Հայերեն   English   Русский  

​Պետական նպաստներ (մաս 4)


  
դիտումներ: 3908

Նախորդ համարներում խոսեցինք պետական նպաստների մասին՝ անդրադառնալով դրանց ընդհանուր հարցերին` հասկացությանը, տեսակներին, դիմելու կարգին, նպաստների տեսակներին և այլն: Այս համարով կեզրափակենք պետական նպաստների թեման և կանդրադառնանք նպաստների մնացած տեսակներին։

Երեխայի ծննդյան միանվագ նպաստ

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունեն երեխայի (որի ծննդյան կապակցությամբ ծագել է ծննդյան միանվագ նպաստի իրավունքը, այսուհետ՝ նոր ծնված երեխա) ծնողը, որդեգրողը կամ խնամակալը: Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված են ՀՀ-ում բնակության վայրի հասցեով և նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է ՀՀ իրավասու մարմինը, կամ ծնողը և նոր ծնված երեխան դիմելու օրվա դրությամբ գտնվում են ՀՀ-ում (եթե նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը): Օտարերկրյա քաղաքացի ծնողին երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե նոր ծնված երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծնողն առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է ՀՀ-ում բնակության վայրի հասցեով, և օտարերկրյա պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ չի նշանակվել (վճարվել):

Երեխայի խնամքի նպաստ

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունեն երեխայի` ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողը, որդեգրողը կամ խնամակալը մինչև երեխայի 2 տարեկանը լրանալը:

Ծերության նպաստ

Ծերության նպաստի իրավունք ունի կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձը 65 տարին լրանալու դեպքում:

Հաշմանդամության նպաստ

Հաշմանդամության նպաստը նշանակվում է կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող հաշմանդամին, ինչպես նաև հաշմանդամ երեխա ճանաչված անձին:

Կերակրողին կորցնելու դեպքում

Այս նպաստի իրավունք ունի մահացած կերակրողի՝ կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող՝

1) երեխան մինչև 18 տարին լրանալը.

2) առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակը՝ մինչև 23 տարին լրանալը.

3) ամուսինը կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձը, եթե նա զբաղված է մահացած կերակրողի՝ 14 տարին չլրացած և տվյալ հոդվածով նպաստի իրավունք ունեցող երեխայի խնամքով և ըստ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) ու չի աշխատում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: