Հայերեն   English   Русский  

Արտգործնախարարությունում տեղի ունեցավ «Համազասպ Հարությունյան. դիվանագետի նոթեր» գրքի շնորհանդեսը


  
դիտումներ: 427

Փետրվարի 6-ին արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ խորհրդային ականավոր դիվանագետ, դեսպան Համազասպ Հարությունյանի հուշերի «Համազասպ Հարությունյան.

էդվարդ Նալբանդյան,Վազգեն Մանուկյան

դիվանագետի նոթեր» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին Հանրային Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, արտգործնախարարության ղեկավարությունը, գիտնականներ, լրագրողներ:

Ողջունելով շնորհանդեսի մասնակիցներին՝ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Պարոն Հարությունյանի գրքի շնորհանդեսը շատ ջերմ հիշողություններ է արթնացնում իմ մեջ, որովհետև ես պատիվ և երջանկություն եմ ունեցել մոտիկից ճանաչել Հարությունյանների ընտանիքին: Հաճախ եղել եմ իրենց տանը, հյուրասիրվել Հարությունյանի տիկնոջ՝ հիասքանչ տիկին Անահիտի կողմից։ Հարությունյանների որդին՝ Հովհաննեսը, իմ դասընկերն է եղել, և ոչ միայն դասընկերը, այլ նաև մտերիմ ընկերը: Այդ տանը միշտ թումանյանական ոգի էր ներկա. դուք գիտեք, որ տիկին Անահիտը մեծն Թումանյանի թոռնիկն էր։

Դիվանագետները միշտ զուսպ են լինում. ամեն խոսք, ամեն բառ, ամեն տառ և անգամ ստորակետ մտածում են, թե ինչպես ճիշտ օգտագործել, զսպում են իրենց զգացմունքները: Հուշագրության միջոցով, միգուցե ոչ լրիվ, բայց ինչ որ կերպ արտահայտվում են դիվանագետի մարդկային հույզերը, ապրումները:

Այս գիրքը, ցավոք, արդեն պարոն Հարությունյանի համար կարևոր չէ, որովհետև ինքը մեզ հետ չէ: Կարևոր է մեզ համար, մեր սերնդի և գալիք սերունդների դիվանագետների համար:

Ես շատ դիվանագետների եմ ճանաչում, ովքեր ակնածանքով էին խոսում նրա մասին: Պարոն Հարությունյանը տաղանդավոր տնտեսագետ էր, փայլուն դիվանագետ, վառ անհատականություն և հայ ժողովրդի արժանի զավակ:

Մեծ և շնորհակալ գործ են արել նրանք, ովքեր իրականություն են դարձրել այս գրքի հրատարակությունը։ Ես խոնարհվում եմ նրանց առջև»:

Վազգեն Մանուկյան

Համազասպ Հարությունյանի մասին իր հուշերը ներկայացրեց Վազգեն Մանուկյանը, ով իր խոսքում նշեց, որ անձամբ է պատիվ ունեցել ճանաչել մեծ դիվանագետին և պետական գործչին, երբ ուսանում էր Մոսկվայում: Նա մասնավորապես նշեց, որ Համազասպ Հարությունյանի հարուստ փորձը և բեղուն գործունեությունը կարող են ուսանելի լինել ներկայիս երիտասարդության համար և հույս հայտնեց, որ նրա հիշողությունների վերաբերյալ գիրքն իր տեղը կգտնի միջազգային հարաբերությունների ուսումնասիրության համապատասխան ուսումնական ձեռնարկներում և հաստատություններում:

Գրքի հանրայնացման հարցերով զբաղվող Սերգո Երիցյանը շնորհակալություն հայտնեց արտաքին գործերի նախարարությանը և անձամբ նախարար Նալբանդյանին գրքի շնորհանդեսը կազմակերպելու համար: Նա խոսեց գրքի տպագրության, դրա գեղարվեստական և ակադեմիական նշանակության մասին՝ նշելով որ այն արժեքավոր ձեռնարկ է ինչպես դիվանագիտության, այնպես էլ հայագիտության բնագավառերում: Նշելով, որ ներկայիս գիրքը ներկայացնում է մեծ դիվանագետի գործունեության և հուշերի շատ չնչին մասը՝ պարոն Երիցյանը հույս հայնտեց, որ այն կունենա շարունակություն՝ միաժամանակ նշելով, որ իրականացվում են գրքի հայերեն թարգմանության աշխատանքները:

Տեղեկանք: Համազասպ Հարությունյանը ծնվել է 1902թ.: Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը, ապա Մինեսոտայի համալսարանի ասպիրանտուրան՝ ստանալով տնտեսագիտության դոկտորի աստիճան: 1930-1943 թվականներին աշխատել է ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտում։ 1943 թվականից անցել է դիվանագիտական աշխատանքի։ 1944-1954 թվականներին եղել է ԽՍՀՄ արտգործնախարարույթյան տնտեսական հարցերի բաժնի վարիչ, ԽՍՀՄ ներկայացուցիչ ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդում և ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովում, 1948-1953 թվականներին՝ ԽՍՀՄ արտգործնախարարության կոլեգիայի անդամ, 1954-1955 թվականներին՝ խորհրդական, 1955-1958 թվականներին՝ եվրոպական բաժնի վարիչ, ԽՍՀՄ ներկայացուցիչ՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության ադմինիստրատիվ խորհրդում, 1958-1963 թվականներին՝ ԽՍՀՄ դեսպան Կանադայում, 1963-1970 թվականներին՝ պատասխանատու աշխատող ԽՍՀՄ արտգործնախարարության կենտրոնական ապարատում։ Հարությունյանը մասնակցել է Թեհրանի, Ղրիմի, Պոտսդամի կոնֆերանսներին, Փարիզի խաղաղության կոնֆերանսին, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջաններին և միջազգային տարբեր համաժողովների։ Կյանքի վերջին տարիներին դասավանդել է Մոսկվայի պետական համալսարանում և Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում։

Համազասպ Հարությունյանը պարգևատրվել է ԽՍՀՄ պետական մի շարք բարձր և բարձրագույն պարգևներով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: