Հայերեն   English   Русский  

​Ադրբեջանի միջազգային բանկը վաճառում են օտարերկրացիներին


  
դիտումներ: 475

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Ադրբեջանի կառավարության հետ երկրի միջազգային բանկի պետական բաժնեմասի մասնաբաժնի ձեռքբերման հարցի շուրջ բանակցություններ է վարում:

Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը` հղում կատարելով ՎԶԵԲ-ի գլխավոր գրասենյակին:

«Ադրբեջանի միջազգային բանկի սեփականաշնորհման գործընթացում ՎԶԵԲ –ի մասնակցության հարցը շարունակում է մնալ երկրի կառավարության հետ մեր բանակցությունների հիմնական թեման: Պետք է հասկանալ, որ դա բավականին հավակնոտ ծրագիր է, ինչը պահանջվում է որոշակի ժամանակահատված դիտարկման, հաստատման և իրականացման համար»,- նշել է գործակալության աղբյուրը:

Ավելի վաղ ՎԶԵԲ-ի նախագահ Սումա Չակրաբարտին հայտարարել է, որ ՎԶԵԲ-ն ուրախ կլինի օգնել Ադրբեջանի միջազգային բանկի (ԱՄԲ) վերափոխմանն ու պրոֆիլի փոփոխմանը: Միևնույն ժամանակ, ըստ նրա, ԱՄԲ-ի կորպորատիվ կառավարման համակարգի բարեփոխման դեպքում ՎԶԵԲ-ը կարող է դիտարկել ադրբեջանական բանկի բաժնետեր դառնալու հնարավորությունը:

Վերջերս Միջազգային բանկը դիմել է դատարան արտասահմանյան վարկատուների առջև իր պատրավորությունների վերաձևակերպման ժամկետների երկարաձգման համար: Բանկը խնդրել է տրամադրել հավելյալ 180 օր: Լոնդոնի գերագույն դատարանը հաստատել է նաև Ռուսաստանի խոշորագույն պետական բանկի` Սբերբանկի, և Franklin Templeton ընտանիքի հիմնադրամների` Ադրբեջանի միջազգային բանկին ներկայացված վերջինիս պարտքերի վերաձևակերպմանն առնչվող պահանջները:

Դեռևս նախորդ տարվա սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հայտարարել է, որ ՎԶԵԲ-ն Միջազգային բանկի սեփականաշնորհման հարցում շահագրգռվածություն է դրսևորում: Վերջինս հավելել է, որ 2018 թ-ի սկզբին կարելի է սկսել բանկի` սեփականաշնորհման նախապատրաստման ուղղությամբ աշխատանքները:

Ադրբեջանի միջազգային բանկը ստեղծվել է 1992 թ-ին: Այն Ադրբեջանի խոշորագույն բանկն է: Բանկի կապիտալում Ադրբեջանի ֆինանսների նախարարության մասնաբաժինը կազմում է 76.73 տոկոս:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: