Հայերեն   English   Русский  

​Միշա Հայրապետյան. «Մարզիչներն ու մարզիկներն արժանի են և մարզվելու բարեկարգ պայմաններում»


  
դիտումներ: 2902

Մրցաշրջան 2018-ը Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի համար հագեցած է լինելու:

Հունվարի 20-21-ը Երևանում անցկացվեց աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի հանրապետական բաց առաջնություն: Այս և միջազգային մի քանի մրցաշարերի արդյունքներով էլ ձևավորվեց հավաքական թիմ` Ստամբուլում ուսումնամարզական հավաքի մասնակցելու համար:

«Անկախի» հետ զրույցում ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող, աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանը գնահատում է մարզիկների ելույթները, խոսում նրանց հնարավորությունների և մարզաձևի ներկայիս վիճակի մասին:

- Պարոն Հայրապետյան, աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի հանրապետական բաց առաջնությունում մեծ թվով մարզիկներ էին հայտավորված: Աթլետների ելույթները հուսադրո՞ղ են:

- Մարզիկներին նախապես տեղեկացրել էինք, որ առաջնությունն ընտրական է լինելու՝ Ստամբուլում ուսումնամարզական հավաքին մասնակցելու և միջազգային մրցաշարերում հանդես գալու համար: Մասնակիցների թիվը գոհացուցիչ էր: Մանեժի անբավարար պայմաններով հանդերձ՝ բավական լավ մրցակցություն ստացվեց:

Բանն այն է, որ մանեժի պայմաններն ընդունելի են միայն ցատկերի և կարճ արագավազքի համար: Մնացած բոլոր դեպքերում մանեժի շրջանը չի նպաստում վազքային բարձր արդյունքներ ունենալուն: Միջազգային ասպարեզում երբեք չես հանդիպի, որ մանեժն ունենա 155-մետրանոց շրջագծով վազքուղի: Միջազգային ստանդարտը 200 մ է: Այդ պայմանները վազորդների համար մեծ խնդիրներ են առաջացնում:

Ունեցանք բավական լավ արդյունքներ հեռացատկում և եռացատկում: Յանա Աբրահամյանը, թեև վնասվածքով, հեռացատկում 1 մ 80 սմ արդյունքը գրանցեց, եռացատկում՝ 12 մ 50 սմ` առաջին տեղը գրավելով: Տղամարդկանց պայքարում Արտակ Համբարձումյանը հեռացատկում 7 մ 17 սմ արդյունքը գրանցեց: Արամայիս Սարգսյանը լավագույնն էր եռացատկում՝ 14 մ 78 սմ: Կապանցի Մարիետա Մինասյանը գրանցեց 12 մ 15 սմ արդյունքը: Սրանք ներքին մրցումների լավագույն արդյունքներն են:

- Բայց կարծեմ ֆեդերացիան չսահմանափակվեց միայն տեղական մրցումներով թիմը համալրելու հնարավորությամբ:

- Հավաքականի մի քանի առաջատար մարզիկներ մասնակցեցին միջազգային տարբեր մրցումների: Մենք հաշվի առանք նաև նրանց մասնակցությունն ու գրանցած արդյունքը:

Լևոն Աղասյանը հաջող հանդես եկավ Ղազախստանում կայացած մրցաշարում: Եռացատկում 16 մ 39 սմ արդյունքով նա դարձավ մրցաշարի հաղթող:

Հուսադրող էին նաև Գայանե Չիլոյանի և Լիլիթ Հարությունյանի ելույթները:

Ուկրաինայում մեկ այլ մրցաշարի մասնակցեց հավաքականի մյուս անդամը` Տիգրան Մկրտչյանը` 400 մ վազքում գրանցելով 50,39 արդյունքը:

Բնական է, որ մարզիկներն իրենց առավելագույն արդյունքները չգրանցեցին: Սրանք մրցաշրջանի բացման առաջին մրցումներն են: Հաջորդ մրցաշարերում նրանք հաստատ կբարելավեն իրենց ցուցանիշները: Որպես մեկնարկային արդյունք` նրանց ելույթները հուսադրող են:

- Փետրվարի 6-16-ը հավաքականում ընդգրկված մարզիկներն ուսումնամարզական հավաքի են մասնակցելու Ստամբուլում: Ի՞նչ մրցաշարերի են պատրաստվում մասնակցել:

- Աթլետիկայի հավաքական թիմը՝ 12 անձով, ուսումնամարզական հավաք է անցկացնելու Ստամբուլում: Նպատակը Բալկանյան երկրների ձմեռային առաջնությանը լավ մասնակցելն է: Միաժամանակ Սոֆիայում կայանալու է պատանիների Բալկանյան երկրների առաջնություն: Այդ մրցումներին մարզիկներ կմասնակցեն նաև Հայաստանից:

Շեշտադրված կարող եմ ասել, որ սրանք մեր չափանիշների մրցումներ են: Մեր մարզիկներն այդ մրցումներում իրենց համեմատաբար ավելի վստահ են զգում, բավական լավ են մասնակցում և՛ մարզական արդյունքների, և՛ բարձր մրցանակային տեղեր գրավելու աումով:

Միաժամանակ նշեմ, որ մարտի 1-4-ն Անգլիայում անցկացվելու է աշխարհի ձմեռային առաջնություն: Այդ մրցումներում Հայաստանը 400 մ վազքում կներկայացնի Նարեկ Ղուկասյանը: Ունենք ավելի ուժեղ մարզիկներ, սակայն նրանք նպատակահարմար գտան մասնակցել այն մրցումներին, որտեղ իրենց ավելի լավ են զգում և կարող են պայքարի մեջ մտնել մրցանակային տեղերի համար: Աշխարհի առաջնությունը վարկանիշով բարձր է, և մրցակցությունն էլ մեծ է: Մեր մարզիկներն այնտեղ, մեղմ ասած, դեռևս անելիք չունեն:

- Պարոն Հայրապետյան, նշեցիք, որ մեր մարզիկները գերադասում են չափանիշներով իրենց համապատասխան մրցաշարերի մասնակցել: Կգա՞ ժամանակ, երբ նրանք բարձրակարգ մրցումներում կպայքարեն մրցանակային տեղեր զբաղեցնելու համար:

- Դա մեր երազանքն է: Ցանկացած մարզիչ շահագրգռված է, որ իր սանն ավելի բարձր արդյունք ունենա և մրցունակ լինի վարկանիշով բարձր մրցումներում: Սակայն, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ հիմա պետք է բարձրացնեմ ցավոտ թեման, որ մենք պայմաններ չունենք: Այդ կարգի մրցումներում մրցունակ մարզիկ ունենալն արդեն իսկ մեզ համար մեծ հաջողություն է: Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար մարզիկները պետք է համապատասխան պայմաններում մարզվեն: Այդ խնդիրը մեր առջև վաղուց է ծառացել և երկար ժամանակ լուծում չի ստանում: Քայլեր կատարվում են այդ ուղղությամբ: Հուսանք, որ մոտ ապագայում նոր ստադիոն կունենանք` ժամանակակից ծածկույթով: Մարզիչներն ու մարզիկներն արժանի են աշխատելու և մարզվելու բարեկարգ պայմաններում:

- Աթլետիկայով զբաղվող երեխաների թիվը մարզադպրոցներում հուսադրո՞ղ է: Մասնագիտական առումով մարզաձևի հերթափոխն ինչպե՞ս կգնահատեք:

- Այդ հարցին միանշանակ պատասխանել հնարավոր չէ: Եթե նույնիսկ խմբերի հագեցվածություն կա, որակական տեսանկյունից պատկերը հուսադրող չէ: Մարզիչները չեն կարող ընտրություն կատարել և բարձրակարգ մարզիկներ պատրաստել: Ռեզերվի որակական կողմը բավական փոխվում է և, ցավոք սրտի, դեպի վատը: Պատճառն այն է, որ մոտեցումներն ու գնահատականներն են փոխվում, երեխաների ու ծնողների ցանկություններն ու պահանջներն են փոխվում: Մարզիչները հանդուրժում են այդ պայմանները, աշխատում են, որովհետև գործի նվիրյալներ են: Դա մեր մասնագիտությունն է, մենք ապրում ենք դրանով: Երեխային չես կարող համոզել, որ այդ պայմաններում մարզվի: Նրանց հետաքրքրությունների շրջանակն է մեծացել: Երեխաներն ընտրություն կատարելու հնարավորություն ունեն և, բնականաբար, մեր պայմանները բոլորին չէ, որ գոհացնում են: Ծանոթանալով մեր մարզումային պայմաններին` ծնողն ուրիշ մարզաձևի է տանում իր երեխային: Այսօր հեռուստատեսությունն ու համացանցը լայնածավալ ու բազմապիսի տեղեկատվություն են հաղորդում, մարդիկ տեսնում են, թե ինչ կա աշխարհում, մարզիկներն ինչ պայամաններում են մարզվում ու մրցման դուրս գալիս: Այդ ամենից հետո դժվար է նրանց մեղադրել: Կարծում եմ, որ այս վիճակը երկար չի շարունակվի, մենք էլ կունենանք համապատասխան պայմաններ և երեխաների` աթլետիկայով զբաղվելու ցանկությունն ավելի մեծ կլինի:

- Այս տարվա օրացուցային պլանը հագեցա՞ծ է: Ի՞նչ մրցումների են մասնակցելու մեր մարզիկները:

- Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս միջոցառումները բազմաթիվ են լինելու: Օրացուցային պլանով նախատեսված է 35-ից ավելի մրցաշար: Կլինեն նաև այլ միջոցառումներ, որոնք պլանում ընդգրկված չեն: Ավանդական մրցումները բոլոր տարիքի երեխաների համար պարբերաբար կրկնվում են: Ե՛վ պատանիները, և՛ երիտասարդները, և՛ մեծահասակները արդյունքներ ունենալու դեպքում մեծ թվով մրցումների մասնակցելու հնարավորություն ունեն: Մրցաշարեր կան բոլոր տարիքային խմբերի համար: Ըստ ցուցաբերած արդյունքների և ցուցանիշների՝ մարզիկները կմասնակցեն միջազգային մրցաշարերի:

Թիմային մրցումներից այս տարի անցկացվելու է Եվրոպայի փոքր երկրների առաջնությունը: Մրցաշարերը նպաստում են մարզումային գործընթացի արդյունավետության բարձրացմանը: Եթե մարզիկը չի մասնակցում մրցումների, նրա հետաքրքրությունը բնականաբար կորչում է:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: