Հայերեն   English   Русский  

​Տեխնոլոգիական կրթությունը ՝ նոր հենքի վրա


  
դիտումներ: 4252

Հայաստանի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի մի շարք ընկերությունների նախաձեռնությամբ ստեղծվել է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միություն,

որի նպատակն է ներկայացնել ու պաշտպանել ոլորտի գործատուների իրավունքներն ու շահերը, ինչպես նաև բարձրացնել տեխնոլոգիական կրթության որակը՝ հաշվի առնելով տվյալ ոլորտի կարևորությունը: Տեղեկանալու համար, թե ինչ աշխատանքներ են տարվում միության շրջանակներում, զրուցել ենք Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ, «Յունիքոմպ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանի հետ:

- Պարոն Բալդրյան, ինչպե՞ս ծագեց այսպիսի միություն ստեղծելու և գործատուների շահերը պաշտպանելու մտահցաղումը:

- Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի գրավչության մեծացումը, կադրերի պահանջարկի ավելացումը և ոլորտի զարգացումը հանգեցնում են որոշակի խնդիրների ՏՀՏ գործատուների շրջանում, որոնք սկսնակ մասնագետներին, սեփական ռեսուրսներով վերապատրաստելով, դարձնում են իրենց ոլորտի համար մրցունակ կադրեր, իսկ հետո հայտնվում են նրանց կորցնելու վտանգի առջև: Երբ պարբերաբար շփվում էինք ՏՏ ոլորտում ներգրավված գործարարների և տարբեր կազմակերպությունների ղեկավարների հետ, նկատում էինք, որ գործատուների շահերի պաշտպանության տեսանկյունից շատ բացեր ունենք: Կադրերի խիստ պակաս կար. գործատուն ներդրում էր կատարում, մասնագետներ պատրաստում՝ առանց երաշխիքի, թե որքան ժամանակ է նա աշխատելու տվյալ աշխատավայրում: Ուստի հենց գործատուի շահերը պաշտպանելու գաղափար առաջացավ: Գործարարները համախմբվեցին այս գաղափարի շուրջ, քանի որ բախվում էին այս խնդրին:

- Ինչպե՞ս եք պատկերացնում տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի գործատուների միջև կապի ամրապնդումն ու համախմբումը: Հիմա քանի՞ անդամ ունի միությունը:

- Միությունն ունի 47 անդամ, ներգրավված են հասարակությանը հայտնի կազմակերպություններ: Միության գործունեության նպատակներից մեկը տնտեսության տարբեր ճյուղերում համագործակցությունն է, քանի որ տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները տարբեր ոլորտների զարգացման լոկոմոտիվն են:

Մեզ համար կարևոր է նաև համագործակցությունը և՛ մասնագիտական տարբեր միությունների, և՛ բիզնես ոլորտի ներկայացուցիչների, և՛ պետական կառույցների հետ: Ներկայացնելով ՏՏ հնարավորությունները՝ մենք վեր ենք հանում նաև զարգացման հնարավորությունները առաջիկա տարիներին: Միաժամանակ պետք է տեղեկացված լինենք տնտեսության մյուս ճյուղերում առկա խնդիրների մասին, որպեսզի նաև լուծումներ առաջարկելու հնարավորություն ունենանք:

Նորաստեղծ միության ծրագրերն ունեն մեկ ընդհանուր նպատակ, այն է՝ ամրապնդել ՏՀՏ ոլորտի գործատուների միջև կապը և համախմբել նրանց, աջակցել օրենսդրության համապատասխանեցմանը ոլորտի փոփոխվող պահանջներին, նպաստել փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, դրա գործունեության համար բարենպաստ պայմանների ձևավորմանը, խթանել ՏՀՏ ոլորտում ձեռներեցության զարգացումն ու նոր կազմակերպությունների ստեղծումը, աջակցություն ցուցաբերել ՏՀՏ և հարակից ոլորտների պահանջներին համապատասխանող կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանը, ինչպես նաև ՏՀՏ ոլորտի համար կադրեր պատրաստող հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների համապատասխանեցմանը միջազգային ամենաբարձր չափանիշներին: Նախատեսվում է նաև նպաստել ոլորտում տեղական և արտասահմանյան ներդրումների աճին, տրամադրել բիզնես և իրավաբանական խորհրդատվություն և այլն:

Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտն արդեն իսկ դարձել է տնտեսության շարժիչ ուժը, իսկ նոր իրականությունում հրամայական պահանջ է միավորել Հայաստանի ՏՀՏ և հարակից ոլորտների գործատուներին, հասնել աշխատանքի արտադրողականության զգալի բարձրացման, գիտության և տնտեսության միահյուսման, հաստատել ամուր տնտեսական հարաբերություններ համաշխարհային կազմակերպությունների հետ:

- Իսկ միության կողմից ինչպիսի՞ ռազմավարական լուծումներ են առաջարկվում ՏՀՏ ոլորտում որակյալ կադրերի պատրաստման ուղղությամբ և ինչ գործընթացներ են առաջարկվում հանրակրթության ոլորտում:

- Նշենք, որ «Սինոփսիս Արմենիա» ընկերության ուսումնական դեպարտամենտն ավելի քան 10 տարի Հայաստանի ազգային ճարտարագիտական համալսարանի հետ իրականացնում է ՏՀՏ ոլորտի բարձրակարգ կադրերի պատրաստում։ Այդ ծրագրով ավարտած ուսանողները պահանջված են ՏՀՏ ոլորտի ձեռնարկություններում և ապահովված են բարձր վարձատրվող աշխատանքով։

Կան բազմաթիվ այլ ընկերություններ, որոնք ևս իրականացնում են կամ ցանկանում են իրականացնել կադրերի պատրաստմանն ուղղված տարբեր ծրագրեր: Կարծում եմ՝ պետք է բոլոր ծրագրերը համախմբել մեկ հարթակում և ուժեղացնելով ճարտարագիտական համալսարանը՝ այն դարձնել միջազգային չափանիշներին համապատասխան, նոր սերնդի համալսարան։ Այդ հաստատությունը հիմնված կլինի պետություն-մասնավոր համագործակցության վրա, որտեղ մասնավոր հատվածը և պետությունը կունենան իրենց հստակ ֆունկցիաները։

Շատ կարևոր է բարեփոխումները սկսել դպրոցներից՝ շարունակելով բուհերում, քանի որ հիմնարար շարունակական կրթությունը ՏՀՏ բնագավառում որոշիչ նշանակություն ունի։ Սկսելով այդ գործընթացը ավագ դպրոցներից՝ մենք կնպաստենք երեխաների մասնագիտական ճիշտ կողմնորոշմանը և ավագ դպրոցների բովանդակային հարստացմանը։

Ի դեպ, ՏՀՏ գործատուների միությունը Հայաստանի ավելի քան 10 ավագ դպրոցներում հաջողությամբ իրականացնում է ՏՀՏ առարկաների դասավանդման ծրագիրը։

2016 թ. պայմանավորվածություն էր ձեռք բերվել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ մշակել և կառավարության հաստատմանը ներկայացնել ՏՀՏ կրթության զարգացման համապարփակ ծրագիր։

Գիտություն-աշխատաշուկա կապի ամրապնդման համար անհրաժեշտ է քննարկումներ ծավալել հենց գործատուների հետ: Սա այն ոլորտն է, որը չի հանդուրժում ոչ պրոֆեսիոնալներին:

ՏՀՏ գործատուների միությունը, հաշվի առնելով Հայաստանում առկա ներուժը, հատուկ ուշադրություն է դարձնելու դպրոցական և բուհական կրթութությանը՝ ձեռնարկելով հիմնարար գիտելիքների դասավանդման մակարդակի բարձրացմանն ուղղված հավակնոտ ծրագրեր և նախաձեռնություններ: Հիմնարար գիտելիքների մակարդակի բարձրացման հետ միաժամանակ սատարվելու և իրականացվելու են գիտության և արտադրության մերձեցման և սերտացման հետ կապված ծրագրեր: Մեծ ուշադրություն է դարձվելու միջազգային ասպարեզում Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը, միջազգային օլիմպիադաներին և ծրագրերին Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությանը, ինչպես նաև ՏՀՏ գործատուների միության նախաձեռնություններում համաշխարհային նշանակության կազմակերպությունների ներգրավմանը:

Միությունն իր առջև դրված խնդիրները և նպատակները պատրաստվում է իրականացնել՝ սերտորեն համագործակցելով ՀՀ կառավարության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ՏՀՏ և հարակից ոլորտներում գործող կազմակերպությունների, միջազգային կառույցների և կազմակերպությունների, այլ երկրների պետական, հասարակական և ոլորտային կառույցների հետ:

Լ.Ն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: