իր տեղում չէ և չգիտի, թե ինքն ինչով պետք է զբաղվի: Այսօր արվեստի մեջ քաոս է, իսկ երգարվեստ ընդհանրապես չկա: Բայց օրինակ՝ օպերային արվեստը և բալետը փորձում են բարձրացնել, դա շատ լավ է: Նաև մոդայիկ է դարձել ջազային երաժշտությունը, դա էլ է լավ, որոշ ակումբներ հետաքրքիր մարդկանց են բերում, համերգներ են տալիս: Ես լավատես եմ և գիտեմ, որ մի օր ամեն ինչ իր տեղն է ընկնելու:

- Ասում են՝ Երևանը կորցրել է դեմքը: Անկեղծ ասած, ես չեմ տեսել 70-80-ականների Երևանը, բայց կարծում եմ, որ այսօր էլ Երևանը բավական գեղեցիկ ու հարմարավետ քաղաք է: Ձեզ՝ իբրև բնիկ երևանցու, դո՞ւր է գալիս այսօրվա Երևանը, և ի՞նչն եք ամենից շատ կարոտում:

- Առաջ այս քաղաքում մարդիկ երջանիկ էին: Բայց դե անցել-պրծել է, պետք է ոչ թե կարոտել, այլ առաջ նայել: Եթե սկսենք հնով մտածել՝ դոփելու ենք տեղում: Ինձ հետաքրքիր է, թե ինչ է լինելու հետո: Միակ բանը, որ կուզեմ ասել, այն է, որ կանաչը շատ պակաս է մեր քաղաքում, իսկ դա անհրաժեշտ է գոնե գույնի համար, էլ չեմ ասում մյուս տեսանկյուններից: Այսօրվա Երևանը մի նոր քաղաք է, որը դեռ ձևավորման ընթացքի մեջ է: Մենք սիրում ենք այս քաղաքը ու սպասում ենք, թե երբ է քաղաք դառնալու (ծիծաղում է):





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: