Հայերեն   English   Русский  

​Ադրբեջանական ReAl շարժումը չի ճանաչելու արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքները


  
դիտումներ: 212

Ադրբեջանական «Հանրապետական այլընտրանք» (ReAl) շարժումը հայտարարել է, որ չի ճանաչելու ապրիլի 11-ին նշանակված արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքները՝ այն դիտարկելով որպես «հապճեպ ընդունված և ոչնչով չհիմնավորված քայլ»:

Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

«Ներկայումս արտահերթ նախագահական ընտրությունների անցկացնելու համար եվրոպական երկրներում կիրառվող որևէ հիմնավորում չկա: Դա Իլհամ Ալիևի կողմից ձեռնարկված, լեգիտիմության տեսանկյունից կասկածելի քայլ է, ինչի նպատակն է նախագահի պաշտոնը կրկին զբաղեցնելը»,- այս մասին նշված է շարժման կողմից տարածված հայտարարությունում:

ReAl շարժումը կարծում է, որ դա 2016 թ-ին Ադրբեջանի սահմանադրությունում մտցված անօրինական փոփոխությունների շարունակություն է: «Արտահերթ ընտրությունները սահմանափակում են առանց այդ էլ Ադրբեջանում արդար և ազատ ընտրությունների անցկացման սահմանափակ հնարավորությունները»,- նշված է հայտարարությունում:

Փաստաթղթի հեղինակները սահմանափակող ասպեկտներից մեկն են համարում նախագահական ընտրությունների այլընտրանքային թեկնածուներից մեկի՝ ReAl շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի՝ բանտում գտնվելու փաստը:

«Բացի այդ, քաղաքական դրդապատճառներով բազմաթիվ լրագրողներ, բլոգերներ և ակտիվիստներ գտնվում են բանտերում: Իշխանությունների կողմից գրեթե վերացվել են տեղեկատվության այլընտրանքային աղբյուրները, իսկ նրանք, որոնք դեռևս մնում են, ենթարկվում են տոտալ հարձակումների: Խստորեն սահմանափակված են հավաքների և միավորումների ազատությունները: Հենց նմանատիպ ճնշումների արդյունքում ReAl շարժման կոնգրեսի անցկացման և դրա՝ քաղաքական կուսակցության վերածվելու գործընթացի համար լուրջ խոչընդոտներ են ստեղծվել»,- ընդգծված է փաստաթղթում:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշման համաձայն՝ սույն թվականի ապրիլի 11-ին երկրում կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: